Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերի խոսքով, քանի դեռ Վրաստանում կգործի «գործակալների օրենքը», Եվրամիությունը բանակցություններ չի սկսի Վրաստանի հետ եվրաինտեգրման նպատակով։ Դեսպանը դա հայտարարել է BM.ge լրատվամիջոցին տված հարցազրույցում:
Ֆիշերին հարցրել են, թե այժմ որտեղ է գտնվում Վրաստանը եվրաինտեգրման ճանապարհին, ինչին դեսպանը պատասխանել է, որ թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո հաջորդ քայլը պետք է լինի բանակցությունների սկսումը։
«Վրաստանը ԵՄ թեկնածու երկիր է: Սա հսկայական պատմական քայլ էր թե՛ ԵՄ-ի, թե՛ Վրաստանի համար: Հաջորդ քայլը պետք է լիներ անդամակցության բանակցությունների մեկնարկը, բոլոր երկրները պատրաստ են այդ բանակցություններին, բայց Վրաստանի կառավարությունն օրենք է ընդունել, որը չի համապատասխանում ԵՄ չափանիշներին, և քանի դեռ այդ օրենքը կգործի, մենք բանակցություններ չենք սկսի Վրաստանի հետ»։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին խորհրդարանը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն և իշխող «Վրացական երազանք» կուսակցության 84 պատգամավորների աջակցությամբ ընդունեց «գործակալների մասին» օրենքը։ aliq.ge