Պետական ծրագրի շրջանակում Նինոծմինդա քաղաքը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ։
Նինոծմինդայի բնակիչներին հուզում են հարցեր՝ որքա՞ն կարժենա նոր ջրագիծ միացնելը։ Որքա՞ն է լինելու ջրի սպառման սակագինը. Հաշվիչների տեղադրման համար ծախս կա՞: Հին ջրագիծը կփակվի՞…
Նինոծմինդայի բնակիչների հարցերին պատասխանելու համար Ռադիո NOR-ը զրուցել է բնակիչների, ինչպես նաև «Գզա» ընկերության ղեկավարի հետ, որը զբաղվում է նոր ջրամատակարարման համակարգի կառուցմամբ։
Սպանդարյան փողոցի բնակիչ Արտավազդ Կարապետյանը Ռադիո NOR-ի հետ զրույցում ասաց.
«Ընկերությունը լավ է աշխատում, բայց ջուրը բակ բերելն ու միացնելը մեզ համար թանկ կարժենա։ Ոմանք հացի փող չունեն, և տրակտորների աշխատանքի համար էլ պիտի վճարեն՞։ Իմ կարծիքով, դատարկ ստամոքսին 24/7 ջրամատակարարումը ոչ մեկին պետք չէ, եթե պետք է մեծ գումարներ ծախսեն»։
Բնակչի տան ջրագծի անցկացում Պուշկին փողոցում
Այս փուլում ջրամատակարարման համակարգի հետ կապված աշխատանքներն իրականացնում է «Գզա» ընկերությունը։ Ընկերության ղեկավար Թեմուր Դավիթաձեի խոսքով՝ նոր ջրամատակարարման համար բնակչությունը կարիք չունի վճարելու.
«Բնակիչների համար մինչև բակ ջրամատակարարման աշխատանքներն անվճար են, և նրանք ոչ մի բանի համար չպետք է վճարեն՝ ո՛չ խողովակների, ո՛չ էլ հաշվիչներ տեղադրելու։ Ինչ վերաբերում է նոր ջրամատակարարման գծի միացմանը, ապա այս հարցում բնակիչներին կօգնի Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղը։ Յուրաքանչյուր ընտանիքում պետք է նոր գիծ լինի: Սակագինը կարժենա 50 թեթրի մեկ տոննա օգտագործվող ջրի համար»։
Առավել մանրամասները աուդիո նյութում՝
Հարկ է նշել, որ ջրամատակարարման նոր համակարգը գործարկելիս հին համակարգը պետք է անջատված լինի։ Բնակիչները կստանան 24/7 բարձր ճնշման նոր ջրամատակարարում և այլևս կարիք չեն ունենա պոմպեր օգտագործելու։ Ռադիո NOR-ը հետևում է աշխատանքների ընթացքին և լրացուցիչ մանրամասներ կներկայացնի հետագա նյութերում։