Պաշտոնական Մոսկվան Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը «լրատվամիջոցների կողմից շրջանառվող կեղծ տեղեկատվություն է» որակում, գրել է վրաստանյան radiotavisupleba լրավամիջոցը:
Ըստ լրատվամիջոցի՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) նաև նշել են՝ «իմաստ չեն տեսնում մեկնաբանել ընդդիմադիր ռեսուրսների կողմից շրջանառվող միտումնավոր սուտ տեղեկատվությունը»։
Խոսքը վերաբերում է վրացական ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության այն տեղեկատվությանը, որ Վրաստանն ու Ռուսաստանը հնարավոր է աշխատեն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վրա։
«Մտավարի արխի»-ից հետո դիվանագիտական հարաբերությունների հնարավոր վերականգնման մասին տեղեկությունը հաստատել են Telegram-ի BRIEF ալիքի աղբյուրները։ «Մոսկվայում և Թբիլիսիում Վրաստանի և Ռուսաստանի դեսպանատների բացումը ժամանակի հարց է»,- BRIEF-ին ասել է Անդրկովկասյան երկրի մի դիվանագետ:
Ուշագրավ է, որ Վրաստանի ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել այս հարցը։
Նշենք, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին խոսում են Վրաստանում ռուսամետ քաղաքական գործիչները, ինչպես նաև Ռուսաստանի Կրեմլին մոտ վրացական սփյուռքի ներկայացուցիչները։
Մայիսին Մոսկվայում կայացած ռուս-վրացական գործարար խորհրդի հերթական նիստին, որը ստեղծված է Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի (ТПП) նախաձեռնությամբ, առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն հույս է հայտնել, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունները կակտիվացնեն աշխատանքը Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։
Նշենք նաև, որ չնայած Վրաստանի բնակչության 80 տոկոսից ավելին ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, և Վրաստանի եվրաատլանտյան ընտանիքի անդամ դառնալը ամրագրված է Վրաստանի Սահմանադրությամբ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը» վերջին շրջանում հակաարևմտյան նարատիվներ է շրջանառում, ընդունում հակաժողովրդավարական օրենքներ, որոնց դեմ Վրաստանի քաղհասարակությունը բազմահազարանոց ցույցեր է անցկացնում: aliq.ge