Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն՝ 9-րդ դասարանի փոխարեն պարտադիր հիմնական կրթությունը սահմանում է 10-րդ դասարանը։
Ընդունված օրենքի համաձայն՝ Վրաստանում հանրակրթության երեք մակարդակները սահմանվում են հետևյալ կերպ՝ – տարրական (6 տարի՝ I-VI-րդ դասարաններ), հիմնական (4 տարի՝ VII-X-րդ դասարաններ) և միջնակարգ (2 տարի՝ XI-XII-րդ դասարաններ):
Կրթության նախարարության տվյալներով՝ 9-րդ դասարանից հետո դպրոցը թողնող աշակերտների թիվը բավականին մեծ է (2023-ին՝ մինչև 3200 աշակերտ), իսկ աշխատաշուկայում նրանց զբաղվածության հեռանկարները շատ ցածր են։
Գործակալությունը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ դեռահասներն ավելի հավանական է, որ բախվեն այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են վաղ ամուսնությունը, տարիքին անհամապատասխան աշխատանք, անօրինական գործունեություն և այլն։
Ինչպես պարզաբանում են նախարարությունից, հիմնական կրթությունը կատարելագործելով՝ աշակերտներն ավելի պատրաստ կլինեն գիտակցված որոշում կայացնելու՝ ուսումը շարունակել հանրակրթական հաստատությունում կամ արհեստագործական ուսումնարանում։ Բացի այդ, նախարարությունը գնահատում է, որ եթե աշակերտը որոշի դադարեցնել ուսումը, նա կլինի 15-16 տարեկան, իսկ քառամյա հիմնական մակարդակի ծրագիրը կապահովի ավելի պատրաստված երիտասարդի մուտքը աշխատաշուկա։