Երեխաների աճի խանգարումները կարող են հանգեցնել ներքին օրգանների թերզարգացման

Երեխաների աճի խանգարումները կարող են հանգեցնել ներքին օրգանների թերզարգացման

Երեխաների աճի խանգարումները բավականին տարածված են։ Վիճակագրության համաձայն՝ երեխաների 3%-ի մոտ հանդիպում են այս պաթոլոգիայի տարբեր ձևերը, և այդ ցուցանիշները տարեցտարի աճում են։ Էնդոկրինոլոգ Դարիա Խայկինան Gazeta.Ru-ին պատմել է երեխաների աճի հապաղման պատճառների և բուժման մեթոդների մասին։

Ըստ նրա՝ աճի խանգարումների մի քանի հիմնական տեսակներ կան՝ թերաճ և արագացված աճ։ Ամենատարածվածը աճի հետաձգումն է:

«Թերաճի հիմանական պատճառները ներառում են գենետիկական գործոնները (սկսած ցածրահասակ ծնողներից մինչև հազվագյուտ գենետիկ պաթոլոգիաներ), հորմոնալ խանգարումներ (աճի հորմոնի անբավարարություն, հիպոթիրեոզ և էնդոկրին համակարգի այլ հիվանդություններ), քրոնիկ հիվանդություններ (ներառյալ ասթմա, սրտի, երիկամների և ստամոքս-աղիքային հիվանդություններ), թերսնում (սնուցիչների անբավարարություն, անեմիա), հոգեսոցիալական գործոններ (ծանր սթրեսային իրավիճակներ և հոգեհուզական խանգարումներ)»,- բացատրել է բժիշկը:

Բարձրահասակությունը հաճախ ժառանգական է կամ առաջանում է վաղաժամ սեռական հասունացման, ուռուցքների կամ այլ էնդոկրին խանգարումների հետևանքով:

«Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ նշաններին՝ դանդաղ կամ քիչ աճ ամբողջ տարվա ընթացքում, մարմնի համամասնությունների աննորմալություններ (վերջույթների երկարությունը մարմնի համեմատ), ուղեկցող ախտանիշներ՝ հոգնածություն, թուլություն, ախորժակի փոփոխություն»,- ասել է մանկական էնդոկրինոլոգը։

Նա նախազգուշացրել է, որ աճի խանգարումները ժամանակին չախտորոշելը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, որոնք կարող են զգալիորեն վատթարացնել երեխայի կյանքը: Դրանց թվում է ներքին օրգանների թերզարգացումը. ոսկորների և հոդերի հետ կապված խնդիրները, հոգեհուզական խնդիրներ՝ կապված ինքնագնահատականի և սոցիալական փոխազդեցությունների հետ:

Աճի խանգարումների ախտորոշումը ներառում է ֆիզիկական հետազոտություն՝ չափել հասակը և քաշը, պարբերաբար հետևել ցուցիչներին. լաբորատոր թեստեր, ներառյալ՝ արյան թեստեր հորմոնների և սննդանյութերի համար, ոսկրերի ռենտգեն հետազոտություն՝ ոսկրային տարիքը որոշելու համար, ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, անհրաժեշտության դեպքում ախտորոշիչ թեստերի անցկացում և ՄՌՏ:

Բուժումը կախված է աճի խանգարման պատճառներից: Այն կարող է ներառել հորմոնալ թերապիա, հիմքում ընկած հիվանդության բուժում (եթե դա աճի խանգարման պատճառ է), սննդային ուղղում և սննդակարգում վիտամին և հանքային հավելումների ընդգրկում, հոգեբանական աջակցություն երեխայի և նրա ընտանիքի համար: