121 ՀԿ-ներ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը վիճարկելու են Սահմանադրական դատարանում

121 ՀԿ-ներ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը վիճարկելու են Սահմանադրական դատարանում

Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունները հայց են ներկայացնում Սահմանադրական դատարան՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։ Ինչպես համատեղ ճեպազրույցում հայտնել են քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները, հայցադիմումն արդեն պատրաստ է և հուլիսի 17-ին կուղարկվի դատարան։

Օրենքի վիճարկվող դրույթների կատարումը ժամանակավորապես կասեցնելու խնդրանքով դատարան են դիմում նաև հասարակական կազմակերպությունները։

Բացի այդ, հասարակական կազմակերպությունները պատրաստվում են հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես համատեղ ճեպազրույցում ասել է Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) ներկայացուցիչ Գիորգի Դավիթուրին, եթե ՍԴ-ն ձգձգի գործընթացը, կկիրառվի միջազգային մեխանիզմ։

«Այս անգամ 121 հասարակական կազմակերպություններ սահմանադրական հայց կներկայացնեն Վրաստանի Սահմանադրական դատարան… Սահմանադրական հայցը ևս մեկ անգամ հստակորեն հաստատում է, որ վիճարկվող օրենքը սահմանափակում է քաղաքացիների միավորվելու իրավունքը՝ հասնելու ընդհանուր նպատակին՝ օգուտ բերել ժողովրդին, երկրին:

Ռուսական օրենքի ընդունումով իշխանությունները ստեղծել են թշնամական միջավայր, որտեղ տարբեր իրավունքների իրականացումը, այդ թվում՝ միավորվելու և արտահայտվելու ազատությունը, հայտարարվում է որպես ռիսկ և սպառնալիք։ Մենք ողջունում ենք Վրաստանի նախագահի և խորհրդարանի անդամների որոշումը՝ դիմելու Սահմանադրական դատարան։

Սահմանադրության 78-րդ հոդվածը Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման հիմնաքարն է։ Հուսով ենք, որ Վրաստանի Սահմանադրական դատարանը օպերատիվ կերպով կքննարկի վիճարկվող նորմի գործողությունը կասեցնելու միջնորդությունը և կհաստատի այն։ Բացի այդ, մենք պատրաստվում ենք բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասել է Գիորգի Դավիթուրին։