Հուլիսի 5-ից ուսուցիչներին պետք է տրվեր մանրամասն տեղեկատվություն աշխատավարձի մասին: Կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին ուսուցիչների համար մի քանի պարզաբանում է տվել:
«Նոր աշխատավարձային քաղաքականության ֆորմուլան հրապարակվելուց հետո ուսուցիչների շրջանում հարցեր առաջացան: Նախարարությունը կանգ չի առել, մենք հանդիպումներ ենք ունեցել ռեսուրս կենտրոնների և տնօրենների հետ, որպեսզի ամբողջական տեղեկատվություն տրամադրեինք: Սակայն փոքր շրջանակներում կարծիք կա, որ ուսուցիչների մի մասի աշխատավարձը կրճատվում է», – ասել է նախարարը հեռուստատեսային հարցազրույցում:
Նրա բացատրությամբ մոտ մեկ շաբաթից ուսուցիչները կստանան արդեն բարձրացված աշխատավարձն ու արձակուրդային գումարը և ոչ ոքի աշխատավարձը չի նվազի:
«Լիարժեք պատասխանատվությամբ հայտարարում ենք, և արդեն մեկ շաբաթից նոր աշխատավարձային ֆորմուլայով կհատկացվի աշխատավարձը… երկու ամսվա արձակուրդային շրջանում մեր ուսուցիչները կստանան բարձրացված վարձատրությունը, որը կարելի է անվանել աննախադեպ աճ:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ինչ-որ մեկի աշխատավարձը կրճատվում է, ապա մենք ունենք պետական դպրոցներում 52 հազար ուսուցիչ, և ոչ մեկի վարձատրությունը չի կրճատվում: Եթե նոր աշխատավարձային ֆորմուլան հարմարեցնում են հին ֆորմուլային և ստանում են թվային կրճատում, ալգորիթմը հավասարեցնում է գումարը և նվազագույնը 200 լարի է ավելացնում, սա վերաբերում է ուսուցիչների 5-7 տոկոսին, 70 տոկոսին աշխատավարձը բարձրանում է միջինում 500 լարիով, բայց խոսքը 600-700 լարի ավելացման մասին է, մնացած 25 տոկոսի համար աճը կազմում է 300-ից 400 լարի: Սա բյուջեից ավելի քան 200 միլիոն լարիի ծախս է պահանջում, և այստեղ եղել են սպեկուլյացիաներ, որ ինչ-որ մեկի համար կարգավիճակի հավելավճարի չեղարկման ֆոնին է մշակվել այս ֆորմուլան, ինչը սուտ է:
Բոլոր ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է, և ինչպես կարող է սա որևէ մեկի դժգոհություն առաջացնել:
Օրինակ, եթե ուսուցիչը ստանում էր 2023 լարի, և ժամեր չի կարող ավելացնել, և նոր ֆորմուլայով աշխատավարձը կրճատվում է՝ այնուամենայնիվ կստանա այդ գումարը և կավելանա 200 լարի: Սա չի փոխվում նույնիսկ 2 տարի հետո», – նշել է Գիորգի Ամիլախվարին: