Սթրեսն ավելի մեծ հավանականությամբ կարող է սրտի հիվանդություններ առաջացնել, քան քաղցկեղը

Սթրեսն ավելի մեծ հավանականությամբ կարող է սրտի հիվանդություններ առաջացնել, քան քաղցկեղը

Բժիշկ Անդրեա Լին Ռոբերտսի եւ գինեկոլոգիական ուռուցքաբանության ոլորտի պրոֆեսոր Անիլ Սուդի (ԱՄՆ) կարծիքով՝ սթրեսի ազդեցությունը քաղցկեղի առաջացման վրա այնքան նշանակալի չէ, ինչպես դրա վտանգավորությունը սրտի եւ անոթների համար։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail-ը։

Փորձագետները նշել են, որ վերջին տարիներին սթրեսի եւ քաղցկեղի կապի հայտնաբերմանն ուղղված հետազոտությունները զգալիորեն ավելացել են։ Որոշ գիտական աշխատությունների արդյունքները ցույց են տալիս, որ կոկորդի, կերակրափողի, քթի, լեզվի, թքամերձ խոռոչների եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող մարդիկ հաճախ սթրես են ապրել հինգ տարիների (կամ ավելի քիչ) ընթացքում, մինհչեւ հիվանդության հայտնաբերումը։ Այլ հետազոտություններ կապ չեն հայտնաբերում անբարենպաստ կենսական իրադարձությունների եւ քաղցկեղի կոնկրետ տեսակների (օրինակ՝ կաթնագեղձի) առաջացման ռիսկի միջեւ։

Ուռուցքաբանական հիվանդությունների ոլորտի հետազոտող Անդրեա Լին Ռոբերտսը նշում է, որ սթրեսային իրադարձությունները կարող են ավելացնել առողջական լուրջ խնդիրների առաջացման հավանականությունը։ Սակայն սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը հուզական գերլարվածությունից շատ ավելի բարձր է, քան քաղցկեղի։ Բժշկի կարծիքով՝ կարճատեւ սթրես ապրած մարդիկ չպետք է անհանգստանան։

Այնուամենայնիվ, ուռուցքաբան Անիլ Սուդի խոսքով՝ քրոնիկական (մշտական)
սթրեսը կարող է խախտել իմունային համակարգի աշխատանքը, ինչի պատճառով այն
սկսում է ավելի վատ ճանաչել եւ ոչնչացնել ուռուցքային բջիջները։ Բժիշկն
ավելացրել է, որ հյուծիչ հուզական լարվածությունը անուղղակիորեն
բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը՝ հանգեցնելով մարսողության
խնդիրների, դիաբետի եւ սրտի հիվանդությունների։