Վրաստանում հայտարարվել են ԵՄ աջակցությամբ «Մելիորա 2024» մրցանակի հաղթողների անունները
Հուլիսի 2-ին Թբիլիսիի «Կարվասլա» պատմության թանգարանում կայացած արարողության ժամանակ հայտնի են դարձել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ոլորտում Վրաստանի 2024 թվականի լավագույն նախագծերը եւ ընկերությունները:
«Մելիորա 2024»-ի ինը անվանակարգերից հաղթողներ են ճանաչվել հետեւյալ յոթում.
«Կանաչ նախաձեռնություն» անվանակարգ
«Պատասխանատու գործատու» անվանակարգ
«Աջակցություն համայնքին» անվանակարգ
«Միջոլորտային գործընկերություն – համատեղ պատասխանատվություն» անվանակարգ
«Թափանցիկություն եւ հաշվետվողականություն ԿՍՊ-ի եւ կորպորատիվ կայունության ոլորտում» անվանակարգ
«Տարվա ԿՍՊ կառավարիչ» անվանակարգ
«Տարվա պատասխանատու խոշոր ընկերություն»
Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Ցենդրովիչն ասել է. ««Մելիորա» մրցանակաբաշխությունը Վրաստանի քաղաքացիական հասարակության եւ բիզնես ասոցիացիաների հետ ԵՄ աշխատանքի դրական օրինակ է՝ պատասխանատվությունն ու կայունությունը վրացական բիզնեսների հիմնական ռազմավարություններում ներառելու համար։ Այն ցույց է տալիս, որ պատասխանատու բիզնեսվարությունը հանգեցնում է երկարաժամկետ ֆինանսական հաջողության, ինչպես նաեւ սոցիալական բարօրության»:
Մրցույթն անցկացվում է Վրաստանի ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի (CSRDG) աջակցությամբ՝ Եվրոպական միության (ԵՄ) եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (KAS) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության ՍԹԱՐ նախաձեռնություն. ՔՀԿ-ները որպես Վրաստանում կայուն, թափանցիկ, հաշվետու եւ դիմակայուն զարգացման դերակատարներ» ծրագրի շրջանակում։
Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը ներկայում կասեցված է
Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հուլիսի 9-ին Թբիլիսիում անցկացված ԵՄ ընդլայնմանն առնչվող միջոցառման ժամանակ ասել է, որ «ցավոք, Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն առայժմ կասեցված է»։ Նա հավելել է, որ «այս որոշումը կայացվել է ԵՄ առաջնորդների կողմից Եվրոպական խորհրդի վերջին նիստի ժամանակ»։
Հերչինսկին նաեւ տեղեկացրել է, որ ԵՄ-ն սառեցրել է 30 միլիոն եվրո օգնության տրամադրումը, որը նախատեսվում էր 2024 թվականին փոխանցել Վրաստանին՝ երկրի պաշտպանունակության ամրապնդման համար։ Նա հավելել է, որ «իրավիճակի վատթարացման դեպքում կդիտարկվեն նաեւ այլ միջոցներ»:
«Ցավալի է տեսնել ԵՄ-Վրաստան հարաբերությունները նման ցածր մակարդակի վրա, մինչդեռ դրանք կարող էին լինել բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակի վրա», – եզրափակել է Հերչինսկին:
Հունիսի 27-ին եւ 28-ին Բրյուսելում կայացած նիստում Եվրոպական խորհուրդը «լուրջ մտահոգություն» է հայտնել Վրաստանում վերջին զարգացումների կապակցությամբ։ Խոսքը, մասնավորապես, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման նասին է, որն, ըստ Եվրոպական խորհրդի, «հետընթաց» է Հանձնաժողովի՝ Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ հանձնարարականում շարադրված քայլերից:
«Եվրոպական խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ է անում պարզաբանել իրենց մտադրությունները՝ շրջադարձ կատարելով գործողությունների ներկայիս կուրսից, որը վտանգում է Վրաստանի ԵՄ ուղին՝ փաստացի հանգեցնելով անդամակցության գործընթացի դադարեցման»,- ասվում է Խորհրդի կողմից ընդունված եզրակացություններում։
Եվրոպական խորհուրդը նաեւ կոչ է արել վերջ տալ Վրաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների, ակտիվիստների եւ լրագրողների դեմ ահաբեկման, սպառնալիքների եւ ֆիզիկական հաշվեհարդարների հաճախակի դարձած գործողություններին: Խորհուրդը նաեւ հիշեցրել է, որ «անդամ դառնալու ձգտող ցանկացած երկրի համար կարեւոր է հարգանքն առ այն արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը»:
Եվրոպական խորհուրդը Վրաստանի իշխանություններին նաեւ կոչ է արել ապահովել ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ այս տարվա աշնանը, իսկ գործընկերներին էլ՝ «ընտրություններում զգալի երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդություն իրականացնել»: Խորհուրդը հայտարարել է, որ կշարունակի ուշադիր հետեւել իրավիճակին։
Միեւնույն ժամանակ, Եվրոպական խորհուրդը վերահաստատել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն իր անսասան աջակցությունը, վրաց ժողովրդին իր «հաստատուն համերաշխությունը» եւ դեպի եվրոպական ապագա նրանց ճանապարհին աջակցությունը շարունակելու իր պատրաստակամությունը։
Եվրոպական բիզնես ասոցիացիան (EBA) եւ Վրաստանում գործող Բիզնեսի եւ տեխնոլոգիաների համալսարանը (BTU) ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կանանց մենթորություն տեխնոլոգիական ծրագրերում» ծրագրի շրջանակում կազմակերպել են շահակիրների առաջին մեծածավալ հանդիպումը: Միջոցառումը տեղի է ունեցել Թբիլիսիում։
Ծրագրի նպատակն է երեք սեզոնի ընթացքում ներգրավել 1,100 շահառուների եւ 320 մենթորների՝ մասնակիցների առնվազն մեկ երրորդին Վրաստանի շրջաններից խթանելով տարածքային բազմազանությունը։
Հինգ ամիս տեւողությամբ մենթորական աշխատաշրջանները կկազմակերպվել են հինգ հիմնական տեխնոլոգիական ուղղություններով, ներառյալ կիբեռանվտանգությունը, front-end ծրագրավորումը, գրաֆիկական դիզայնը, թվային մարքեթինգը եւ UX/UI դիզայնը: Առաջին աշխատաշրջանը սկսվում է հուլիսին, այն կունենա արդար եւ թափանցիկ ընտրության գործընթացի հիման վրա ընտրված 100 մասնակից եւ 70 մենթոր։
Շահակիրների հանդիպմանն անդրադարձ է կատարվել ծրագրի նպատակներին առնչվող տարբեր թեմաների, այդ թվում՝ Վրաստանում կանանց համար ՏՀՏ հմտությունների եւ կարիերայի հեռանկարների բարձրացմանը:
«Այսօր առավել քան երբեւէ մենք աջակցում ենք վրաց ժողովրդի՝ Եվրոպական միությանն անդամակցելու ձգտմանը։ Այս նպատակին հասնելու ուղիներից մեկը ժողովրդավարական եւ տնտեսական գործընթացներում քաղաքացիների ներգրավվածության խրախուսումն է: 2024 թվականին դա նշանակում է թվային ներառման առաջխաղացում, հատկապես՝ կանանց համար»,- ասել է Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Ցենդրովիչը:
Եվրոպական միության (ԵՄ) եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ «EU4Dialogue» ծրագիրը հայտարարել է, որ վերջին չորս տարվա ընթացքում նպաստել է տեղական բնակչության կենսապայմանների բարելավմանն ու համայնքային ներգրավվածության խթանմանն ուղղված ավելի քան 40 քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների։
Հունիսի 27-ին ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներն այցելել էին Վրաստանի Սամեգրելո շրջան՝ դիտարկելու քաղաքացիական հասարակության մի քանի նախաձեռնությունների առաջընթացը, որոնք EU4Dialogue-ի շրջանակներում նպաստում են տեղական աճին եւ համայնքների ակտիվությանը:
Զուգդիդում նրանք ներկա են գտնվել վերջերս վերականգնված խճանկարային որմնանկարների պաշտոնական բացմանը, որոնք այստեղ են տեղափոխվել Ռուխի գյուղից եւ տարածաշրջանում նոր զբոսաշրջային հանգրվան են դարձել: Վերականգնված որմնանկարները՝ «Կարմիր հագած տիկինը», «Ամառը Սամեգրելոյում» եւ «Երաժիշտները», 20-րդ դարի հանրային արվեստի ժառանգության օրինակելի նմուշներ են, որոնք ընդհանուր նշանակություն ունեն հակամարտությունների տարբեր հատվածներում գտնվող համայնքների համար: Դրանց վերականգնմանը մասնակցել են վրացի եւ ֆրանսիացի փորձագետներ «Mosaica Studio» արհեստների զարգացման կենտրոնից եւ Ribirabo հիմնադրամից՝ EU4Dialogue ծրագրի աջակցությամբ: Հակամարտությունից տուժած շրջաններից տեղի երիտասարդներն ակտիվորեն մասնակցել են վերականգնմանը՝ օգնելով փորձագետներին եւ յուրացնելով արհեստը:
Այցը շարունակվել է «Աբխազեթի» բարեգործական մարդասիրական կենտրոնի կողմից ստեղծված խորհրդատվական կենտրոնում, որը հոգեբանական աջակցություն եւ տարբեր սոցիալական ծառայությունների վերաբերյալ խորհրդատվություն է առաջարկում հակամարտության երկու կողմերում ապրող մարդկանց։ Իր գործունեության առաջին վեց ամիսների ընթացքում՝ 2024 թվականի հունվարից մինչեւ մայիս, կենտրոնն իրականացրել է ավելի քան 120 դեմ առ դեմ խորհրդատվություն եւ թեժ գծով ստացել է ավելի քան 360 զանգ։
«ԵՄ-ն հանուն երկխոսության. Աջակցություն Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը» ծրագիրը Եվրոպական միության եւ ՄԱԶԾ-ի համատեղ նախաձեռնությունն է եւ ավելի լայն «ԵՄ-ն հանուն երկխոսության» (EU4Dialogue) ծրագրի մաս է կազմում: Ծրագիրն աշխատում է տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ հասարակայնության լայն շերտերի հետ՝ բարելավելու մարդկանց սոցիալ-տնտեսական պայմանները, ստեղծելու ապրուստի միջոցներ, խթանելու գենդերային հավասարությունն ու երիտասարդների ակտիվությունը եւ աջակցելու հակամարտությունների խաղաղ փոխակերպմանը։
Մինչեւ 10,000 եվրո դրամաշնորհներ Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Արեւելյան գործընկերությունում քաղաքացիական հասարակության դիմակայունության բարձրացում» (ERICS-EaP) ծրագիրը նախաձեռնել է Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար նախատեսված հայտամրցույթ, որի նպատակն է ամրապնդել նրանց դիմակայելու կարողությունը եւ հարմարվել ներկա եւ ապագա մարտահրավերներին:
Ծրագիրը ղեկավարում է Անդրատլանտյան հիմնադրամը (TF)՝ Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամի «Սեւծովյան վստահություն» տարածաշրջանային համագործակցության ծրագրի հետ գործընկերությամբ։
Հայտամրցույթի առաջնային նպատակն է աջակցել ռազմավարական ներդրումներին այն ոլորտներում, որոնք էական նշանակություն ունեն ՔՀԿ-ների երկարաժամկետ դիմակայունության համար:
ՔՀԿ-ները կարող են դիմել ֆինանսավորման՝ աջակցելու դիմակայունության ամրապնդման տարբեր միջոցառումներին, ներառյալ, բայց չսահմանափակվելով անձնակազմի անվտանգության եւ բարեկեցության, թվային անվտանգության եւ ՏՏ սարքավորումների, փորձագիտական խորհրդատվության եւ խորհրդատվական ծառայությունների, իրավական աջակցության եւ հաղորդակցության համար:
Դրամաշնորհները կազմում են 10,000 եվրո եւ նախատեսված են առավելագույնը 4 ամիս տեւողությամբ ծրագրի ծախսերը ծածկելու համար։
Հետաքրքրված ՔՀԿ-ներն իրենց հայտերը կարող են ներկայացնել մինչեւ հուլիսի 22-ը:
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Զորեղացնելով քաղաքացիական հասարակության դիմակայունությունն Արեւելյան գործընկերությունում» ծրագրի շրջանակում Անդրատլանտյան հիմնադրամը (TF), համագործակցելով Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալի հիմնադրամի «Սեւծովյան վստահություն» տարածաշրջանային համագործակցության ծրագրի հետ, նախաձեռնում է անհատական ճամփորդական դրամաշնորհների առաջարկների ընդունում՝ նպատակ ունենալով խթանել տարածաշրջանային կապերը, փոխանակումները եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների, քաղաքացիական ակտիվիստների եւ առաջնորդների, Արեւելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրների ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների միջեւ:
Ծրագրի շրջանակում առաջիկա երկուսուկես տարվա ընթացքում կտրամադրվեն 50 ճամփորդական դրամաշնորհներ՝ յուրաքանչյուրն առավելագույնը 1500 եվրո, որոնք հնարավորություն կտան ՔՀԿ ներկայացուցիչներին, քաղաքացիական ակտիվիստներին եւ առաջնորդներին, ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներին մասնակցել գոյություն ունեցող տարածաշրջանային ցանցային միջոցառումներին, ֆորումներին եւ համագործակցության նախաձեռնություններին:
Մրցույթը բաց է ԱլԳ վեց երկրներում, ներառյալ՝ Հայաստանում գործող ՔՀԿ ներկայացուցիչների համար, այդ թվում՝ դրանց ղեկավարների, անձնակազմի, կամավորների, քաղաքացիական ակտիվիստների եւ առաջնորդների, ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների։
Հայտերի ընդունումն իրականացվում է առանց վերջնաժամկետի։ Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետեւյալ էլ. փոստին։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։