Վրաստանի նախագահը չի ստորագրել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները և վերոնշյալ օրենքը վերադարձրել է խորհրդարան։ Նախաձեռնված փոփոխություններով հիմնադրամի խորհրդի անդամներին նշանակելու է վարչապետը:
«Չի կարելի այս գործընթացը դուրս բերել խորհրդարանից և իշխանությունը փոխանցել վարչապետի ձեռքը։ Նման կենտրոնացումը ռիսկ է ստեղծում, որ կառավարման խորհուրդը համալրվի իշխող կառավարության շահերից ելնելով, ինչը թույլ կտա հիմնադրամի միջոցները ներդնել տարբեր պետական, ոչ այնքան շահավետ նախագծերում և չի ծառայի բնակչության շահերին։
Վրաստանում կենսաթոշակային բարեփոխումը համարվում է հաջողված բարեփոխումներից մեկը, ուստի արդարացված չէ այնպիսի փոփոխություններ ընդունել, որոնք վնասում են օրենքի հեղինակությունը և խաթարում հասարակության վստահությունը դրա նկատմամբ։ Կենսաթոշակային կոշտ բարեփոխումն ուղղակիորեն կապված է քաղաքացիների բարօրության հետ։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը հաշվի առնել ավելի քան մեկուկես միլիոն Վրաստանի քաղաքացիների շահերը։
Այստեղ հստակեցնեմ, որ դա չի նշանակում այսպես կոչված վետո՝ մոտիվացված մեկնաբանություններով խորհրդարան ուղարկել», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլիի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն։
Ըստ փոփոխության՝ կենսաթոշակային ֆոնդի վրա Ազգային բանկի (ԱԲ) իրավունքները կավելանան։ Էական խախտում հայտնաբերելու դեպքում ԱԲ-ը կարող է պաշտոնանկ անել հիմնադրամի տնօրինության անդամներին՝ գլխավոր տնօրենին, գլխավոր ներդրումային տնօրենին, գլխավոր ռիսկերի պատասխանատուին և ներքին աուդիտի ղեկավարին:
Թերևս, գլխավոր փոփոխություններից է այն նաև, որ կենսաթոշակային խնայողությունների սեփականատերերն այլևս իրավունք չեն ունենա իրենց գումարների կառավարումը վստահել մասնավոր ընկերությանը։
Հիշեցենք. Վրաստանում գործող կուտակային կենսաթոշակային համակարգը հիմնված է 2 տոկոս+2 տոկոս+2 տոկոս սկզբունքի վրա։ Գործատուն աշխատողի կենսաթոշակային հաշվին մուտքագրում է աշխատողի աշխատավարձի չհարկվող գումարի 2 տոկոսը: Նույնքան գումար է ներդրում անում հենց աշխատողը, իսկ 2 տոկոսը վճարում է պետությունը։
Վրաստանում տղամարդիկ կենսաթոշակ են ստանում 65 տարեկանից, իսկ կանայք՝ 60 տարեկանից: