Ապրիլի 22-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում Ախալխալաքիում փորձել են այրել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի երկու ավտոմեքենաները, որոնք կանգնեցված են եղել պատգամավորի սեփական տան դիմաց:
Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանը Jnews.ge-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում հաստատեց մեքենաների այրվելու փաստը և նշեց.
«Կասկածները շատ են ու տարբեր, կարող եմ ասել, որ սա կապ չունի իմ բիզնես գործնեության հետ, այլ իմ քաղաքական գործնեությանն է ուղղված: Տեսնենք ինչպես կաշխատի ոստիկանությունը, ինչ կպարզի», – ասաց Սամվել Մանուկյանը:
Պատգամավորի հարևանը պատահական նկատել է, թե ինչպես է մի մարդ բենզին լցնում և այրում մեքենաները: Վերջինս անմիջապես փախուստի է դիմել, երբ հարևանը դուռը բացել է, սակայն դեպքի վայրում մնացել են իրեղեն ապացույցներ:
Դեպքի առթիվ գործ է հարուցվել, Վրաստանի Քրեական օրենսգրքի 187 հոդվածի՝ «Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնել կամ վնասել» համաձայն (ՆԳՆ-ից չի ճշտված):
Հրշեջ ծառայություն նույնպես զանգել են, սակայն մինչև նրանց գալը, սեփական ուժերով կարողացել են կրակը մարել: Ավտոմեքենաներից մեկը հաջողվել է շուտ մարել, սակայն երկրորդը բավականին վնասվել է:
Նյութի աղբյուր՝ Jnews.ge