Այսօր Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում «Փարոս» կանանց հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կանայք ընդդեմ բռնության» ծրագրի շրջանակներում «Սաֆարի» և «Մերսի Քորփս» ընկերությունների ֆինանսական աջակցությամբ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, Սամցխե-Ջավախքում մարդու իրավունքների պաշտպանության ներկայացուցիչ Անդրանիկ Բաղդասարյանի հետ։
Բաղդասարյանի հետ հանդիպմանը ներկա են եղել ծնողներ ու նրանց անչափահաս երեխաները, որտեղ քննարկվել են ընտանեկան բռնությանը, վաղ ամուսնությանը վերաբերող թեմաներ։ Հանդիպման ընթացքում Անդրանիկ Բաղդասարյանը ներկաներին ներկայացրեց ընտանեկան բռնության վերաբերող այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ֆիզիկական բռնությունը, հոգեբանական բռնությունը, հարկադրանքը և տնտեսական բռնությունը, թե ում կողմից կարող է բռնություն լինել ընտանիքում և ինչպես դիմադրել դրան։ Բարձրացվեց նաեւ վաղ ամուսնությունների թեման։
Հանդիպման ընթացքում Բաղդասարյանը տրամադրեց տեղեկատվություն նաև ՄԻՊ գրասենյակի աշխատանքի մասին, թե ինչ հարցերի շուրջ քաղաքացիները կարող են դիմել մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ և այլ պատկան մարմիններ։
Առավել մանրամասն՝ Անդրանիկ Բաղդասարյանի հետ զրույցում.
Ռադիո NOR-ի հետ զրույցում Բաղդասարյանը նաև նշել է, որ լինում են պահեր, երբ ընտանեկան բռնության և վաղ ամուսնությունների մասին տեղեկությունը չի հասնում մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ կամ այլ պատկան մարմինների և գաղտնի է մնում, ինչի արդյունքում անհնար է կանխել ընտանեկան բռնության կամ վաղ ամուսնության դեպքերը :