Քաղաքացիական կրթության ճամբար Վրաստանի Գուրիայի շրջանում ապրող կանանց համար
Վրաստանի Գուրիայի շրջանում ապրող եւ տեղական մակարդակով սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելու մոտիվացիա ունեցող 18-ից 55 տարեկան կանայք հրավիրվում են մասնակցելու Քաղաքացիական կրթության ճամբարին:
Ճամբարը կանցկացվի 2024 թվականի հուլիսի 1-10-ը Բուլաչաուրիի կանաչ կենտրոնում։
Այն կազմակերպվում է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Կանաչ Գուրիա. Աջակցություն տեղական ժողովրդավարությանը եւ գյուղական զարգացմանը հանուն ներառական եւ կայուն կանաչ աճի» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) կողմից։ Դա հասարակական կազմակերպություն է, որն աշխատում է շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ՝ խթանելով կայուն զարգացումը ողջ Հարավային Կովկասում: Ճամբարը կանցկացվի գործընկեր կազմակերպությունների՝ Երիտասարդ մանկավարժների միության, Ժողովրդավարության ինստիտուտի եւ Կեդայի ու Գուրիայի տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) հետ համատեղ:
Քաղաքացիական կրթության ճամբարը նպատակ ունի աջակցել Գուրիայի տարածաշրջանի կանանց՝ հաղթահարելու տնտեսական մարտահրավերները եւ բարելավելու նրանց կենսապայմանները: Մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվել թեմատիկ դասախոսություններին եւ մշակել նախագծեր՝ ուղղված իրենց համայնքում առկա խնդիրների վերհանմանը եւ լուծմանը: Ծրագրի հաջողված գաղափարները կստանան ֆինանսավորում իրականացման համար:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 18-ը։ Դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտի ձեւը՝ վրացերենով։
Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան ավարտել են միջսահմանային էլեկտրոնային նույնականացման պիլոտավորումը
ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Digital» ծրագիրը մայիսի 31-ին հայտարարել է, որ Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան հաջողությամբ փորձարկել են օտարերկրյա էլեկտրոնային ծառայություններին միացումը՝ օգտագործելով իրենց ազգային էլեկտրոնային նույնականացուցիչները (eID): Փորձարկումն անց է կացվել Արեւելյան գործընկերության երկրների միջեւ միջսահմանային էլեկտրոնային նույնականացման (eID) ուղղությամբ EU4Digital-ի պիլոտային գործողությունների շրջանակում:
Պիլոտային ծրագիրը նպատակ ունի բարելավել միջսահմանային էլեկտրոնային նույնականացման հարցում Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի պետական մարմինների տեխնիկական համատեղելիությունը:
Ծրագրային ապահովումը, որը ստացել է eIDAS-Node անվանումը, ներկայումս Եվրոպական միության անդամ պետություններին հնարավորություն է տալիս կենտրոնացված կամ բաշխված ձեւով հաղորդակցվել իրենց գործընկերների հետ՝ միջսահմանային նույնականացման համար: ԵՄ-ի նորացված EUDI կանոնակարգը, որը նախկինում հայտնի էր որպես eIDAS կանոնակարգ, դյուրացնում է անվտանգ միջսահմանային գործառնությունները եւ ուղղված է ԵՄ-ի ներսում անխափան թվային ծառայությունների խթանմանը։
Միջսահմանային էլեկտրոնային նույնականացման պիլոտավորման ընթացքում թեստավորումն ավարտվել է հետեւյալ երկրների զույգերի կողմից՝ Հայաստան եւ Վրաստան, Հայաստան եւ Մոլդովա, Վրաստան եւ Մոլդովա։ Պիլոտային ծրագիրն իրականացվել է ԵՄ մոդելով, սակայն փոփոխվել է՝ տեղական կարիքներին եւ հնարավորություններին համապատասխանելու համար:
Եվրոպական հանձնաժողովը եւ «Եվրոպա Նոստրա»-ն մայիսի 30-ին հայտարարել են 2024թ. Եվրոպական ժառանգության` Եվրոպա Նոստրայի մրցանակների թեկնածուների անունները, որոնք շնորհվում են Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) ծրագրի համաֆինանսավորմամբ: Այս տարի Եվրոպայի ժառանգության ամենահեղինակավոր մրցանակները շնորհվում են աշխարհամասի 18 երկրների 26 ականավոր հաղթողների, այդ թվում՝ Վրաստանից։
Եվրոպական ժառանգության Եվրոպա Նոստրա մրցանակները Եվրոպական հանձնաժողովի կողմից շնորհվում են 2002 թվականից, եւ այդ ժամանակվանից մրցույթը կառավարվում է Եվրոպա Նոստրայի կողմից: Մրցանակաբաշխությունը բացահայտում եւ խրախուսում է նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման եւ ընդլայնման լավագույն պրակտիկաները, խթանում է գիտելիքների անդրսահմանային փոխանակումը ողջ Եվրոպայում, բարձրացնում է Եվրոպայի մշակութային ժառանգության վերաբերյալ հանրային իրազեկությունն ու գնահատումը եւ խրախուսում հետագա հիանալի նախաձեռնությունները օրինակի ուժի միջոցով:
«Քաղաքացիների կողմից Ցիսկարաուլի աշտարակի վերականգնում» (Ախիելի, Վրաստան) նախագիծը «Քաղաքացիների ներգրավվածություն եւ իրազեկման բարձրացում» անվանակարգում յոթ հաղթողների թվում է:
Երեք տարվա ընթացքում Վրաստանի եւ օտարերկրյա 46 քաղաքացիներ տեխնիկական փորձագետների եւ արհեստավորների կողքին աշխատել են Ցիսկարաուլի աշտարակի վերականգնման համար: Ծրագիրը մեծ ուշադրություն է դարձրել հեռավոր Խեւսուրեթի համայնքին եւ բարձրացրել վրացական ժառանգության արժեքի մասին իրազեկությունը եվրոպական ժառանգության համատեքստում:
Մշակութային ժառանգության աջակիցներն եւ նվիրյալներն այժմ կարող են մասնակցել առցանց քվեարկությանը եւ որոշել «Հանրության համակրանք» անվանակարգում 2024 թվականի մրցանակակրին: Դուք կարող եք ձեր ձայնը տալ մինչեւ սեպտեմբերի 22-ը:
Հաղթողները կպարգեւատրվեն ս.թ. հոկտեմբերի 7-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի ամենահեղինակավոր համերգասրահում կայանալիք «Եվրոպական ժառանգության մրցանակ 2024» մրցանակաբաշխության ժամանակ: Գրան պրիի դափնեկիրները եւ հանրության համակրանքին արժանացած մրցանակակիրը կստանան 10,000-ական եվրո:
Մրցանակաբաշխության 2025 թվականի մրցույթի հայտը կբացվի 2024 թվականի աշնանը:
Ասա՛ քո խոսքը «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մասին
Եվրոպական հանձնաժողովը կարծիքներ հավաքելու նպատակով սկսել է հանրային խորհրդակցություն՝ ի լրումն այն կազմակերպությունների եւ անհատների, որոնք անմիջականորեն ներգրավված են «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) ծրագրում կամ օգտվում են դրանից: Արեւելյան գործընկերության երկրներից ծրագրի տարբեր ուղղություններին մասնակցում են Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան։
Այս խորհրդակցության արդյունքները այլ տվյալների հետ միասին կօգտագործվեն՝ տեղեկացնելու «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի 2014-2020 թվականների ընթացիկ վերջնական անկախ գնահատման եւ ծրագրի 2021-2027 թվականների գործունեության միջանկյալ գնահատման նկատառումներով։
Հավաքականորեն դրանք կներառվեն Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրոպական խորհրդարանին եւ Եվրոպական միության խորհրդին ներկայացվող զեկույցում։
Գնահատումը Եվրոպական հանձնաժողովին կօգնի նաեւ կողմնորոշվել «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի ապագայի վերաբերյալ:
Խորհրդակցությունը բաց է մինչեւ սեպտեմբերի 6-ը։
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Women in Tech» ծրագրի շրջանակներում Վիլնյուսի Եվրոպական հումանիտար համալսարանի Գենդերային հետազոտությունների կենտրոնը կազմակերպում է «(Ան)երջանկության խոստու՞մ. գենդեր, աշխատանք եւ միգրացիա» խորագրով համաժողով։ Այն կանցկացվի սեպտեմբերի 17-18-ը Վիլնյուսում՝ հիբրիդային ձեւաչափով։
Այս համաժողովը շարունակությունն է մի շարք միջոցառումների, որոնք նվիրված են կանանց եւ տեխնոլոգիաների հանդիպման կետում աշխատանքի տարբեր ասպեկտներին («Women In Tech» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում): Համաժողովի առանցքներից է կանանց ՏՏ ոլորտը եւ միգրացիայի համատեքստում դրա աշխատաշուկայի անդրազգայնացումը:
Ավելի լայն համատեքստում մասնակիցները կքննարկեն կանանց միգրացիայի խնդիրները պատերազմների, հումանիտար ճգնաժամերի եւ քաղաքական ցնցումների պայմաններում, միգրացիայի ազդեցությունը կանանց մասնագիտական ինքնության, կարիերայի հետագծի եւ աշխատանքային պայմանների վրա եւ այլն:
Միջոցառմանը մասնակցելու համար ծրագիրը հրավիրում է տարբեր ոլորտների գիտնականների (գենդերային ուսումնասիրություններ, սոցիոլոգիա, պատմություն, մարդաբանություն, մշակութաբանություն, իրավունք, մեդիագիտություն, արվեստ եւ այլն)՝ տարբեր տեսական հայացքներով եւ միջդիսցիպլինար մոտեցումներով:
Համաժողովին մասնակցությունն անվճար է: Մասնակիցները պետք է հոգան դեպի Վիլնյուս եւ հակառակ ուղղությամբ ճանապարհորդության, ինչպես նաեւ այնտեղ կեցության ծախսերը։ Այնուամենայնիվ, կազմակերպիչները կարող են ֆինանսական աջակցություն տրամադրել Բելառուսից, Ուկրաինայից եւ Արեւելաեվրոպական տարածաշրջանի այլ երկրներից մասնակիցներին՝ փոխհատուցելով դեպի Վիլնյուս եւ հակառակ ուղղությամբ ճանապարհածախսը (մինչեւ 300 եվրո), ինչպես նաեւ ապահովելով Վիլնյուսում կացությունը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է։
ԵՀՀ Գենդերային հետազոտությունների կենտրոնի կողմից մեկնարկած եւ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Women in Tech» ենթակառուցվածքային կրթական եւ հետազոտական ծրագրի նպատակն է աջակցել կանանց ՏՏ ոլորտում, խթանել հետազոտությունները տեխնոլոգիայի եւ ֆեմինիզմի հատման կետում եւ խթանել գենդերային հավասարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Կրթության միջոցով կամուրջների կառուցում Արեւելյան գործընկերության տարածաշրջանում
Այս շաբաթ Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF/ԵԿՀ) եւ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) կողմից պաշտոնապես մեկնարկել է «Արեւելյան գործընկերության տարածաշրջանում կրթության բարեփոխումներին եւ հմտություններին աջակցություն» նոր ծրագիրը:
Ծրագրի մեկնարկը տեղի է ունեցել Թուրինում կայացած եռօրյա միջոցառման շրջանակում, որը կենտրոնացած էր «հավասարը՝ հավասարին» ուսուցման (peer-learning) եւ ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման վրա:
Միջոցառումն ընդգծել է կրթության ոլորտի տարբեր դերակատարների միջեւ համագործակցության եւ գործընկերության կարեւորությունը ազգային մակարդակում բարեփոխումների ուղղությամբ կոնկրետ արդյունքների հասնելու համար:
«Այս միջոցառումը ոչ միայն նվիրված է Արեւելյան գործընկերության տարածաշրջանում այս փոխակերպող նախաձեռնության մեկնարկին, այլեւ նշանավորում է բոլոր դերակատարների կողմից կրթության եւ հմտությունների զարգացման համապարփակ հանձնառությունը: Ի դեմս ETF-ի՝ մենք ճանաչում ենք յուրաքանչյուր գործընկեր երկրի եզակի կարիքները եւ պաշտպանում բազմաթիվ մոտեցումներ՝ հարմարեցված նրանց կոնկրետ համատեքստերին»,- նշել է ETF-ի տնօրեն Պիլվի Տորստին։
«Կրթությունը բարգավաճ հասարակություններ կառուցելու հիմնաքարն է, եւ համատեղ ջանքերի եւ նորարար գաղափարների միջոցով մենք նպատակ ունենք ստեղծել կրթական համակարգ, որը հզորացնում է անհատներին եւ նպաստում ավելի լավ ապագային բոլորի համար», – հավելել է նա:
Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում իրականացվող ծրագիրը ԵՄ առաջին նախաձեռնությունն է, որ կենտրոնացած է տարածաշրջանում կրթության վրա։ 2024–26 թվականների համար իր 2,5 միլիոն եվրո բյուջեով այն նպատակ ունի ազդեցություն ունենալ երկու հիմնական մակարդակներում:
Նախ, այն կենտրոնանում է կրթական համակարգերի կառավարման բարելավման վրա՝ նախադպրոցականից մինչեւ բարձրագույն, ներառյալ մասնագիտական եւ մեծահասակների կրթությունը: Սա կապված է կրթության ոլորտում ապացույցների վրա հիմնված պլանավորման, կառավարման եւ կատարողականի մոնիտորինգի կարողությունների հզորացման նպատակի հետ: Երկրորդ, այն նպատակ ունի տեղեկացնել ԵՄ-ին քաղաքական երկխոսության եւ ԵՄ աջակցության երկկողմ ծրագրավորման առաջնահերթ կարիքների եւ խնդիրների մասին:
ETF-ի Մարդկային կապիտալի զարգացման փորձագետ Իվոնա Գանկոն ընդգծել է նախաձեռնության հիմքում ընկած համատեղ ջանքերը. «Սա ոչ միայն ԵՄ անդամ երկրների, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Լեհաստանը եւ Ֆինլանդիան, փորձով կիսվելու, այլ նաեւ տարածաշրջանում միմյանցից սովորելու մասին է: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում տեղում, եթե ցանկանում ենք արդյունավետ նախագծել բարեփոխումները եւ աջակցել շահագրգիռ կողմերին դրանց իրականացման ընթացքում»:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։