Այն շրջանները, ինչպիսին Սամցխե-Ջավախքն է, որտեղ գյուղատնտեսությունը եկամտի հիմնական աղբյուրն է, և որտեղ բնակչության զգալի մասը ստիպված է լինում մեկնել Ռուսաստան սեզոնային աշխատանքի՝ ընտանիքը պահելու համար, վերջերս լուրջ խնդրի առաջ է կանգնել։
Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ռուսական ռուբլու արժեզրկումը զգալիորեն նվազեցրեց սեզոնային միգրանտների եկամուտները։
Շողիկ Մնոյանն ապրում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղում։ Նա տնային տնտեսուհի է։ Երկար տարիներ նրա ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը Ռուսաստանում վաստակն էր, որտեղ աշխատում էր որդին։ Սակայն ռուսական ռուբլու արժեզրկումից հետո նրա որդին այլեւս չի գնում Ռուսաստան աշխատելու։
«Նախկինում ռուսական 1000 ռուբլին արժեր մինչև 50 լարի, իսկ հիմա՝ 28 լարի։ Այսօր նույնիսկ մեկ կիլոգրամ չեչիլ պանիրը ավելի թանկ արժե, քան ռուսական ռուբլին»,- ասում է Շողիկը NOR ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նրա որդին չի նախատեսում ապագայում մեկնել Ռուսաստան և փորձում է աշխատանք գտնել Ջավախքում։
Այնուամենայնիվ, Նինոծմինդայի բնակիչների համար հեշտ չէ աշխատանք գտնել իրենց հայրենի շրջանում: Գյուղատնտեսությունը տարածաշրջանի առաջատար զբաղմունքն է, սակայն եկամուտը ցածր է։ Ելնելով դրանից՝ աշխատանքային միգրացիայից ստացված եկամտի նվազումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում տեղի բնակչության համար։
Նինոծմինդայի բնակիչների հիմնական խնդիրներից է աշխատանքի սահմանափակ հնարավորությունները։ Ի տարբերություն խոշոր քաղաքների, այստեղ` մունիցիպալիտետում, թափուր աշխատատեղերի թիվը սահմանափակ է։
Պարզելու համար, թե ինչ են մտածում Նինոծմինդայի բնակչները աշխատաշուկայում առկա խնդիրների մասին, NOR ռադիոկայանը հարցում է անցկացրել։ Հարցվածների մեծ մասը կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը դրամատիկ ազդեցություն է ունեցել աշխատաշուկայի վրա։ Մասնավորապես, նվազել է աշխատանքային միգրացիան դեպի Ռուսաստան։ Դրա հիմնական պատճառը ռուսական ռուբլու արժեզրկումն է։ Ըստ նրանց, եթե նախկինում Ռուսաստանում աշխատող մարդն ամսական միջինը վաստակում էր 100 000 ռուբլի, և այս գումարը բավարարում էր տանը մնացած ընտանիքին կերակրելու համար, ապա այսօր 100 000 ռուբլու գնողունակությունը շատ ավելի ցածր է, և այդ գումարով այլևս հնարավոր չէ ամբողջ ընտանիքի հիմնական կարիքները բավարարելու համար:
Էմիլ Ստեփանյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի բնակիչ է։ Նա, ինչպես և իր համագյուղացիներից շատերը, երկար տարիներ սեզոնային աշխատանք է կատարել Ռուսաստանում։ Սակայն վերջին երկու տարիների ընթացքում Էմիլը չի մեկնել արտագնա աշխատանքի։
«Ռուս-ուկրաինական պատերազմը բացասաբար է ազդել ոչ միայն ռուբլու փոխարժեքի, այլև արդյունաբերության տարբեր ճյուղերի վրա»,– ասում է Էմիլը, ով այլևս իմաստ չի տեսնում արտագնա աշխատանքի մեկնելու մեջ։
Էմիլին հաջողվել է աշխատանք գտնել տեղում: Նա շինարար է և աշխատում է Նինոծմինդայում։ Սակայն Էմիլը նշում է, որ շինարարական աշխատանքների ավարտից ու նախագծի իրականացումից հետո, հավանաբար, գործազուրկ կմնա։ Քանի որ տեղում աշխատանք գտնելը շատ դժվար է: «Շինարարության ոլորտում աշխատանքն անկայուն է, բայց այլընտրանք չկա, պետք է աշխատեմ, որ օգնեմ ընտանիքիս»,- ասաց Ստեփանյանը։
Նինոծմինդայի բնակչության համար մեկ այլ սահմանափակող գործոն է պետական լեզվի չիմացությունն ու լեզվական արգելքը։ «Եթե աշխատում եք պետական հիմնարկում, լեզվի իմացությունը կարևոր է, և մենք անընդհատ բախվում ենք այս խնդրին, ինչը դժվարացնում է աշխատանք գտնելը։ Բայց եթե աշխատում ես ոչ կառավարական հաստատությունում կամ ինքնազբաղված ես, վրացերենի չիմացությունը մեծ խոչընդոտ չէ»,- ասում է Էմիլը:
Աշխատաշուկայի տատանումների պատճառով Նինոծմինդայի բնակչության զգալի մասն այսօր դժվարությունների առաջ է կանգնել։ Որոշ մարդիկ, ովքեր ծրագրել էին մեկնել Ռուսաստան, փոխել են իրենց որոշումը և մնացել են իրենց հայրենիքում։ Ռուսաստանում աշխատողները մտածում են Վրաստան վերադառնալու մասին։ Նրանք, ովքեր մնում են Նինոծմինդայում կամ վերադառնում Ռուսաստանից, դիտարկում են երկու այլընտրանք՝ աշխատանք գտնել կամ տարածաշրջանում, կամ մտածել Եվրոպա արտագնա աշպատանքի մեկնելու մասին: Այնուամենայնիվ, երկու տարբերակներն էլ ունեն բազմաթիվ դժվարություններ: