Ախալքալաքում տղամարդը բերման է ենթարկվել ընտանեկան բռնության մեղադրանքով, գործը վարվում է Վրաստանի ՔՕ 126-րդ պրիմ հոդվածով, որը ենթադրում է «Ընտանիքի մեկ անդամի կողմից բռնություն ընտանիքի մյուս անդամների նկատմամբ, սիստեմատիկ վիրավորանքներ, շանտաժ, նվաստացում, որը հանգեցրել է ֆիզիկական ցավի կամ տառապանքի»: Այս մասին գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը:
Ախալքալաքում տեղեկություն է տարածվել, որ հունիսի 23-ին կինը դանակահարել է ամուսնուն, սակայն, ինչպես Jnews-ին հաջողվել է պարզել, կինը ինքնապաշտպանության նպատակով դանակով հարվածել է ամուսնուն։ Տղամարդու վնասվածքները լուրջ չեն եղել, նա վիրավորվել է ձեռքից:
Նախաքննական գործողությունների արդյունքում իրավապահները բերման են ենթարկել տղամարդուն՝ մշտական բռնության և կնոջ հասցեին վիրավորանքների համար։ ՔՕ 126-րդ պրիմ հոդվածը նախատեսում է ընտանեկան բռնության համար պատիժ՝ հասարակական աշխատանքով կամ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկմամբ։