Հունիսի 3-ին NOR ռադիոկայանը կապ է հաստատել «Ջավախավտոգզա» ՍՊԸ-ի տնօրեն Նոդար Ինասարիձեի հետ և փորձել ճշտել, թե երբ կսկսվի Սաթխա գյուղի գյուղամիջյան ճանապարհահատվածի ասֆալտապատումը։ Ըստ Նոդար Ինասարիձեի՝ «բնակչությունն առաջին հերթին պետք է փոխի ջրի և կոյուղու խողովակները»։
Հիշեցնենք, որ Սաթխա գյուղի ներքին ճանապարհի ասֆալտապատման պատասխանատուն «Ջավախավտոգզա» ՍՊԸ-ն է։ Ասֆալտապատման համար հատկացվել է 840 հազար լարի։ Որից 95%-ը պետական բյուջեից, իսկ 5%-ը տեղական բյուջեից։ Ժդանովական-Սամեբա և Սաթխա ճանապարհների վերանորոգման համար հայտարարվել է ընդհանուր մրցույթ՝ 3 146 298 լարիի չափով։ 3 060 000 լարիի չափով մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջավախավտոգզա» ՍՊԸ-ն։ (NAT230027429)
Ապրիլի 18-ին NOR ռադիոկայանը կապ էր հաստատել «Ջավախավտոգզա» ՍՊԸ-ի գործավար Գիորգի Ինասարիձեի հետ: Նրա խոսքով, լավ եղանակը սկսելուն պես լայնածավալ աշխատանքներ կսկսվեն։ Այս պահին կատարվում են քարերի հեռացման, ճանապարհի հարթեցման աշխատանքներ։ Հարցին, թե պատրաստվում են ջրահեռացման ջրանցքները վերականգնել, նա պատասխանեց, որ սկզբում ճանապարհի հարթեցման աշխատանքներն են ընթանում, ապա դա կախված կլինի ասֆալտապատումից։
2023 թվականի հուլիսին NOR ռադիոկայանը հրապարակեց հոդված, որտեղ Սաթխա գյուղի բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնում գյուղի ներքին ճանապարհների վատ վիճակի վերաբերյալ։
Բնակիչները նշել են ճանապարհների հատկապես անմխիթար վիճակը անձրեւների ժամանակ, երբ հնարավոր չէ տեղաշարժվել ոչ ոտքով, ոչ էլ մեքենայով։ Հատկապես կրիտիկական է համարվում գերեզմանոց տանող ճանապարհը, որի հետևանքով մեքենաները փչանում են, անվադողերը պայթում։ «Մենք գումար ենք ծախսում մեքենաների վերանորոգման վրա, բայց ի՞նչ իմաստ ունի մեքենան վերանորոգել, եթե մի երկու օր անց այս ճանապարհով քշելիս նորից ամեն ինչ կփչանա»,- ասում են բնակիչները։
Լրացուցիչ մանրամասներ աուդիո ձայնագրության մեջ