Վրաստանում ԵՄ պատվիրակությունը հրապարակել է երկրին ԵՄ-ի աջակցության մասին տվյալներ՝ ««Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի համատեքստում հստակեցումներ անելու նկատառումներով»:
Տվյալները ցույց են տալիս, որ 2019-2024 թվականների օգնության տասը խոշորագույն շահակիրները՝ Վրաստանի նախարարությունները եւ պետական գերատեսչությունները, ամենաշատ ֆինանսական աջակցությունն են ստացել ԵՄ-ից։
«Նախարարություններին 10 անգամ ավելի շատ միջոցներ են հատկացվել, քան քաղաքացիական հասարակությանը»,- ասվում է Վրաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։
ԵՄ պատվիրակության տվյալներով՝ Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները 2019 թ.-ից ի վեր ԵՄ-ից ստացել են 111,55 մլն եվրո։ ԵՄ-ն 101,4 մլն եվրո է հատկացրել Վրաստանի ֆինանսների նախարարությանը եւ 62 մլն եվրո՝ պաշտպանության նախարարությանը: Շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունը ու վերջինիս ստորաբաժանումները ստացել են 57 մլն եվրո: Վրաստանի խորհրդարանը ԵՄ-ից ստացել է 4,8 մլն եվրո՝ շահակիրների ցուցակում զբաղեցնելով 11-րդ տեղը։
Ընդհանուր առմամբ, Վրաստանի պետական հատվածը ԵՄ-ից ստացել է 517,82 մլն եվրո, այդ թվում՝ 75 մլն եվրո՝ որպես աջակցություն COVID-19 համավարակի ժամանակ: ԵՄ-ն 46,1 մլն եվրո է հատկացրել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը եւ 6,1 մլն եվրո՝ երկրի մասնավոր հատվածին։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հունիսի 15-ից 16-ը Շվեյցարիայում կայացած՝ Ուկրաինայում խաղաղության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
«Շնորհակալություն, Սալոմե Զուրաբիշվիլի, ձեր առաջնորդության համար։ Ես խորապես հարգում եմ ձեր հավատարմությունը Վրաստանի եվրոպական ապագայի հանդեպ։ Վրաց ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ աջակցում է այդ ուղուն»,- հանդիպումից հետո X-ում (նախկինում՝ Twitter) գրել է ֆոն դեր Լեյենը:
Նա նաեւ հորդորել է Վրաստանի կառավարությանը «գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համահունչ»։
«Վրաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ դրական մտքերի փոխանակում է տեղի ունեցել նախագահ Զուրաբիշվիլիի հետ՝ Արտաքին հարաբերությունների խորհրդի հաջորդ նիստին ընդառաջ։ ԵՄ-ն կանգնած է վրաց ժողովրդի՝ ԵՄ ուղին բռնած ժողովրդավարական երկրի ընտրության կողքին»,– գրել է Ժոզեպ Բորելը X-ում:
Վրաստանի մայրաքաղաքում բացվել է «Բնապատկերը պատմում է պատմություն» մուլտիմեդիա ցուցահանդեսը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 25-ին բացվել է «Բնապատկերը պատմում է պատմություն» մուլտիմեդիա ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կազմակերպել է Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցը (CENN)՝ համախմբելով վրաց վիզուալ արվեստագետներին:
Վերջին երկու ամիսների ընթացքում արվեստագետները ստեղծել են մուլտիմեդիա աշխատանքների հարուստ շարք՝ ներառյալ նկարներ, քանդակներ, վիդեո ինստալյացիաներ եւ իլյուստրացիաներ: Նրանց աշխատանքը կենտրոնանում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների դեմ պայքարի եւ դրան հարմարվելու գործում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի դերի վրա։
Ցուցահանդեսը հանրության համար բաց է հունիսի 25-ից 30-ը, ամեն օր՝ ժամը 12:00-ից 18:00-ն:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Վրաստանի էներգետիկ ոլորտի բարեփոխումների նախագիծ (GESRP)» եւ «Վրաստանի կլիմայական գործողությունների նախագիծ (GEO-CAP)» ծրագրերի կողմից։ Նախաձեռնությանն աջակցում է նաեւ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը։
Պավել Ադամովիչի անվան 2024 թվականի մրցանակը, որը շնորհվում է ազատության, համերաշխության եւ հավասարության խթանման գործում խիզախության եւ գերազանցության համար, հրավիրում է միջազգային կազմակերպություններին մինչեւ հոկտեմբերի 31-ը առաջադրել թեկնածուների։
Թեկնածու անձը կամ կազմակերպությունը կարող է լինել աշխարհի ցանկացած երկրից եւ պետք է ակտիվորեն պայքարելիս լինի անհանդուրժողականության, ատելության խոսքի եւ այլատյացության դեմ:
Թեկնածուները կարող են առաջարկվել ԵՄ տարածաշրջանների կոմիտեի անդամների, ցանկացած քաղաքային կամ շրջանային խորհրդի, ինչպես նաեւ մրցանակի ոլորտներում ակտիվ ներգրավվածություն եւ փորձառություն ունեցող միջազգային կազմակերպությունների կողմից։
Մրցանակը հարգանքի տուրք է Գդանսկի քաղաքագլուխ Պավել Ադամովիչի կյանքին եւ օրինակին, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1998 թվականից մինչեւ իր սպանության օրը՝ 2019 թվականի հունվարի 13-ը։ Քաղաքագլխի սպանությանը նախորդած շրջանն ուղեկցվել էր նրա դեմ ուղղված ատելության խոսքի ալիքով։
Այս մրցանակը հիմնադրվել է նաեւ ի ճանաչումն բոլոր նրանց, ովքեր խիզախությամբ եւ բարեխճությամբ պայքարում են ընդդեմ անհանդուրժողականության, արմատականության, ատելության խոսքի, ճնշումների եւ այլատյացության, ինչպես նաեւ նրանց, ովքեր աշխատում են հանուն հավասար հնարավորությունների, սոցիալական ինտեգրման եւ հիմնարար իրավունքների խթանման։
Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 31-ը։
Անցյալ տարի ժյուրիի հատուկ հիշատակմանն է արժանացել Ուկրաինայի Ինգուլկա համայնքի ղեկավար Ալլա Միրոնովան՝ հանուն իր համայնքի ցուցաբերած խիզախ դիրքորոշման համար, հատկապես՝ ռուսական օկուպացիայի ժամանակ:
2022 թվականին էլ ժյուրին որոշել էր հատուկ հիշատակել Ուկրաինայի հարավում գտնվող Հոլա Պրիստան համայնքի ղեկավար Օլեքսանդր Բաբիչին, ով 2022 թվականի մարտից գերության մեջ էր իր համայնքը պաշտպանելու փորձի համար։
ՎԶԵԲ-ը Թուրքիայի եւ Կովկասի հարցերով նոր կառավարիչ տնօրեն է նշանակել
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտնել է Էլիզաբետա Ֆալչետիին Թուրքիայի եւ Կովկասի հարցերով կառավարիչ տնօրենի պաշտոնում նշանակելու մասին: Նա իր պարտականությունները կստանձնի ս.թ. օգոստոսի 1-ից։
Էլիզաբետա Ֆալչետին ներկայում ՎԶԵԲ-ի Լեհաստանի եւ Բալթյան երկրների տարածաշրջանային ղեկավարն է:
Ողջունելով այս նշանակումը՝ ՎԶԵԲ-ի բանկային հատվածի գծով փոխնախագահ Մատեո Պատրոնեն ասել է. «Էլիզաբետան իր նոր պաշտոնին կբերի առաջնորդության եւ մարդկանց կառավարման զգալի փորձ, ինչպես նաեւ բիզնեսի վարման եւ արդյունքների հասնելու ապացուցված փորձ՝ ՎԶԵԲ–ի ռազմավարությունների մշակման եւ իրականացման, քաղաքականության մեջ մասնակցության եւ ներդրումների միջոցով»։ Նա հավելել է, որ Ֆալչետին ավելի կամրապնդի ՎԶԵԲ-ի դիրքերը Թուրքիայում եւ «շատ կարեւոր» կովկասյան տարածաշրջանում:
«Այս տարի մեր ամենամյա հանդիպումը տեղի ունեցավ Երեւանում, եւ մենք եւս մեկ անգամ ականատես եղանք Կովկասի ներուժին։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ ՝ աջակցելով մասնավոր հատվածի եւ առանցքային ենթակառուցվածքի զարգացմանը ներդրումների եւ բարեփոխումների նպատակով քաղաքական երկխոսության միջոցով»,- նշել է Էլիզաբետա Ֆալչետին։
Կովկասյան տարածաշրջանում բանկի ընդհանուր ներդրումների ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 2,4 մլրդ եվրո Հայաստանում, 3,7 մլրդ եվրո Ադրբեջանում եւ 5,3 մլրդ եվրո Վրաստանում:
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը հունիսի 24-ին ողջունել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված գերշահույթն օգտագործելու մասին որոշումը, որն ընդունվել էր նախորդ շաբաթ։ Այդ միջոցները կհատկացվեն Խաղաղության եվրոպական հիմնադրամին:
Դա թույլ կտա պատժամիջոցների արդյունքում Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվներից ստացված գերշահույթն արագորեն գործառնականացնել ի շահ Ուկրաինայի։ Այդ գումարը կկազմի 1,4 միլիարդ եվրո, որը հասանելի կլինի հաջորդ ամսվա ընթացքում, եւ եւս 1 միլիարդ եվրո՝ մինչեւ տարեվերջ:
«Այս միջոցները կհատկացվեն Ուկրաինային, բայց հետեւյալ երեք նպատակների համար՝ հակաօդային պաշտպանություն, զինամթերք եւ աջակցություն ուկրաինական արդյունաբերությանը»,- խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, Խորհուրդը չի կարողացել ապաարգելափակել Խաղաղության եվրոպական հիմնադրամին վերաբերող յոթ իրավական ակտեր. «Մենք դեռ ունենք մեկ երկիր, որն արգելափակում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից մոտ 6 միլիարդ եվրոյի օգտագործումը»: Բորելը նշել է, որ առաջնորդները կքննարկեն այդ հարցը Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում:
ԵՄ բարձր ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Խորհուրդը վերջնական տեսքի է բերում Ուկրաինայի նկատմամբ ԵՄ անվտանգության պարտավորությունների ուղղությամբ աշխատանքը։
«Հուսով եմ, աշխատանքը կավարտվի շատ շուտով, որպեսզի կարողանանք ստորագրել անվտանգության այս պարտավորությունները՝ գուցե արդեն այս ամիս, գուցե՝ Եվրոպական խորհրդի հաջորդ նիստի շրջանակներում: Անվտանգության այս պարտավորություններով մենք Ռուսաստանին հստակ ազդանշան ենք ուղարկում Ուկրաինային աջակցությունը շարունակելու մեր պատրաստակամության մասին», – ասել է Բորելը:
Արտաքին հարաբերությունների խորհուրդն անդրադարձել է նաեւ Վրաստանին, մասնավորապես՝ երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, այդ թվում՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունմանն ու կիրարկմանը։
«Ափսոսում ենք, որ Եվրոպական միության եւ նրա արժեքների վերաբերյալ ապատեղեկատվությունը տարածվում է նաեւ պաշտոնատար անձանց կողմից: Մենք լսեցինք Վրաստանի ամենաբարձր շրջանակներից եկող ձայներ, որոնք զարմանալիորեն նշում էին, որ այս օրենքը երկիրը մոտեցնում է Եվրոպական միությանը։ Եվ ես ուզում եմ հստակություն մտցնել։ Ո՛չ: Այս օրենքը եւ դրա շուրջ բոլոր բացասական զարգացումները Վրաստանին հեռացնում են Եվրոպական միությունից։ Եթե կառավարությունը չփոխի գործողությունների ուղղությունը, Վրաստանը չի առաջադիմի Եվրոպական միության ճանապարհով»,- ասել է Բորելը:
Նա հավելել է, որ ԵՄ-ն կավելացնի իր աջակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ներին, կհակազդի ապատեղեկատվությանը եւ կմեծացնի աջակցությունն ընտրական գործընթացին։ Միեւնույն ժամանակ, ԵՄ-ն կշարունակի մշտադիտարկել իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի։
«Մենք կիջեցնենք Վրաստանի հետ մեր քաղաքական շփումների մակարդակը։ Կվերանայենք կառավարությանը մեր ֆինանսական օժանդակության հարցը, ինչպես նաեւ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով մեր աջակցությունը: Դա կարելի է անել անմիջապես, բայց մենք կշարունակենք հետեւել իրավիճակին եւ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հետագա վատթարացման դեպքում»,- հայտարարել է Բորելը։
ԵՄ կողմից ֆինանսավորվող Creative Compass Georgia ծրագիրը հայտարարել է նոր դրամաշնորհային մրցույթ, որն ուղղված է խթանելու եւ առաջ մղելու նորարարական ստեղծարար նախաձեռնությունները Վրաստանի մարզերում:
«Ստեղծարար կապեր» դրամաշնորհային մրցույթի նպատակն է ամրապնդել մասնագիտական հարաբերությունները մշակութային եւ ստեղծարար ոլորտներում եւ հնարավորություն է տալիս անկախ արվեստագետներին, ստեղծագործողներին, մշակույթի ոլորտի մասնագետներին, համայնքի առաջնորդներին եւ կազմակերպություններին հասկանալ Վրաստանիում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները: Ծրագրային գործողությունները չեն կարող անցկացվել Թբիլիսիում։
Դրամաշնորհային ծրագիրն ունի երկու ուղղություն.
Ուղղություն 1. Ստեղծարար կապեր անհատների միջեւ։ Կենտրոնանում է անկախ արվեստագետների, ստեղծագործողների, ստեղծարար համայնքի առաջնորդների եւ մշակութային մասնագետների շարժունակության վրա երկրի ներսում՝ առաջարկելով հետազոտության, համատեղ ստեղծագործելու, արտադրության եւ միջոցառումների անցկացման հնարավորություններ: Միավոր խմբում պետք է լինի առնվազն երկու մասնակից: Դրամաշնորհի գումարը կազմում է 3,000 եվրո:
Ուղղություն 2. Ստեղծարար կապեր կազմակերպությունների միջեւ։ Կազմակերպություններին աջակցում է համայնքահեն, մշակութային եւ ստեղծարար նախաձեռնությունների, ինչպես նաեւ արտիստական ռեզիդենտական նախագծերի իրականացման գործում: Դրամաշնորհի գումարը կազմում է 6,000 եվրո:
Հունիսի 27-ին տեղի կունենա մրցույթի վերաբերյալ առցանց տեղեկատվական հանդիպում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 7-ն է։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ համաֆինանսավորվում ու իրականացվում է Գյոթե ինստիտուտ – Վրաստանի կողմից:
Եվրոպայի խորհուրդը՝ ի նշանավորումն իր 75-ամյակի եւ կազմակերպության դերի եւ ազդեցության մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով նախաձեռնել է «Մարդու իրավունքնե՛ր, կամերա՛, մոտո՛ր» խորագրով լուսանկարների եւ տեսանյութերի մրցույթը:
Մրցույթը նախատեսված է երիտասարդների համար՝ նրանց առաջարկելով օգտագործել իրենց սմարթֆոնները կամ թվային տեսախցիկները՝ լուսանկարի կամ կարճ տեսանյութի միջոցով Եվրոպայում մարդու իրավունքների ստեղծարար տեսլականը փոխանցելու համար։
Հաղթողների անունները կհայտարարվեն 2024 թվականի աշնանը։ Նրանց կառաջարկվի ֆինանսավորվող ուղեւորություն Ստրասբուրգ՝ Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի շրջանակներում մրցանակաբաշխության եւ հաղթող լուսանկարների ու տեսանյութերի ցուցադրության համար: Նրանց աշխատանքները կցուցադրվեն Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում եւ կհրապարակվեն կազմակերպության կայքերում եւ սոցիալական ցանցերի էջերում:
Մրցույթին կարող են մասնակցել Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկրներից մեկի քաղաքացի կամ բնակիչ երիտասարդ (ներառյալ մինչեւ 26 տարեկան) ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչները եւ կինոգործիչները։
Իրենց մրցութային հայտերում մասնակիցները պետք է ցույց տան, թե ինչ տեղ ունեն հիմնարար իրավունքներն իրենց առօրյա կյանքում, ինչպես են նրանք ընկալում մարդու իրավունքները կամ մարդու իրավունքների պաշտպանությունը, կամ ինչպես են տեսնում մարդու իրավունքների ապագան Եվրոպայում:
Մասնակիցները պետք է հրապարակեն իրենց նյութերը Instagram-ում՝ նշելով Եվրոպայի խորհրդի պաշտոնական Instagram-ի հաշիվը (@councilofeurope) եւ օգտագործելով #CoE75, #75CoECompetition, #75CoECompetition_AI եզակի հեշթեգերը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 14-ը։
Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող եւ Եվրոպայում ժառանգության շահակիրներին միմյանց կապող «European Heritage Hub» պիլոտային ծրագիրը հունիսի 26-ին հայտարարել է իր Փոքր դրամաշնորհների ծրագրի համար ԵՄ հարեւանության 11 երկրներից ժառանգության 14 նախագծեր ընտրելու մասին: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվելիք ընտրված նախաձեռնություններին հատկացվել է մոտ 250,000 եվրո։ Այն բաշխվել է փոքր, միջին եւ խոշոր դրամաշնորհների միջեւ:
Այս տարվա հունվարին մեկնարկած փոքր դրամաշնորհների ծրագիրն աջակցում է ԵՄ հարեւանության երկրներում (ներառյալ` Վրաստանում) քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող ժառանգության նախագծերին։ Այն նպատակ ունի բարձրացնելու նրանց՝ Եվրոպայի կանաչ, թվային եւ սոցիալական փոխակերպումներին արձագանքելու կարողությունները, ինչպես նաեւ խթանելու խաղաղությունը, կայունությունը, հաշտեցումը եւ միջմշակութային ու միջկրոնական երկխոսությունը: 2024 թվականի հունվարից մարտ ամիսներին հայտերի ընդունման ընթացքում ստացվել է մրցույթի մժչափանիշներին համապատասխանող 600 դիմում:
Ընտրված նախագծերն ընդգծում են եվրոպական ընդհանուր ժառանգության հիմնարար դերը ԵՄ ընդլայնման գործընթացում: Նախաձեռնությունները տարբեր են՝ ժառանգության խթանումից մինչեւ կրթական գործունեություն, հուշարձանների եւ ժառանգության օբյեկտների գույքագրում, քարտեզագրում կամ թվայնացում եւ պատերազմից տուժած քաղաքների վերակենդանացում:
Դրամաշնորհային ծրագիրը ղեկավարվում է «Եվրոպա Նոստրա»-ի կողմից (որպես «European Heritage Hub» ծրագրի ղեկավար)` կոնսորցիումի այլ անդամների համաձայնությամբ եւ ALIPH հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
Վրաստանից ընտրվել են հետեւյալ նախագծերը.
Տրուսոյի հովտի հուշարձանները պահպանելու համար անհրաժեշտ է իրականացնել տարածքի ամբողջական գույքագրում եւ շնորհել մշակութային ժառանգության անշարժ հուշարձանների կարգավիճակ։ Հուշարձաններին թվային հասանելիություն ապահովելու համար կստեղծվի կայք, որտեղ այցելուները կարող են գտնել դրանց մասին տեղեկատվություն։ Ծրագրի իրականացմանը կներգրավվի տեղական համայնքը՝ կարեւորելով նրանց դերը ժառանգության պահպանման գործում։
Այս պիլոտային ծրագիրը նպատակ ունի խթանել ավանդական ճարտարապետությունը Հարավային Կովկասում՝ շեշտը դնելով կայուն նյութերի օգտագործման վրա, ինչպիսիք են կավը կամ փայտը: Դա կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը, մշակութային փոխըմբռնմանը, ավանդական տներում բնակության նորմալացմանը: Բացի այդ, ծրագիրը նպատակ ունի օգտագործել եվրոպական կայուն մեթոդաբանությունները՝ ի ցույց միջտարած
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։