Նինոծմինդայի մունիցիպալիտետում, ինչպես Սամցխե-Ջավախքի մյուս մունիցիպալիտետներում, գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության մեծ մասը զբաղվում է կարտոֆիլագործությամբ։ 2023 թվականի դրությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետում ցանվել է 2830 հա կարտոֆիլ, հեկտարից հավաքվել է միջինը 17 տոննա բերք։ Մունիցիպալիտետում հիմնականում արտադրում է կարտոֆիլ, ցորեն, վարսակ։ Այս ամենի միջև կարտոֆիլը կազմում է մոտ 25,9%։ Կարտոֆիլը տեղի բնակիչների «երկրորդ հացն» է և միևնույն ժամանակ եկամտի հիմնական աղբյուրներից մեկը։
Ռուստամ Կոնդյանը Խանչալի գյուղի բնակիչ է։ Ամեն տարի Ռուստամը ցանում է մոտ 2,5 հեկտար կարտոֆիլ։ Ինչպես և իր համագյուղացիները, նրա և իր ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը կարտոֆիլի աճեցումն ու հետագայում իրացնելն է։ Ռուստամն ասում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին տարածաշրջանում կարտոֆիլի աճեցումը վտանգի տակ է։
Ռուստամն իր գյուղատնտեսական եկամուտի գրեթե կեսը ծախսում է կարտոֆիլի աճեցման վրա։ NOR ռադիոկայնաի հետ զրույցում Ռուստամն ասում է, որ պատերազմի պատճառով վառելիքի ինքնարժեքը բարձրացել է ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, ինչը զգալիորեն բարձրացնում է կարտոֆիլի աճեցման արժեքը։ Վառելիքի գների բարձրացումը ավտոմատ կերպով բարձրացնում է տեխնիկաների պահպանման ծախսերը։ Սա լուրջ խնդիր է ստեղծում Նինոծմինդայի մունիցիպալիտետի ֆերմերների համար։
«Վերջին 4 տարիների ընթացքում կարտոֆիլի աճեցման հետ կապված ծախսերն աճել են հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։ Եկամուտների 20% -ը ծախսվում է գյուղտեխնիկայի [տրակտորների] պահպանման վրա, 20-30% -ը՝ այլ ծախսերի՝ աշխատողների, քիմիական նյութերի, տրանսպորտի և այլնի վրա»,- ասում է Կոնդյանը։
Կարտոֆիլի աճեցման ինքնարժեքի հետ մեկտեղ խնդիր է նաև կարտոֆիլի շուկայավարման ցածր գինը։ Ջավախքում աճեցված 1 կիլոգրամ կարտոֆիլը 2023 թվականի աշնանը վաճառվում էր 20-30 թեթրիով, և նույնիսկ այդքան ցածր գնով գնորդները քիչ էին։ Կարտոֆիլի շուկայահանման դժվարության պատճառով ֆերմերները ստիպված են դեն նետել այն կարտոֆիլը, որը պահվում է պահեստներում և փչանում։
Դեն նետված կարտոֆիլ, Փ.Խանչալի գյուղի ծայրամաս․
Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակվող ֆերմերները նշում են, որ կարտոֆիլի մշակությունը վերջին 2-3 տարիներին վնասներ է կրում։ Եկամուտները չեն կարող ծածկել ծախսերը։ Չնայած այս դժվարություններին, տեղի բնակիչները, քանի որ երկար տարիներ իրենց եկամտի աղբյուրը հիմնականում կարտոֆիլի աճեցումն էր կամ Ռուսաստանում աշխատելը, դեռ շարունակում են զբաղվել այս տեսակի գործունեությամբ։ Հատկապես նրանք, ովքեր ապրում են գյուղական վայրերում։
Ջավախքի ֆերմերները լուծում են տեսնում տեղական շուկայի կարգավորման մեջ. Նրանք նշում են, որ երբ կարտոֆիլը ներկրվում է Վրաստան, Ջավախքից մնացած չվաճառված կարտոֆիլը փչանում և դեն է նետվում։ Այսօր այս ապրանքի նկատմամբ ողջ երկրի պահանջարկը կարող է բավարարվել Ջավախքում աճեցված կարտոֆիլով։
Ըստ Geostat -ի՝ 2023 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան կարտոֆիլի ներմուծման ծավալը կազմել է 30 հազար տոննա և գերազանցել 7 միլիոն դոլարը։ Միաժամանակ Վրաստանից արտահանվել է 4723 տոննա՝ 1 մլն 300 հազար դոլարի չափով։ Ըստ այդմ՝ պարզվում է, որ կարտոֆիլի ներմուծումը հանրապետություն գրեթե 5 անգամ գերազանցել է արտահանումը։
Ըստ տեղի ֆերմերների, խնդրի լուծման համար անհրաժեշտ են պետական և մարզային իշխանությունների աջակցությունը: Կարևոր է օգնել ֆերմերներին ոչ միայն նվազեցնել մշակաբույսերի աճեցման ծախսերը, այլ նաև կազմակերպել արտադրանքի արդյունավետ վաճառք, որպեսզի Ջավախքի կարտոֆիլը վաճառվի, որպեսզի ֆերմերները կարողանան շահույթ ստանալ: