Միշել. Եվրոպական միությունը կանի ամենը՝ աջակցելու վրաց ժողովրդի եվրոպական նկրտումներին
Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերջնական ընդունումը «հետ քայլ է եւ Վրաստանին ավելի է հեռվացնում դեպի ԵՄ իր ճանապարհից»։ Այս մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում մայիսի 29-ին գրել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Շառլ Միշելը։
Նա հիշեցրել է, որ Եվրոպական խորհուրդը 2023 թվականի դեկտեմբերին որոշել է Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ՝ «այն ըմբռնումով, որ Վրաստանը ձեռնարկելու է համապատասխան քայլեր եւ անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումներ»։
«Վրաց ժողովուրդը հստակորեն ընտրել է ապագան ԵՄ-ում, եւ մենք կանենք ամեն ինչ՝ աջակցելու նրանց հավակնություններին», – գրել է Միշելը X-ում՝ հավելելով. «Այդ պատճառով ես Վրաստանի հարցը կներառեմ Եվրոպական խորհրդի հաջորդ նիստի օրակարգում»:
Օրենքի ընդունմանը X-ի իր միկրոբլոգում արձագանքել է նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը. «Վրաց ժողովուրդը մեծամասամբ ցանկանում է միանալ ԵՄ-ին։ Սակայն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հակասում է ԵՄ-ի հիմնական սկզբունքներին եւ արժեքներին՝ բացասաբար ազդելով Վրաստանի ԵՄ ուղու վրա»:
Նա նաեւ վկայակոչել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ հայտարարությունը, որում ասվում էր, որ ԵՄ-ն այժմ «դիտարկում է բոլոր տարբերակները», եւ կոչ էր արվում Վրաստանի կառավարությանը վերահաստատել իր ԵՄ ձգտումները։
ԵՄ-ն եւ դրա անդամ պետությունները քննարկում են «բոլոր տարբերակները»՝ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերջնական ընդունումից հետո։ Այս մասին մայիսի 28-ի երեկոյան հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ հայտարարության մեջ։
«Եվրոպական միությունը խորապես ափսոսում է, որ Վրաստանի խորհրդարանը որոշել է շրջանցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի վետոն եւ անտեսել Վենետիկի հանձնաժողովի մանրամասն իրավական փաստարկները, որոնց հիման վրա ներկայացվել էր այս օրենքը չեղյալ համարելու հստակ հանձնարարական։ ԵՄ-ն եւ նրա անդամ պետությունները դիտարկում են այս զարգացումներին արձագանքելու բոլոր տարբերակները»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն բազմիցս զգուշացրել է, որ օրենքը հակասում է ԵՄ հիմնական սկզբունքներին եւ արժեքներին։ «Դրա ուժի մեջ մտնելը հանգեցնում է ինը քայլերից առնվազն երեքի ուղղությամբ հետընթացի (ապատեղեկատվության դեմ պայքար, բեւեռացման հաղթահարում, հիմնարար իրավունքների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման ապահովում), որոնք ամրագրված են ԵՄ առաջնորդների կողմից երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ Հանձնաժողովի հանձնարարականում, եւ բացասաբար կազդի Վրաստանի ԵՄ ուղու վրա»։
Հայտարարությունում ավելացվում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքից զատ, «մինչօրս բավարար քաղաքական ուշադրություն չի դարձվել ինը քայլերի ուղղությամբ էական առաջընթացի հասնելու համար»:
ԵՄ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին հետ կանգնել այս որոշումից եւ հաստատակամորեն վերադառնալ դեպի ԵՄ ճանապարհ: «Դինամիկան փոխելու համար դեռ ժամանակ կա, սակայն դրա համար անհրաժեշտ է կառավարող ուժի վճռական հանձնառությունը»:
«Մենք շարունակում ենք աջակցել վրաց ժողովրդին եւ ընդունում ենք նրանց ճնշող մեծամասնության ընտրությունը՝ հանուն իրենց երկրի եվրոպական ապագայի»,– ասվում է Բորելի եւ Հանձնաժողովի հայտարարության մեջ:
Մայիսի 27-ին կայացած ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում ԵՄ արտգործնախարարները սկսել են քննարկել «ԵՄ-ի ամենահարմար արձագանքը», որը պետք է ընդունվի Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեպքում։ Այս մասին Խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նա հավելել է, որ որոշումները կընդունվեն Արտաքին հարաբերությունների խորհրդի հաջորդ նիստում, որը նախատեսված է հունիսի 24-ին։
Բորելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հետ կանչել օրենքը՝ համաձայն մայիսի 21-ին հրապարակված Վենետիկի հանձնաժողովի եզրակացության:
«Ես կցանկանայի, որ անդամ [պետությունները] պատրաստ լինեն որոշումներ ընդունել ամեն անգամ, երբ որեւէ բան չի համապատասխանում մեր արժեքներին, չի համապատասխանում միջազգային նորմերին, չի համապատասխանում եվրոպական ճանապարհին, ոչ միայն Վրաստանում, այլեւ՝ աշխարհում ամենուր»,- ասել է Բորելը։
Անդրադառնալով Վրաստանում կայանալիք ընտրություններին՝ Բորելն ասել է, որ «վրաց ժողովուրդը պետք է քվեարկի հանուն իր երկրի զարգացման հետագծի»։
«Կառավարության գործողություններն ի վերջո կարող են ազդել այն առավելությունների վրա, որոնք նրանք ստանում են ԵՄ ինտեգրման արդյունքում: Բայց ոչ մի որոշում չի ընդունվել»,- նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
Հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեին ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ իր հեռախոսազրույցի որոշակի հատված «ներկայացվել է համատեքստից դուրս»:
«Քաջատեղյակ լինելով վրաց հասարակության խիստ եվրոպամետ տրամադրություններին՝ իմ հեռախոսազրույցի ընթացքում անհրաժեշտություն զգացի հրավիրել վարչապետի ուշադրությունը առանց այն էլ փխրուն իրավիճակն այս օրենքի ընդունմամբ ավելի չբորբոքելու կարեւորության վրա, որը կարող է հանգեցնել հետագա բեւեռացման եւ Թբիլիսիի փողոցներում հնարավոր անվերահսկելի իրավիճակների»,- նշել է Վարհեին՝ հավելելով. «Այս առումով Սլովակիայում տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձությունը բերվեց որպես օրինակ եւ որպես հղում, թե ինչի կարող է հանգեցնել հասարակության մեջ բեւեռացվածության նման բարձր մակարդակը նույնիսկ Եվրոպայում»:
Նա հավելել է, որ Վրաստանի ներկայիս քաղաքական իրավիճակում ինքը «լուրջ ջանքեր է ներդնում՝ տարհամոզելու Վրաստանի քաղաքական ղեկավարությանը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից, որը կարող է խաթարել Վրաստանի ԵՄ ուղին»:
«Ես վերստին կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին չընդունել այս օրենքը»,-հավելել է նա։ «Ես դա խնդրում եմ նաեւ որպես Վրաստանի հայտնի եւ մինչ օրս հարգված բարեկամ»։
«Ես շարունակում եմ աջակցել հանուն եվրոպական ապագայի աշխատող վրացիներին»։
Մայիսի 22-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Վրաստանին կոչ է արել հետեւել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի` «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն իր ներկայիս տեսքով չեղարկելու «խիստ» հանձնարարականին։
Մայիսի 21-ին հրապարակված իր հրատապ եզրակացության մեջ Վենետիկի հանձնաժողովն նշում է, որ օրենքն ընդունվել է մի ընթացակարգով, որը «տեղ չի թողնում իրական քննարկումների եւ բովանդակալից խորհրդակցությունների համար՝ բացահայտորեն անտեսելով վրաց ժողովրդի մեծ հատվածի մտահոգությունները»:
Իր եզրակացության մեջ Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է, որ այս օրենքի «հիմնարար թերություններն էական բացասական հետեւանքներ կունենան միավորումներ կազմելու եւ խոսքի ազատության, գաղտնիության իրավունքի, հանրային գործերին մասնակցելու իրավունքի, ինչպես նաեւ խտրականության արգելքի վրա։ Ի վերջո, սա կազդի բաց, տեղեկացված հանրային բանավեճի, բազմակարծության եւ ժողովրդավարության վրա»:
Բորելը X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում հայտարարել է, որ Եվրոպական միությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հետեւել այս հանձնարարականին «Վրաստանի ժողովրդավարության հիմնարար տարրերը պաշտպանելու նպատակով»։
ԵՄ-ն եւ ՄԱԶԾ-ն վրաստանցի դպրոցականներին ներգրավում են Սեւ ծովում դելֆինների մոնիտորինգին
Վրաստանի Անակլիա, Բաթում, Բոբոկվատի, Գոնիո, Քոբուլեթ եւ Փոթի քաղաքների յոթ հանրակրթական դպրոցների ավագ դպրոցի աշակերտները մասնակցել են Սեւ ծովի Վրաստանի ափամերձ տարածքներում դելֆինների դիտարկմանը: 10 օրը մեկ նրանք դիտարկում եւ արձանագրում են դելֆինների առկայությունը տարբեր վայրերում, այդ թվում՝ Գոնիոյում եւ Փոթիում։
ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի աջակցությամբ մեկնարկած նրանց կրթական ուղին սկսվել է Բաթումի պետական համալսարանում անցկացվող սեմինարներով, որտեղ Սեւ ծովի երիտասարդ պաշտպանները սովորեցին ծովային կենսաբազմազանության, էկոհամակարգի համար հրատապ սպառնալիքների եւ դրա պահպանմանն ուղղված գործնական քայլերի մասին:
Այնուհետեւ առավել մոտիվացված ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցել դելֆինների մոնիտորինգին եւ դառնալ Սեւ ծովի հետազոտողներ: Առաջիկա ամիսներին նրանք կմասնակցեն տարբեր կրթական եւ բնապահպանական միջոցառումների, այդ թվում՝ «Մաքուր լողափի օրերին» եւ դեպի պահպանվող տարածքներ էքսկուրսիաներին:
Այս կրթական ճամփորդությունը կեզրափակվի հոկտեմբերին Բաթումում կայանալիք գալա հավաքով՝ որպես ամենամյա Սեւ ծովի օրվա մի մաս, որը համախմբում է շրջակա միջավայրի հետազոտողների, ակտիվիստների եւ երիտասարդների:
Եվրոպական միությունը եւ ՄԱԶԾ-ն այս կրթական նախաձեռնությունը կազմակերպել են Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության Ազգային բնապահպանական գործակալության հետ համագործակցությամբ: Այն կազմակերպվում է որպես ԵՄ/ՄԱԶԾ «Եվրոպական միությունը՝ Սեւ ծովում շրջակա միջավայրի մոնիտորինգի բարելավման համար» (EU4EMBLAS) տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը Վրաստանի եւ Ուկրաինայի կառավարությունների հետ համատեղ նախաձեռնություն է:
ՎԶԵԲ-ը վարկ է տրամադրում վրացական «Կրեդո Բանկ»-ին՝ տեղական փոքր բիզնեսին աջակցելու համար
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսավորման փաթեթ կտրամադրի «Կրեդո Բանկ»-ին՝ աջակցելու Վրաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացմանը։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 15-16-ը Երեւանում կայացած ՎԶԵԲ-ի 2024 թվականի տարեկան ժողովի շրջանակներում։
ՎԶԵԲ-ը կտրամադրի մինչեւ 10 մլն ԱՄՆ դոլարի (9,28 մլն եվրո) վարկ՝ տեղական ձեռնարկություններին վերավարկավորելու, նրանց ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու եւ մրցունակությունը բարձրացնելու համար, այդ թվում՝ երկրի տնտեսապես ավելի քիչ զարգացած շրջաններում:
«Կրեդո Բանկ»-ը կտրամադրի օտարերկրյա եւ տեղական արժույթներով ֆինանսավորում ամբողջ երկրում իր մասնաճյուղային ցանցի եւ թվային ալիքների միջոցով՝ շարունակելով աջակցել կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին եւ թերսպասարկվող այլ խմբերին:
Մինչ օրս ՎԶԵԲ-ն ավելի քան 5 միլիարդ եվրո է ներդրել Վրաստանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտների 296 նախագծերում: Այդ ներդրումների 83 տոկոսը կատարվել է մասնավոր հատվածում։
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ բիզնեսի համար․ Միավորելով ընկերություններին» նախագիծը տեքստիլ ոլորտում գործող եւ ԱլԳ տարածաշրջանի երկրներից մեկում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) հիմնված ՓՄՁ-ներին հրավիրում է մեկնել ԵՄ՝ իրենց բիզնես հնարավորությունները բարելավելու եւ միջազգային համագործակցությունը խթանելու հնգօրյա առաքելությամբ։
Ուսումնական ճամփորդությունը կազմակերպվում է MOMAD Madrid նորաձեւության միջազգային ցուցահանդեսին զուգահեռ, որը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 12-16-ը։
Ուղեւորության ընթացքում մասնակիցները որպես ցուցադրողներ ակտիվ մասնակցություն կունենան տոնավաճառին, կմասնակցեն ԵՄ-ում գործող ՓՄՁ-ների հետ B2B հանդիպումներին եւ կայցելեն համապատասխան տեղական բիզնեսներ: Մասնակցությունն անվճար է։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 16-ը։
Մեկնարկել է Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակի դիմումների ընդունումը. վերջնաժամկետը հունիսի 30-ն է
Մեկնարկել է լրագրության ոլորտում Եվրոպական միության առաջատար մրցանակի՝ Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակի դիմումների ընդունումը, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում գործող լրատվամիջոցների եւ լրագրողների համար։
Մրցանակը ճանաչման եւ հարգանքի է արժանացնում աշխարհի տարբեր երկրների լրագրողների աշխատանքը, ովքեր լույս են սփռում համաշխարհային ամենահրատապ մարտահրավերների վրա:
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է անհավասարության, աղքատության վերացման, կայուն զարգացման, շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, կլիմայական գործողությունների, թվայնացման, աշխատատեղերի եւ զբաղվածության, կրթության եւ հմտությունների զարգացման, միգրացիայի, առողջապահության, խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմնահարցերը լուսաբանող լրագրողներին ներկայացնել առցանց դիմում։
Լրագրողները կարող են ներկայացնել գրավոր, տեսաձայնային կամ մուլտիմեդիա ձեւաչափով հայտ՝ նշված անվանակարգերից մեկով.
Հայտերը կարելի է ներկայացնել ցանկացած լեզվով նյութի/ռեպորտաժի համար, սակայն դրանք պետք է ուղեկցվեն մրցութային լեզուներից մեկով թարգմանությամբ՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն կամ պորտուգալերեն:
Յուրաքանչյուր հաղթող կստանա 10,000 եվրո: «Լավագույն սկսնակ լրագրող» անվանակարգի հաղթողին կառաջարկվի նաեւ մեդիա գործընկերոջ հետ աշխատանքային հնարավորություն:
Հաղթողների անունները կհայտարարվեն 2024 թվականին Բրյուսելում կայանալիք Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակաբաշխության ժամանակ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 30-ը։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։