Փոփոխություններ են ներառվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության կողմից պատրաստված փոփոխությունների փաթեթն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունել է Վրաստանի խորհրդարանը։ Էկոնոմիկայի փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին նշում է, որ օրենսդրական փոփոխությունները ծառայում են երկու հիմնական նպատակի:
«2019 թվականի հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակի» բարեփոխումը։ Օրենսդրական փոփոխությունները ծառայում են երկու հիմնական նպատակի` Կենսաթոշակային գործակալության միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման համակարգի ստեղծմանը և համարժեք, արդյունավետ վերահսկողության իրականացմանը:
Այս փոփոխությունների նպատակը կենսաթոշակային ֆոնդի կառավարման համակարգի հետագա կատարելագործումն է, այդ թվում՝ կառավարման ոլորտում մասնագիտական բաղադրիչի ուժեղացմամբ՝ պորտֆելներում մոբիլիզացված կապիտալի ավելացմանը զուգահեռ։ Վերջին հինգ տարիների ընթացքում կապիտալի շուկայի զարգացման բարեփոխման հետևանքով զգալիորեն ավելացել են ինչպես կենսաթոշակային ակտիվների պորտֆելը, այնպես էլ ներդրումային գործիքների տեսակներն ու քանակը, ինչը, իր հերթին, պահանջում է կենսաթոշակային ֆոնդի կառավարման ավելի արդյունավետ մոդելի ստեղծում:
Կենսաթոշակային բարեփոխումը երկարաժամկետ գործընթաց է, որի հիմնական նպատակը մասնակիցների համար առավելագույն օգուտներ բերելն է, հետևաբար բարեփոխումների բոլոր փուլերում կարևոր է հասարակության հետ ճիշտ շփումը, քանի որ բարեփոխումը վերաբերում է երկրի մեկուկես միլիոն, տնտեսապես ակտիվ քաղաքացիների խնայողությունների կառավարմանը»,- ասել է Իրակլի Նադարեիշվիլին:
Փոխնախարարի խոսքով, փոփոխությունների կարևորագույն մասերից մեկն այն է, որ կենսաթոշակային սխեմայի կառավարման խորհրդում կառավարության անդամներ չեն լինելու:
Ըստ Իրակլի Նադարեիշվիլիի՝ սա կլինի հարթ, ճիշտ կառավարման կառույց, որը կապահովի սխեմայի ավելի հաջող, անվտանգ և թափանցիկ գործարկումը։ Ազգային բանկի ամբողջական վերահսկողությունը ավելի շատ երաշխիքներ կստեղծի ֆոնդի յուրաքանչյուր օղակի անխափան աշխատանքի և, համապատասխանաբար, կենսաթոշակային սխեմայի ավելի հուսալիության համար։