Հունիսի 18-ից 22-ը Բաթումիում անցկացված Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային հուշամրցաշարում ախալքալաքցի երկու մարզիկներ՝ Արշակ Էլիզբարյանն ու Սամվել Ղազարյանը, չեմպիոն են դարձել՝ պարտության մատնելով իրենց մրցակիցներին։
21 երկրի ուժեղ բռնցքամարտիկներ հավաքվել են Բաթումիում՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարին, որը նվիրված է վրացի գրող և պետական գործիչ Իրակլի Աբաշիձեի հիշատակին։ Միմյանց միջև պայքարում էին 19-ից 40 տարեկան բռնցքամարտիկները: Մրցաշարն անցկացվում է արդեն երկրորդ անգամ և ընդհանուր առմամբ այն բավականին մասշտաբային է, այստեղ մասնակցում են 26 քաշային կարգի ըմբիշներ: Մրցաշարը կազմակերպել էր Գոչա Աբաշիձեն։
80 կգ քաշային կարգում, երիտասարդների շրջանում չեմպիոն է դարձել Սամվել Ղազարյանը՝ հաղթելով Հայաստանի ներկայացուցիչ Պողոսյանին, իսկ 75 կգ քաշային կարգում, մեծահասակների շրջանում բռնցքամարտիկների միջև հաղթել է Արշակ Էլիզբարյանը՝ տապալելով իսրայելցի մրցակից Դեվիդ Ջանաիային։ jnews.ge