Ինչպիսի կարտոֆիլի բերք է սպասվում այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում, այսօրվա պայմաններից ելնելով, այս մասին Jnews-ը հետաքրքրվեց գյուղատնտես Եղիշ Աղաջանյանից։ Այս մասին գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը․
Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերները ահռելի վնասներ են կրել վերջի՝ 2023 թվականի գյուղատնտեսական տարում։ Սկսած կարտոֆիլի ծիլերի զարգացման խնդիրներից և մշակության ժամանակ հիվանդություններից՝ ընդհուպ մինչև չիրացված բերքը։ Սակայն, այնուամենայնիվ նրանք նորից կարտոֆիլ են ցանել։
Գյուղատնտես, ֆերմեր Եղիշ Աղաջանյանն ասում է, որ այս տարի Ախալքալաքում կարտոֆիլի լավ բերք է սպասվում, և վերջին 10 տարիների ընթացքում կարտոֆիլի դաշտերի համար այսքան բարենպաստ տարի չի եղել։
«Առաջին հերթին՝ եղանակը, այն սկզբում տաք էր, սերմերը ժամանակին ծիլ տվեցին, ծլերի մեջ վիրուսներ չառաջացան: Երբ եղանակն անձրևոտ է, ուշ են ծիլ տալիս, երբ ջերմաստիճանը իջնում է, վիրուսներն ակտիվանում են: Վերջերս եղանակը ցուրտ էր, և դրանք զարգացան, բայց այժմ արդեն աստիճանաբար վերականգնվում է: Երկրորդ՝ մարդիկ արդեն սկսել են գրագետ մշակել, արդեն աշխատում են վիրուսների վերացման ուղղությամբ»,- ասում է Եղիշ Աղաջանյանը։
Նրա խոսքով, գինը կախված է որակից։ Եղիշ Աղաջանյանը կարծում է, որ նախորդ տարի, ֆերմերների կողմից, կարտոֆիլի բերքը չիրացնելու հիմնական պատճառներից մեկը կարտոֆիլի ցածր որակն էր։