Ապրիլի 4 -ից Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույցեր էին ընթանում կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի շուրջ, այնուամենայնիվ մայիսի 1 -ին խորհրդարանում երկրորդ՝ իսկ մայիսի 14 -ին արդեն երրորդ և վերջնական ընթերցմամբ պաշտպանել են «Ռուսական օրենքը»։
Այս թեմայի շուրջ Նինոծմինդա քաղաքում անցկացրեցինք հարցում և փորձեցինք պարզել, թե ինչ գիտեն և որքանով են տեղեկացված վերոնշյալ օրենքից։
Բնակիչներից մեկի խոսքով․ «Այս օրենքը շատ վատ անդրադարձ կունենա, քանի որ այսքան տարի Ռուսաստանի ազդեցության ներքո ապրելով ոչ մի լավ բան չենք տեսել։ Իմ կարծիքով, մեր այսօրվա առաջընթացը կապված է Եվրոպայի հետ՝ ասֆալտը, լույսը, թոշակը և այլն։ Շատ վատ կանդրադառնա նաև վիզաների պարտադիր դառնալու մտավախությունը, գոնե հիմա ազատ կարող են գնալ Եվրոպա աշխատել ու վերադառնալ»։
Մեկ այլ բնակիչ էլ ասում է․ «Մեր ժողովրդի մեծամասնությունը մեկնում է արտագնա աշխատանքի Ռուսաստան, մենք առանց Ռուսաստանի չենք կարող ապրել։ Եվրոպա այս պահին կարող ենք առանց վիզայի մեկնել, եթե սահմանափակումներ կիրառեն, ապա արտառոց ոչինչ չի լինի, այդ ժամանակ էլ կմեկնենք Ռուսաստան, որը ծովից ծով է»։
Մանրամասները՝ աուդիոնյութում․
Կարդացեք նաև՝
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» վերագրանցել է «Օտարերկրյա պետությունների շահերը հետապնդող կազմակերպությունների մասին» փոքր-ինչ փոփոխված անվանմամբ օրինագիծը Վրաստանի խորհրդարանում: Միացյալ Նահանգները և Եվրամիությունը դեմ են օրենքին՝ նշելով, որ այն հակասում է ԵՄ սկզբունքներին:
Չնայած հազարավոր քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հակազդեցությանը` Վրաստանի խորհրդարանը, այնուամենայնիվ, մայիսի 14-ին ընդունեց այսպես կոչված «ռուսական օրենքը», իսկ մայիսի 28-ին այն հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։
Օրենքի համաձայն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություններ», այլապես կտուգանվեն։ Գրանցումից կամ ֆինանսական հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը պատժվում է տուգանքով՝ 25000 լարիի չափով։ Սուբյեկտը պարտավոր է համապատասխան ինտերնետային էջ մուտք գործելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտը լրացնել էլեկտրոնային եղանակով` Վրաստանի Արդարադատության նախարարի կողմից սահմանված ձևին համապատասխան և ներկայացնել գործակալություն: Հայտը լրացնելու և ներկայացնելու պարտավորությունը չկատարելու դեպքում կտուգանվի 10000 լարիով:
Նույն արարքը կատարելու համար վերջին անգամ նշանակված վարչական տույժի կիրառումից հետո մեկամսյա ժամկետում արարքի կատարումը շարունակելը առաջացնում է տուգանք՝ 20000 լարիի չափով։
Այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման կապակցությամբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել պետական պաշտոնյաների դեմ։ Հունիսին հանրությանը հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի փաստաթուղթը, ըստ որի, եթե երկրում իրավիճակը չբարելավվի, Եվրոպան պատժամիջոցներ կկիրառի անձնակազմի նկատմամբ, կդադարեցնի ֆինանսական օգնությունը և, որպես վերջին միջոց, ժամանակավորապես կդադարեցնի առանց վիզա անվճար ճանապարհորդությունների արտոնությունը։