Այսօր՝ հուլիսի 21-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ավանդական դարձած պոեզիայի օրը։ Այս տարի այն թվով 58-րդն էր։
Սկսած 1967 թվականից հուլիս ամսվա նախավերջին կիրակին նվիրվում է Ջավախք աշխարհի պանծալի զավակ, հայ դասական գրականության տաղանդավոր քնարերգու Վահան Տերյանին ու նրա անկրկնելի պոեզիային:
Առավոտից մարդաշատ էր Գանձա գյուղը: Գալիս էին հյուրեր Թբիլիսիից, Վրաստանի տարբեր տարածաշրջաններից և Հայաստանից։
Տերյանական պոեզիայի ավանդական օրն սկսվեց 1840-ական թվականների կառույց, Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգոր քահանայի ղեկավարությամբ և հովանավորությամբ կառուցված Սբ. Կարապետ եկեղեցում Սրբազան Պատարագով, որը մատուցեց Գանձայի հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Ասատրյանը։ Այնուհետև հյուրերն այցելեցին հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի տուն-թանգարան և տուն-թանգարանի ցուցասրահ, որը վերանորոգվել է 2021 թվականին։
Նշենք նաև, որ այս օրերին ընթանում են բանաստեղծի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները։
Կեսօրին սկսվեց տերյանական հանդիսությունը, որի բացումը կատարեց Նինոծմինդայի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը։
Դաշտահանդեսին ելույթներ ունեցան ՀՀ Սահմանադրական կենտրոնի ղեկավար, «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Արուշան Հակոբյանը, «Վրաստան» շաբաթաթերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, տերյանասեր և ծնունդով Գանձայից Շիրակ Թորոսյանը, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և այլք։
Տոնահանդեսը, որը կազմակերպվել էր Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի կողմից, վարում էր NOR ռադիոկայանի մեր սիրելի գործընկեր Արկադի Սիմոնյանը։ Նա իր խոսքում հպարտությամբ նշեց, որ 1967 թվականից սկսած Գանձայում տերյանական օրը խորհրդանշորեն տերյանասեր մարդկանց խոնարհումն է այս հող ու ջրի զավակ Վահան Տերյանի ու նրա ստեղծած անմահ գրական ժառանգության և պոեզիայի առջև:
Տերյանական պոեզիայի օրվան նվիրված տոնահանդեսին երաժշտական, պարային և բանաստեղծական ելույթներով հանդես եկան ոչ միայն Նինոծմինդայի, այլև Գանձայի և շրջակա գյուղերից ժամանած երգի-պարի համույթներ և անհատ կատարողներ: