Ֆինանսական շուկայում լարիի անկայունությունը կշարունակվի. փորձագետներ

Ֆինանսական շուկայում լարիի անկայունությունը կշարունակվի. փորձագետներ

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» («գործակալների օրենք» — հեղ.) օրենքի և միջազգային գործընկերների հայտարարությունների, ԱՄՆ-ի կողմից վրացի որոշ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների և այլ գործընկերների ֆինանսական օգնության դադարեցման ֆոնին արժութային հոսքերը հետագայում կնվազեն, ինչը կհանգեցնի ազգային արժույթի՝ լարիի արժեզրկմանը, կարծում են վրացի փորձագետները:

«Վրաստանի ռեֆորմների ասոցիացիա»-ի (GRASS) վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց, որ Վրաստանում գործում է լողացող արժույթի ռեժիմ, ինչը նշանակում է, որ փոխարժեքը կարճաժամկետ հեռանկարում կարող է տատանվել։

Ըստ նրա՝ իրական փոխարժեքի վրա միաժամանակ ազդում են ինչպես հիմնարար, այնպես էլ կարճաժամկետ գործոններ: Կարճաժամկետ հեռանկարում կարևորվում են ակնկալիքները, որոնք սովորաբար հետևում են ինչ-որ գործընթացի կամ մեկ կոնկրետ որոշման։

«Լարիի վերջին տատանումները կապված էին սպասումների հետ։ Խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է, այսպես կոչված, ռուսական օրենքը, մայիսի 28-ին հաղթահարել է նախագահի վետոն, իսկ հունիսի 6-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել՝ վիզային սահմանափակումներ Վրաստանում գործող մոտ 30 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»,- նշեց Էլիզբարաշվիլին:

Նրա խոսքով, կարճաժամկետ կտրվածքով՝ մեկ ամսում լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 18 թեթրիով՝ 2,68-ից հասնելով 2,86-ի։ Անկումը կասեցնելու համար Ազգային բանկը դիմել է արժութային ինտերվենցիաների, մասնավորապես՝ Ազգային բանկը երեք տարբեր աճուրդներով վաճառքի է հանել, ընդհանուր առմամբ, 180 մլն դոլար, որից վաճառել է 169 մլն դոլարը։

«Ցնցումների ժամանակ խուճապը զսպելու համար ռեզերվներ ծախսելն ընդունված պրակտիկա է, սակայն մակրոտնտեսական գործոնների վատթարացման ժամանակ փոխարժեքը նույն կերպ պահելը ժամանակի ընթացքում ավելի է վատթարացնում արժեզրկումը:

Երկարաժամկետ հեռանկարում հնարավոր չէ կանխատեսել ճշգրիտ ընթացքը։ Կարճաժամկետ կտրվածքով, այլ հավասար պայմաններում, էական տատանումների հիմք չկա։ Եթե ​​փոխարժեքը շատ չփոխվի, ապա ընթացիկ արժեզրկման չափն էական ազդեցություն չի ունենա տնտեսության վրա»,- հավելեց Էլիզբարաշվիլին:

ISET գիտահետազոտական ​​ինստիտուտի տնտեսագետ Գիորգի Պապավայի խոսքով, մոտ ապագայում կարող են լինել լարիի փոխարժեքի տատանումներ։ Ըստ նրա՝ երկարաժամկետ էֆեկտը կախված կլինի երկրում առկա ռիսկերից, ընթացիկ իրադարձություններից, և թե ինչպես կընթանան առաջիկա ընտրությունները.

«Արժեզրկման հետ կապված կանխատեսումը բարդ է, կարող են լինել կարճաժամկետ տատանումներ. որքան ավելի տատանվի իրավիճակը երկրում, այդ տատանումները երկու ուղղությամբ էլ ավելի շատ կլինեն։ Երբեմն դա կարող է փոխվել դրական, երբեմն՝ բացասական, բայց ռիսկեր կան»:

Վրաստանում «գործակալների մասին օրենքի» ընդունումից հետո Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական ընկերությունների բաժնետոմսերի գինը նվազում է։

Վրաստանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Լարին շարունակում է արժեզրկվել: Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։

Հիշեցնենք. Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):

Ուշագրավ է նաև, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։

Ընդգծենք՝ Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման մասին է խոսել նաև Բեռլինը: