Այսօր՝ մայիսի 26-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք։ Հանրապետության հրապարակում իր ելույթում պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը հայտարարել է․
«Հանդիպումներ են անցկացրել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։
Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք՝ որ այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է»,- ասել է նա: Հանրահավաքում սկսել են վանկարկել՝ «սրբազան վարչապետ»։
Շարունակելով՝ Մելիքյանն ասել է․
«Կա հստակ համախոհություն մեր քաղաքական ուժերի և ժողովրդի մոտ, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պետք է լինի նաեւ վարչապետ: Մենք հասկանում ենք, որ սա արքեպիսկոպոսի համար ծանր որոշում է, քանի որ փոխում է նրա կյանքի ամբողջ ընթացքը։ Սա ծանր որոշում է, սակայն սա ծառայության մի մասն է։ Սա հոգևոր ծառայության ամենակարևոր մասն է, որ իր երկրին, իր հողին, իր ժողովրդին ծառայող մարդը կարող է իրականացնել»։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էլ հայտնել է, որ հոգևոր հանգամանքի հետ չի կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։
«Այդ պատճառով ես, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ իմ 30 ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել», – հայտարարեց նա։
Սրբազանը ևս մեկ անգամ դիմել է Հայաստանի վարչապետին՝ հրաժարականի պահանջով։
Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել՝ երկքաղաքացի է։ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում էլ նրա թեկնածությունը օրենքով չի կարող հաստատվել։ Ընդդիմության սցենարով դրան հնարավոր է հասնել հանրային ճնշմամբ։ Իշխանականները համոզված են՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, և որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն էլ մարել է։