Վրաստանը խախտել է երեխաների իրավունքները պաշտպանելու իր պարտավորությունները՝ անհապաղ միջոցներ չձեռնարկելով՝ ի պատասխան Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցի սաների նկատմամբ բռնության: Այս եզրակացությանն է հանգել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն՝ քննարկելով 57 երեխաների անունից ներկայացված բողոքը։
«Հանձնաժողովը եզրակացրել է, որ Վրաստանը չի պաշտպանել Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի երեխաներին», – ասվում է հայտարարության մեջ:
Կոմիտեն Վրաստանին խնդրում է փոխհատուցում տրամադրել տուժածներին՝ «ներառյալ համարժեք փոխհատուցում, վերականգնում և հրապարակային ներողություն»: Այնտեղ նաև կոչ են անում երկրորդ անկախ հետաքննություն անցկացնել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
Նինոծմինդայի Սուրբ Նինոյի անվան գիշերօթիկ դպրոցը Վրաստանի հարավում որբերի և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաստատություն է: Պանսիոնատը ղեկավարում է Վրաստանի Պատրիարքարանը։
ՄԻՊ գրասենյակը 2015 թվականին առաջին անգամ հայտնել է հիմնարկի սաների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական ճնշումների փաստերի մասին։ Դաստիարակները ծեծել են մեղավոր երեխաներին, թողել առանց սննդի ու ստիպել ծնկների վրա սողալ։
Բռնության մասշտաբները նկարագրելու համար ՄԱԿ-ի կոմիտեն որպես օրինակ է բերում երկու երեխաների՝ Մ.Լ.-ի և Լ.Կ.-ի քեյսերը:
«Մ.Լ.-ն 2008 թվականին ծնված 3-ից մինչև 13 տարեկանը նա պահվել է Նինոծմինդայի տուն-ինտերնատում, որտեղ խիստ պատիժների է ենթարկվել անմիզապահության համար։ Դաստիարակները հաճախ մեծ երեխաներին խնդրում էին «դաստիարկաել» իրեն և մյուս սաներին՝ փայտով կամ բռունցքով հարվածելով: Նրան նաև 11 տարեկանում ստիպել են հոգեմետ դեղամիջոցներ ընդունել: Մեկ այլ երեխա՝ Լ.Կ.-ն՝ ծնված 2003 թվականին, նույնպես բախվել է նմանատիպ մարտահրավերների՝ ներառյալ անբավարար սնվելը, վատ հիգիենան և սահմանափակ տեղաշարժը: Բռնության ու անտեսման է ենթարկվել նաև նրա եղբայրը, ով սահմանափակ կարողությունների տեր է եղել»,- հայտնել են կոմիտեից։
Չնայած ՄԻՊ նախազգուշացումներին, 2016 թվականին պետությունը պանսիոնատին խնամքի լիցենզիա է տրամադրել։
Հանրային պաշտպանը 2018 թվականի իր զեկույցում կրկին նախանշել է հաստատությունում առկա համակարգային խնդիրները և երեխաների խնամքի ոլորտում վերահսկողության ու բարելավման անհրաժեշտությունը: Այնուհետև ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին արգելվել է մուտք գործել մանկատուն մինչև 2021 թվականի ամառ։
Գործն առաջ է շարժվել «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի միջամտությունից հետո: Կազմակերպությունը բողոքել է նախ վրացական դատարաններին, ապա դիմել ՄԱԿ-ի կոմիտեին։
Արդյունքում, 2021 թվականի ամռանն իրավապաշտպաններին, այնուամենայնիվ, թույլ տվեցին մտնել հաստատություն՝ համալիր փորձաքննություն անցկացնելու համար։ Այդ ժամանակ պանսիոնատի 27 բնակիչ տեղափոխվել է այլընտրանքային խնամքի։
2021 թվականի նոյեմբերի դրությամբ Նինոծմինդայի մանկատանը դեռևս ապրում էր 15 երեխա, այդ թվում՝ առնվազն մեկը սահմանափակ կարողությունների տեր։ Սակայն բարձրացված խնդիրները մնում էին չլուծված։ jnews.ge