Եվրոպական միությունը ափսոսանք է հայտնում Վրաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների, քաղաքացիական ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ ահաբեկման, սպառնալիքների եւ ֆիզիկական հաշվեհարդարների աճող դեպքերի առթիվ։ Այս մասին հունիսի 13-ին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«ԵՄ-ն մեկ անգամ եւս կոչ է անում Վրաստանի իշխանություններին վերջ դնել այս բացասական զարգացումներին եւ մանրակրկիտ ու ժամանակին հետաքննել փաստագրված բռնության եւ ահաբեկման գործողությունները։ Մենք նաեւ կոչ ենք անում Վրաստանի քաղաքական դերակատարներին զերծ մնալ խոսքի օգտագործումից, որը կարող է էլ ավելի խորացնել երկրում ծայրահեղ բեւեռացումը»,- ասել է Ստանոն։
Նա հավելել է, որ ԵՄ-ն նաեւ «խորապես մտահոգված է» ԵՄ-ի եւ նրա արժեքների վերաբերյալ տարածված ապատեղեկատվությամբ եւ կոչ է անում Վրաստանի իշխանություններին զերծ մնալ ոչ ճշգրիտ եւ երկրի ԵՄ ձգտումներին չհամապատասխանող հայտարարություններից, որոնք բացասաբար են ազդում ԵՄ-ի եւ նրա անդամ պետությունների հետ Վրաստանի հարաբերությունների վրա:
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն ներկայումս «դիտարկում է բոլոր տարբերակները»՝ արձագանքելու «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի ընդունմանը եւ Վրաստանում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը խաթարող այլ գործողություններին։
«Մենք կառավարությանը կոչ ենք անում վերստին վերադառնալ ԵՄ ուղի: ԵՄ-ն շարունակում է մնալ վրաց ժողովրդի եւ հօգուտ ժողովրդավարության եւ Վրաստանի եվրոպական ապագայի նրա ճնշող ընտրության կողքին»,- ասել է Ստանոն։
Shape your future. այցելեք եւ ծանոթացեք ԵՄ հնարավորություններին, աջակցությանն ու ոգեշնչմանը
Բարի գալուստ Եվրոպական միության՝ ձեր ներուժը բացահայտելու հնարավորություններ ընձեռող առաքելություն: #ShapeYourFuture արշավին ի լրումն EU NEIGHBOURS east-ը գործարկել է հատուկ էջ, որտեղ ներկայացված են ԵՄ հնարավորությունները, աջակցությունն ու ոգեշնչումը Արեւելյան գործընկերության երիտասարդների համար:
Եվրոպական միությունը եզակի հնարավորություններ է առաջարկում Արեւելյան գործընկերության երկրների երիտասարդներին՝ անկախ այն հանգամանքից՝ սովորում եք արդյոք դպրոցում թե համալսարանում, երիտասարդական աշխատող եք, կամավոր կամ քաղաքացիական հասարակության ակտիվիստ, վերապատրաստվում եք թե աշխատանք եք փնտրում:
Այսպիսով, անկախ նրանից՝ փնտրում եք կրթության, պրակտիկայի, վերապատրաստման կամ ճամփորդության հնարավորություն, ԵՄ-ն ձեզ առաջարկներ ունի՝ ամեն շաբաթ հրապարակվող նոր ու բազմազան հնարավորություններով՝ սկսած «Էրազմուս+»-ի շրջանակներում համալսարանական փոխանակումներից մինչեւ երիտասարդական գործողություններ, արտերկրում կամավորությունից մինչեւ գործարար վերապատրաստում, աշխատանքային հմտությունների ձեռքբերում կամ մուտք ՏՏ ոլորտ:
Այցելեք մեր Shape Your Future էջը՝ երիտասարդների համար առկա հնարավորությունների, ձեր հմտությունները զարգացնելու, ինչպես նաեւ Հայաստանում «Էրազմուս+»-ի մասին ավելին իմանալու համար։ Դուք կարող եք նաեւ մուտք գործել մեր հնարավորությունների էջ՝ փոխանակումների, թափուր աշխատատեղերի, դասընթացների, դրամաշնորհների եւ այլ հնարավորությունների մասին ամենաթարմ տեղեկությունները ստանալու համար, ինչպես նաեւ գրանցվել՝ ձեր էլեկտրոնային փոստին այդ հնարավորությունների մասին ամենավերջին տեղեկությունները ստանալու նպատակով:
Հնարավորությունների էջը Shape Your Future արշավի մի մասն է, որի շրջանակներում հունիսի 16-ից 22-ը Հայաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Վրաստանից եւ Ուկրաինայից 12 ինֆլյուենսերներ կմեկնեն Ռիգա եւ Պրահա՝ ի ցույց դնելու ԵՄ անդամ երկրների փորձը եւ խթանելու ԵՄ աջակցությունն ու ընձեռած հնարավորությունները։
Իրենց ճամփորդության ընթացքում ինֆլյուենսերները կմասնակցեն հատուկ առաքելության՝ «Աստղային քվեսթին» (Star Quest)՝ այդ ընթացքում բացահայտելով ԵՄ-ի թաքնված հրաշքները եւ իրենց հետեւորդներին պատմելով իրենց ճամփորդության մասին։
ՎԶԵԲ-ը Թուրքիայի եւ Կովկասի հարցերով նոր կառավարիչ տնօրեն է նշանակել
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտնել է Էլիզաբետա Ֆալչետիին Թուրքիայի եւ Կովկասի հարցերով կառավարիչ տնօրենի պաշտոնում նշանակելու մասին: Նա իր պարտականությունները կստանձնի ս.թ. օգոստոսի 1-ից։
Էլիզաբետա Ֆալչետին ներկայում ՎԶԵԲ-ի Լեհաստանի եւ Բալթյան երկրների տարածաշրջանային ղեկավարն է:
Ողջունելով այս նշանակումը՝ ՎԶԵԲ-ի բանկային հատվածի գծով փոխնախագահ Մատեո Պատրոնեն ասել է. «Էլիզաբետան իր նոր պաշտոնին կբերի առաջնորդության եւ մարդկանց կառավարման զգալի փորձ, ինչպես նաեւ բիզնեսի վարման եւ արդյունքների հասնելու ապացուցված փորձ՝ ՎԶԵԲ–ի ռազմավարությունների մշակման եւ իրականացման, քաղաքականության մեջ մասնակցության եւ ներդրումների միջոցով»։ Նա հավելել է, որ Ֆալչետին ավելի կամրապնդի ՎԶԵԲ-ի դիրքերը Թուրքիայում եւ «շատ կարեւոր» կովկասյան տարածաշրջանում:
«Այս տարի մեր ամենամյա հանդիպումը տեղի ունեցավ Երեւանում, եւ մենք եւս մեկ անգամ ականատես եղանք Կովկասի ներուժին։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ ՝ աջակցելով մասնավոր հատվածի եւ առանցքային ենթակառուցվածքի զարգացմանը ներդրումների եւ բարեփոխումների նպատակով քաղաքական երկխոսության միջոցով»,- նշել է Էլիզաբետա Ֆալչետին։
Կովկասյան տարածաշրջանում բանկի ընդհանուր ներդրումների ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 2,4 մլրդ եվրո Հայաստանում, 3,7 մլրդ եվրո Ադրբեջանում եւ 5,3 մլրդ եվրո Վրաստանում:
Հունիսի 11-ին Օզուրգեթի տեխնոպարկում տեղի է ունեցել ԵՄ կողմից ֆինանսավորվող «REDI. Գյուղական զարգացում թվային ներառման միջոցով» ծրագրի մեկնարկի միջոցառումը:
REDI-ն Թիմ Եվրոպայի «Հավասարակշռված տարածքային զարգացում» նախաձեռնության կարեւորագույն նախագծերից մեկն է, որը մեկնարկել է 2023 թվականի հունիսին եւ իրականացվում է Էստոնիայի (էլեկտրոնային կառավարման ակադեմիա/eGA) եւ Լեհաստանի (Լեհաստանի համերաշխության հիմնադրամ/SFPL) կողմից:
Ծրագիրը կնպաստի տեղական զարգացմանը եւ տնտեսական աճին` հաղթահարելով Վրաստանի գյուղական եւ քաղաքային շրջանների միջեւ թվային խզվածքը` կապի ենթակառուցվածքի եւ թվային գրագիտության բարելավման միջոցով:
Մեկնարկի միջոցառմանը ներկա էին Գուրիայի շրջանի քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների, բիզնեսի, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ եւ քաղաքացիական առաջնորդներ, ինչպես նաեւ տեղաբնակներ։
Շնորհանդեսին հաջորդել է Թվային տոնավաճառը, որտեղ ներկաները մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, օրինակ՝ VR ակնոցներով ճամփորդության դեպի վիրտուալ աշխարհ, ռոբոտաշինության սեմինար եւ դրոնների ցուցադրություն, Եվրոպական միության եւ նրա անդամ երկրների վերաբերյալ վիկտորինաներ։ Մասնակիցները նաեւ տեղեկացվել են, թե ինչպես է ԵՄ աջակցությունը նպաստում Վրաստանի շրջանների թվայնացմանը:
Եվրոպական միությունը հայտարարել է, որ չի ճանաչում Վրաստանից անջատված Հարավային Օսիայում հունիսի 9-ին տեղի ունեցած այսպես կոչված «խորհրդարանական ընտրությունները»։
«Եվրոպական միությունը չի ճանաչում սահմանադրական եւ իրավական շրջանակը, որում տեղի են ունեցել այսպես կոչված «խորհրդարանական ընտրությունները» Վրաստանից անջատված օկուպացված շրջանում՝ Հարավային Օսիայում», – X-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Twitter) գրել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Նա հավելել է, որ ԵՄ-ն «հաստատակամ է մնում Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում»։
2008 թվականին Վրաստանի դեմ պատերազմից հետո Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքները։ Մոսկվան 2008 թվականի օգոստոսի 26-ին Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչել է որպես անկախ հանրապետություններ։
Հունիսի 5-ին Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը (ԵՄԴԱ) նշել է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ կազմակերպելով իրազեկման մի շարք միջոցառումներ իր երեք դաշտային գրասենյակներում:
ԵՄԴԱ-ի դիտորդները Գյուղական համայնքների զարգացման գործակալության (ԳՀԶԳ) փորձագետների հետ միասին այցելել են Պրեզետի հարկադիր տեղահանված անձանց հավաքական կենտրոնի մոտ գտնվող դպրոց եւ դպրոցականների հետ անցկացրել ինտերակտիվ դասեր, այդ թվում՝ խմելու ջրի որակի վերաբերյալ սեմինար: Աշակերտները մասնակցել են նաեւ շրջակա միջավայրի թեմայով արվեստի մրցույթին, որի հաղթողները հատուկ նվերներ են ստացել ԵՄԴԱ-ից:
Մեկ այլ նախաձեռնությամբ ԵՄԴԱ-ն Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) հետ համագործակցությամբ կազմակերպել է մաքրման ակցիա վարչական սահմանագծի մոտ գտնվող երեք դպրոցների աշակերտների հետ համատեղ: Այդ ջանքերի շնորհիվ հաջողվել է հեռացնել ավելի քան 100 կգ թափոն՝ նպաստելով հակամարտությունից տուժած բնակչության համար ավելի մաքուր միջավայրի ստեղծմանը:
ԵՄԴԱ-ն նաեւ բույսեր է նվիրաբերել Զուգդիդիի բուսաբանական այգուն եւ այգու անձնակազմի հետ մասնակցել դրանց տնկմանը: Բույսերը հատուկ ընտրվել էին այգու կարիքների հիման վրա։
«Այս գործողությունների միջոցով ԵՄԴԱ-ն ընդգծում է իր հանձնառությունը բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը, հատկապես՝ վարչական սահմանագծին մոտ գտնվող գյուղերում, որտեղ կայուն գործելակերպը հատկապես կարեւոր է հակամարտությունից տուժած համայնքների սոցիալ-տնտեսական մարտահրավերների պատճառով»,- ասվում է ԵՄԴԱ-ի տարածած մամուլի հաղորդագրությունում։
ԵՄԴԱ-ն Եվրոպական միության անզեն քաղաքացիական մոնիթորինգային առաքելություն է, որը տեղակայվել է 2008 թվականի սեպտեմբերին՝ ԵՄ միջնորդությամբ ստորագրված վեց կետանոց համաձայնագրից հետո, որը վերջ դրեց Վրաստանի դեմ Ռուսաստանի պատերազմին 2008 թվականի օգոստոսին: Առաքելության կենտրոնակայանը գտնվում է Թբիլիսիում, իսկ դաշտային գրասենյակները՝ Գորիում, Մցխեթայում եւ Զուգդիդում։
Իր տեղակայման օրվանից առաքելությունը շուրջօրյա պարեկություն է իրականացնում հատկապես Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ վարչական սահմանագծին հարող տարածքներում: Տեղում գործում են մոտ 200 դիտորդներ ԵՄ անդամ տարբեր երկրներից։
Սոցիալական ձեռներեցության գաղափարների մրցույթ Վրաստանի համայնքների երիտասարդների համար
Վորլդ Վիժն Վրաստանը ԵՄ աջակցությամբ ֆինանսավորվող «ՍՔԱՅՆԵԹ» ծրագրի շրջանակներում հայտարարել է մրցույթ սոցիալական ձեռներեցությամբ հետաքրքրված երիտասարդների համար:
Մասնակցության իրավունք ունեն Դուշեթ, Խոբ, Չխորոցկու, Զուգդիդի, Ախալցխա, Ադիգեն, Ախմետա, Թելավ, Զեստափոն եւ Բաղդաթ համայնքներում ապրող 16-35 տարեկան երիտասարդները։
Ծրագիրը նպատակ ունի վերապատրաստել ընտրված երիտասարդներին սոցիալական ձեռներեցության ոլորտում եւ ֆինանսավորել առավել հեռանկարային բիզնես նախաձեռնությունները, որոնք կարող են դրականորեն ազդել համայնքների վրա:
Ավելի քան 80 ընտրված երիտասարդներ կունենան յուրահատուկ հնարավորություն՝ անցնելու մեկամսյա վերապատրաստման ծրագիր ՍՔԱՅ ակումբներում: Ծրագիրը կներառի բազմաթիվ հարցեր՝ գաղափարը սոցիալական բիզնես նախաձեռնության վերածելուց մինչեւ բիզնես պլանի մշակում։
Դասընթացից հետո մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնես ծրագրերը փորձագիտական ժյուրիին, որն էլ կընտրի հաղթող սոցիալական ձեռներեցության նախագծերը: Ընդհանուր առմամբ կֆինանսավորվեն 10 ընտրված բիզնես նախաձեռնություններ, որոնք կստանան 5,000 լարիից մինչեւ 20,000 լարի դրամաշնորհներ: Հաղթող նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան վեց ամսով մասնակցել նաեւ քոուչինգ-մենթորական ծրագրին։
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն սոցիալական ձեռներեցության ոլորտում իրենց բիզնես գաղափարները կամ պետք է վերջին մեկ տարվա ընթացքում արդեն հիմնած լինեն գործող սոցիալական ձեռնարկություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 18-ը։
«ՍՔԱՅՆԵԹ» ծրագիրը (Հմտությունների եւ գիտելիքների միջոցով երիտասարդների հզորացման ցանց) ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից իր «EU4Youth» ծրագրի շրջանակներում եւ իրականացվում է Վորլդ Վիժն Վրաստանի, Վորլդ Վիժն Հայաստանի, «Միլենիում» վերապատրաստման եւ զարգացման ինստիտուտի (Մոլդովա) եւ «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորի (Հայաստան) կողմից: Ծրագրի նպատակն է հզորացնել երիտասարդներին Հայաստանում, Վրաստանում եւ Մոլդովայում՝ կենտրոնանալով անապահով երիտասարդներին աջակցելու վրա՝ նրանց զինելով ձեռներեցության եւ կարիերայի կառավարման հմտություններով:
Վրաստանում մեկնարկել է «ԵՄ լրագրության մրցանակ 2024»-ի համար հայտերի ընդունումը
Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը տեղացի լրագրողներին հրավիրում է ներկայացնելու հայտեր 2024 թվականի ԵՄ լրագրության մրցանակի համար:
2012 թվականին Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից հիմնադրված մրցանակը խրախուսում է վրաստանցի լրագրողների արհեստավարժությունն ու էթիկական վարքագիծը:
«ԵՄ լրագրության մրցանակ 2024»-ը կշնորհվի յոթ անվանակարգերում.
Բոլոր յոթ անվանակարգերի հաղթողները կստանան դրամական պարգեւ։
Կոնֆլիկտազգայուն լրագրության համար ԵՄԴԱ-ի հատուկ մրցանակն այս տարի ներառված չէ մրցույթի անվանակարգերում: Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն (ԵՄԴԱ) իր ուշադրությունը տեղափոխում է սկսնակ լրագրողների կոնֆլիկտազգայուն լուսաբանման կարողությունների զարգացման ուղղությամբ: Հատկապես լրագրության բաժինների ուսանողների համար նախատեսված նոր մշակված նախագծերի միջոցով ԵՄԴԱ-ն կնպաստի վստահության եւ խաղաղության ամրապնդմանը նպաստող ռեպորտաժների պատրաստմանը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 10-ը:
Դիմումի ձեւը, կանոնները եւ ներկայացման
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։