Վերամշակող գործարաններ և աղբակեզ վառարաններ. ինչպես է իրականացվում Պլանը Վրաստանում

Վերամշակող գործարաններ և աղբակեզ վառարաններ. ինչպես է իրականացվում Պլանը Վրաստանում

Մինչև 2026 թվականը, Թափոնների կառավարման ազգային գործողության պլանի համաձայն, Վրաստանում պետք է փակվեն բոլոր հին աղբավայրերն ու վերբեռնման կայանները, կառուցվեն աղբի վերամշակման և աղբակեզ գործարաններ։ Չնայած այն հանգամանքին, որ Պլանի ծրագրի մեկնարկից անցել է երկու տարի, և շոշափելի արդյունքներ չեն զգացվում, փորձագետները նշում են, որ նախապատրաստական աշխատանքներ տարվում են։

Մինչեւ 2026 թվականը Վրաստանի բոլոր աղբավայրերն ու վերբեռնման կայանները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, բոլոր բնակավայրերում պետք է ներդրվի աղբահանության նոր ծառայություն, իրականացվի աղբի տեսակավորում։ 2022-2026 թվականների գործողությունների ազգային պլանի հիման վրա, մունիցիպալիտետները ևս մշակել են իրենց գործողությունների ծրագիրը, որը բխում է ազգայինից: Համաձայն մունիցիպալ պլանի, աղբի տեսակավորումն արդեն պետք է սկսված լիներ առնվազն մի քանի գյուղերում և քաղաքում, սակայն այն դեռ չի արվում։

Jnews-ը զրուցեց շրջակա միջավայրի պաշտպանության փորձագետ Լալի Մաչաիձեի հետ այն մասին, թե ինչպես է ընթանում Թափոնների կառավարման ազգային պլանի իրագործման գործընթացը Վրաստանում և արդյոք այն ամենը, ինչ նախատեսված է պլանով, մինչև 2026 թվականը կիրականացվի։ Նրա խոսքով, ներկայումս Վրաստանում թափոնների վերամշակման գործարաններ չկան, սակայն մոտ ապագայում պետք է լինեն: Առայժմ ընթանում են միայն նախապատրաստական աշխատանքներ՝ պայմանագրերի կնքում, վայրերի ընտրում, որտեղ տեղակայվելու են այդ գործարանները։

Առաջին հերթին աղբի վերամշակման գործարաններ կկառուցվեն Թբիլիսիում, ապա Արեւմտյան Վրաստանում, Քութայիսիում կամ Բաթումիում, իսկ դրանից հետո կբացվեն արդեն շրջաններում։

«Այս պահին մեր երկրում բացվում են տեսակավորման կետեր։ Թափոնների տեսակավորումը նշանակում է, որ ապակին հավաքվում է առանձին, թուղթն առանձին, պլաստիկն առանձին, և միայն կոմպոստացվող թափոնները կտեղափոխվեն աղբավայր: Գործողությունների այս պլանի շրջանակներում նախատեսվում է նաև աղբակեզ վառարանների (խմբ. թափոնների այրման գործարաններ) կառուցում»,- ասում է Լալի Մաչաիձեն։

Չնայած այն հանգամանքին, որ թափոնների կառավարման հարցում էական փոփոխություններ չկան, Լալի Մաչաիձեն կարծում է, որ չի կարելի ասել, որ մինչև 2026 թվականը Գործողությունների ծրագրի ակտիվությունները չեն հասցնի իրականացնել։

«Մենք այսօր իրավունք չունենք ասելու, որ չեն հասցնի իրականացնել Գործողությունների ծրագրով նախատեսված ակտիվությունները, քանի որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են։ Գործողությունների ծրագիրն ընդունված է, միգուցե ինչ-որ բան մինչև վերջ չհասցնեն իրականացնել և դա նախատեսվի հաջորդ ռազմավարական ծրագրով»,- ասում է Լալի Մաչայիձեն։

Թափոնների կառավարման գործողությունների ծրագրի իրականացման համար պատասխանատու են Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը, Տարածաշրջանային զարգացման նախարարությունը, և, ինչպես փորձագետն է նշում, ամբողջ կառավարությունը լծված է այս գործին, որպեսզի գործողությունների պլանը ու ռազմավարությունը կյանքի կոչվեն։

Թափոնների կառավարման օրենսգրքի համաձայն, թափոնների կառավարումը ներառում է հետևյալ ասպեկտները՝ թափոնների հավաքում, ժամանակավոր պահեստավորում, նախնական մշակում, փոխադրում, ուտիլացում և թաղում: Թափոնների կառավարումը պետք է իրականացվի առանց շրջակա միջավայրի կամ մարդու առողջությանը վտանգ հասցնելու: