Մենք վերանայում ենք հարաբերությունները Վրաստանի հետ. Գերմանիայի դեսպան

Մենք վերանայում ենք հարաբերությունները Վրաստանի հետ. Գերմանիայի դեսպան

Գերմանիան վերանայում է իր հարաբերությունները Վրաստանի հետ, լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։

«Այսօր մենք Գերմանիայի քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպված միջոցառում ունենք, որտեղ քննարկվում է Եվրամիության ընդլայնումը։ Այստեղ ներկա են Գերմանիայի խորհրդարանի երեք անդամներ, և սա շատ կարևոր թեմա է Վրաստանի համար, քանի որ Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու է, բայց մենք շատ դժվար պահի ենք հասել այս անդամակցության գործընթացում։

Ինչպես հայտնի է, Վրաստանի կառավարության գործողությունների հիման վրա Եվրոպական խորհուրդը, որում ընդգրկված են 27 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, որոնք որոշում են կայացնում ընդլայնման վերաբերյալ, հունիսի 27-ին որոշում կայացրեց կասեցնել Վրաստանի անդամակցության գործընթացը։

Հիմա սա է Եվրամիության քաղաքականությունը, և սա շատ տխուր է, քանի որ ամեն ինչ կարող է բոլորովին այլ լինել, մենք կարող ենք շատ արագ առաջ շարժվել, ուզում ենք առաջ գնալ, բայց անդամակցության գործընթացի արագությունն ու որակը թեկնածուի ձեռքում է։

Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա մենք նույնպես վերանայում ենք մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Ինչպես գիտեք, մենք ունենք շատ լայն և խորը հարաբերություններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին մենք Վրաստանում զարգացման համագործակցության խոշորագույն դոնորներից ենք։ Մենք որոշել ենք Վրաստանի նկատմամբ նոր պարտավորություններ չստանձնել, ուստի այս պահին Վրաստանի համար Գերմանիայից նոր ֆինանսական պարտավորություններ չկան։

Գերմանիայի զինված ուժերը նույնպես չեղարկել են իրենց մասնակցությունը «Արժանի գործընկեր» զորավարժություններին։ Մենք չեղարկել ենք իրավաբանական մեծ ֆորումը, որը տեղի էր ունեցել անցյալ տարի Թբիլիսիում և պետք է տեղի ունենար այս ամառ Բեռլինում։ Մենք դիտարկում ենք հետագա գործողությունները»,- ասել է Պիտեր Ֆիշերը։