Ուսուցիչն «աննախադեպ բարձրացված» աշխատավարձը վերադարձրել է նախարարին

Ուսուցիչն «աննախադեպ բարձրացված» աշխատավարձը վերադարձրել է նախարարին

Վրաստանի հանրակրթական դպրոցներից մեկի ուսուցչուհի Մանանա Միքավան ուսուցիչների աշխատավարձի նոր բանաձևի արդյունքում ստացած 157 լարին հետ է փոխանցել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարար Գիորգի Ամիլախվարիին։ Այդ տեղեկությունը նա տարածել է հուլիսի 9-ին:

«Իմ արժանապատվությունն ինձ թույլ չի տա ստանալ այս նպաստը»,- batumelebi.netgazeti.ge-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան էջում գրել է Օնարիա գյուղի հանրակրթական դպրոցի ուսուցչուհի Մանանա Միքավան և հրապարակել դրամական փոխանցման անդորրագիրը։

Այս կերպ հանրակրթական դպրոցի ուսուցիչը բողոքում է ԿԳԵ-ի կողմից իրականացվող աշխատավարձի նոր բանաձևի դեմ, ըստ որի՝ ուսուցիչներից ոմանց աշխատավարձի բարձրացման փոխարեն կամ  խոստացված 500 լարիի փոխարեն` աշխատավարձի նվազում է նկատվել:

Ուշագրավ է, որ ԿԳԵ-ն ուսուցիչներին աշխատավարձերի «աննախադեպ» բարձրացում է խոստանում 6 ամսից ավելի: Հուլիսի 1-ից ուսուցիչները պետք է բարձրացված աշխատավարձ ստանային: Աշխատավարձերը հաշվարկելուց հետո պարզվել է, որ ուսուցիչներից ոմանց աշխատավարձն անգամ նվազել է մինչ «աննախադեպ բարձրացումն» ստացած աշխատավարձից:

Այն բանից հետո, երբ ուսուցիչները բողոքեցին աշխատավարձի նոր քաղաքականության դեմ, նախարարությունը ուսուցիչների այն մասի համար, որոնց աշխատավարձը բարձրանալու փոխարեն նվազել էր, անցումային դրույթի հիման վրա ավելացրել է 200 լարի. այս գումարը հարկումից հետո դառնում է 157 լարի։

Աշխատավարձի նոր բանաձևի համաձայն՝ աշխատավարձը կբարձրացվի միայն այն ուսուցիչների համար, որոնք լրիվ ծանրաբեռնված են, այսինքն՝ աշխատում են շաբաթական 18-25 ժամ։ Հանրակրթական դպրոցներում մշտական ​​ուսուցիչների թիվը փոքր է։

Աշխատավարձի նոր բանաձևով պետությունը վերացրեց նաև կարգավիճակի (ավագ, առաջատար, մենթոր) հավելավճարը, ինչը ևս հարուցել է ուսուցիչների բացահայտ դժգոհությունը: