Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհի` Սաթխայի խաչմերուկի հատվածում, կրկին փոսեր են գոյացել։ Ճանապարհի հատվածը վերանորոգվել է հունիսի սկզբին, սակայն այսօր խաչմերուկում կրկին փոսեր են։
Փոսալցման աշխատանքները սկսվել են մայիսի 17-ին և շարունակվում են արդեն մեկ ամսից ավելի։ Քաղաքի բոլոր ասֆալտապատ փողոցները, որտեղ փոսերի հետ կապված խնդիրներ կային, ենթակա էին վերանորոգման։ Կենտրոնական ճանապարհի փոսերը լցնելը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի պարտականությունն է։
Նինոծմինդա քաղաքի բնակիչներն ու վարորդները դժգոհում են կատարված աշխատանքներից և նշում, որ Սաթխայի խաչմերուկը, քաղաքի վերանորոգված ճանապարհների մյուս հատվածների համեմատ, վատ է վերանորոգվել և կարիք ունի վերանորոգման։ Անորակ վերանորոգման արդյունքում փոքր փոսերը ժամանակի ընթացքում մեծանում են տրամագծով և խորությամբ՝ վերադարձնելով խաչմերուկը նախկին անմխիթար տեսքին և խաթարում են տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:
NOR-ի տեղեկություններով՝ քաղաքի մուտքից (Ախալքալաքի կողմից) մինչև Սաթխայի խաչմերուկ փոսային աշխատանքներն իրականացրել է Ջավախավտոգզա ընկերությունը, իսկ Սաթխայի խաչմերուկից մինչև Հայաստանի սահմանը՝ Արալի ընկերությունը։
Radio NOR-ը կրկին կապ կհաստատի Ճանապարհների դեպարտամենտի հետ և կլուսաբանի հետագա նյութերում: