Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հունիսի 16-ին տեղացած կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք է վնասվել ու 10-ից ավելի մեքենա: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմում է գյուղի վարչական ղեկավար Էմիլ Գրիգորյանը՝ նշելով, որ խոսքը միայն խոշոր վնասների մասին է:
Գյուղապետի խոսքով ձվի խոշորությամբ կարկուտը դադարներով գրեթե երկու ժամ տեղացել է: Անդրադառնալով կարկուտի գյուղատնտեսական հետևանքներին նշում է.
«Գյուղում մեծ այգիներ չկան, տնամերձ այգիների բերքն է վնասվել: Ցորենի դաշտեր ունեինք, կարկուտից վնասվել են, բայց դեռ չի հաջողվել գնալ, տեսնել, թե ի՞նչ չափի վնասի մասին է խոսքը: Այսօր դեռևս գյուղում ենք շրջում՝ վնասներին ծանոթանում: Համայնքապետարան ենք եկել ՝ տեսնենք ինչ է լինելու»:
Էմիլ Գրիգորյանի խոսքով, գյուղում հակակարկտային կայան չկա. «Դաշտերն այդքան մեծ չեն, այդ պատճառով էլ կայան չկա»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հունիսի 16-ին ձվի խոշորությամբ կարկուտ է տեղացել: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում կարկուտից լուսանկար էր հրապարել։