Եվրամիությունը քննարկում է Վրաստանի հարցը

Եվրամիությունը քննարկում է Վրաստանի հարցը

Բրյուսելում տեղի է ունենում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստը, որը նախագահում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հանդիպմանը ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն «գործակալների օրենքի» պատճառով Վրաստանում ստեղծված հակասական իրավիճակը։

Հանդիպման մեկնարկից առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Բորելն ասել է, որ «սա կլինի առաջին դեպքը, երբ նախարարները կգնահատեն Վրաստանում տիրող իրավիճակը»։

«Հասկանալի է, որ (Վրաստանի-հեղ.) կառավարությունը շեղվում է եվրոպական ճանապարհից, և նախարարները պետք է որոշեն, թե ինչ կարելի է անել», — ասել է Բորելը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը պարզաբանել է՝ առաջին հարցը, որը կքննարկվի, լինելու է Վրաստանը։ Բերբոկը խոսել է «գործակալների մասին օրենքի» մասին՝ ասելով, որ իր համար «իրոք ցավալի է, որ Վրաստանի կառավարությունն արգելափակում է իր ժողովրդի, առաջին հերթին երիտասարդների՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն ունենալու այս մեծ երազանքը»: Նա կրկնել է՝ «գործակալների օրենքը» անհամատեղելի է եվրոպական արժեքներին:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը լրագրողներին ասել է՝ հույս ունի, որ «ԵՄ-ն հստակ ազդանշան կուղարկի, որ եթե օրենքը վերջնական տեսքով ընդունվի, Վրաստանն այլևս չի կարողանա շարունակել իր ճանապարհը դեպի ԵՄ»։

Ի դեպ, Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն այսօր՝ մայիսի 27-ին, աջակցել է «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոյի հաղթահարմանը։