Ֆոն դեր Լեյենը ԵՄ–ի ընդլայնումն անվանել է նորընտիր Եվրահանձնաժողովի «հիմնական առաջնահերթությունը»
Հուլիսի 18-ին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրոպական խորհրդարանին է ներկայացրեԼ իր՝ որպես Եվրոպական հանձնաժողովի 2024-2029 թվականների ղեկավարի ծրագիրը։
Նա իր ելույթը սկսել է՝ վերհիշելով իր նախորդ ժամկետի «ամենահուզիչ պահերը»։ Ֆոն դեր Լեյենն ասել է, որ երբեք չի մոռանա «նախագահ Զելենսկու ելույթները, երբ նույնիսկ թարգմանիչները չէին կարողանում զսպել իրենց արցունքները»։
Ապագայի համար իր առաջնահերթությունների թվում ֆոն դեր Լեյենը նշել է Ուկրաինային աջակցությունն «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», «ազատ եւ անկախ երկրի համար արդար եւ երկարատեւ խաղաղությունը», ինչպես նաեւ ԵՄ ներդրումները՝ նրա անվտանգության եւ պաշտպանության ուղղությամբ:
«Ռուսաստանը դեռեւս հարձակում է իրականացնում Ուկրաինայի արեւելքում։ Նրանք հույսը դնում են հյուծիչ պատերազմի եւ նրա վրա, որ հաջորդ ձմեռը նախորդից ավելի դաժան է լինելու։ Ռուսաստանը հույսը դնում է Եվրոպայի եւ Արեւմուտքի թուլացման վրա։ Եվ ոմանք Եվրոպայում խաղում են նրա խաղը»,- ասել է ֆոն դեր Լեյենը ՝ հիշեցնելով, որ երկու շաբաթ առաջ «ԵՄ երկրներից մեկի վարչապետն այցելել է Մոսկվա»:
«Այդ, այսպես կոչված, խաղաղարար առաքելությունը ոչ այլ ինչ էր, քան խաղաղացման առաքելություն։ Ընդամենը երկու օր անց Պուտինի ինքնաթիռներն իրենց հրթիռներն ուղղեցին Կիեւի մանկական հիվանդանոցի եւ ծննդատան վրա։ Մենք բոլորս տեսել ենք արյան մեջ թաթախված երեխաների եւ մայրերի պատկերները, որոնք փորձում են քաղցկեղով հիվանդ իրենց փոքրիկներին ապահով տեղ տեղափոխել: Այս հարվածը սխալմունք չէր։ Այն ուղերձ էր։ Սթափեցնող ուղերձ Կրեմլից՝ մեզ բոլորիս», – նշել է ֆոն դեր Լեյենը։
Խոսելով ԵՄ ընդլայնման մասին՝ նա ասել է, որ այն «հիմնական առաջնահերթություն» կդառնա իր հանձնաժողովի համար: Նա հավելել է, որ Հանձնաժողովը կաջակցի ԵՄ անդամության թեկնածուներին ներդրումների եւ բարեփոխումներին աջակցության միջոցով եւ հավելել է, որ ԵՄ-ն հնարավորության դեպքում կինտեգրի այդ երկրներին իր իրավական դաշտին եւ կապահովի, որ «բոլոր երկրները պատրաստ լինեն՝ նախքան Միությանը միանալը»:
«Արեւմտյան Բալկանները, Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը կատարել են իրենց ազատ ընտրությունը։ Ճնշումների փոխարեն նրանք ընտրել են ազատությունը: Կախվածության փոխարեն նրանք ընտրել են ժողովրդավարությունը: Եվ նրանցից ոմանք թանկ են վճարում այս ընտրության համար: Ուստի մենք պետք է կատարենք մեր ընտրությունը եւ դրսեւորենք ամուր նվիրվածություն: Նրանց ապագան ազատ ու բարգավաճ կլինի մեր Միությունում»,- ասել է ֆոն դեր Լեյենը։
Մամուլի միջազգային ինստիտուտը եւ Factograf-ն ապատեղեկատվության վերծանման ուղեցույց են թողարկել
Մամուլի միջազգային ինստիտուտը եւ խորվաթական Faktograf փաստերի ստուգման հարթակը «Ապատեղեկատվության վերծանման ուղեցույց» են թողարկել:
Այս ռեսուրսը հարմար գործիք է այն լրագրողների, փաստերը ստուգողների եւ հետազոտողների համար, ովքեր զբաղվում են ապատեղեկատվության բացահայտման առաջնագծում գտնվող լրատվամիջոցների մասնագետներին թիրախավորող ապատեղեկատվական եւ զրպարտչական արշավների հետաքննությամբ։
Այն օգնում է հասկանալ ապատեղեկատվության համատեքստը, վերլուծել ժամանակագրությունը եւ հարթակները, բացահայտել հիմնական դերակատարներին եւ կեղծ պատումները։
Մամուլի միջազգային ինստիտուտի թվային հաղորդակցության ղեկավար Խավիեր Լուկեն նշել է. «Այս ուղեցույցներն ունիվերսալ չեն, քանի որ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ապատեղեկատվությունը շարունակում է զարգանալ: Այնուամենայնիվ, այս ուղեցույցը մեկնարկային կետ է՝ բացահայտելու լրագրողներին եւ նրանց վստահելիությանն ուղղված ապատեղեկատվական արշավների հիմնական բաղադրիչները»:
«Ապատեղեկատվության վերծանման ուղեցույցը» Եվրոպական ԶԼՄ-ների եւ տեղեկատվության հիմնադրամի աջակցությամբ եւ Եվրոպական համալսարանական ինստիտուտի Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից ղեկավարվող «Decoding the desinformation Playbook of Populism in Europe» նախաձեռնության մի մասն է։
Perform Europe-ն ընտրել է 42 գործընկերային նախագիծ՝ այդ թվում Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Perform Europe» ծրագիրը 2,1 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացրել 42 գործընկերային նախագծերին: Ծրագիրը «Ստեղծարար Եվրոպայի» գործողություն է՝ ուղղված կատարողական արվեստի ոլորտում կայուն հյուրախաղերի խթանմանը։
Նախագծերի շրջանակներում կազմակերպվել են շրջագայություններ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի երկրներից կատարողական արվեստի 63 գործերով, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից 196 գործընկերների կողմից:
«Ընտրված նախագծերն ի ցույց են դնում կատարողական արվեստի՝ սոցիալական փոփոխություններ խթանելու, բազմազանությունն ու ներառականությունն առաջ մղելու, բոլոր լսարաններին հասանելիություն ապահովելու եւ գլոբալ հրատապ հիմնախնդիրները լուծելու ուժը»,- ասվում է «Ստեղծարար Եվրոպայի» մամուլի հաղորդագրության մեջ:
Ընդհանուր ֆոնդի 13%-ը կհատկացվի Ուկրաինայի կատարողական արվեստի ոլորտին աջակցող նախագծերին։
Ընտրված նախագծերից մեկը միավորում է Հայաստանը, Ուկրաինան եւ Վրաստանը: Այս նախագիծը կստանա 60,000 եվրո դրամաշնորհ՝ Վրաստանում, Հայաստանում եւ Ուկրաինայում «Ջերմոց» մասնակցային ներկայացումը բեմադրելու համար, քանի որ այս երկրների պատմական համատեքստերը խորապես համահունչ են միմյանց:
««Ջերմոցը» բարձրաձայնում է ռազմական հակամարտությունների հետեւանքով տեղահանվածների խնդրին եւ հանդիսատեսին հրավիրում է բեմի վրա ժամանակավոր պաշտպանիչ կառույց կառուցել»,- ասվում է նախագծի նկարագրության մեջ: «Լեռնային Ղարաբաղի, ռուս–վրացական եւ ռուս–ուկրաինական պատերազմների պատճառով միգրացիայի ընդհանուր փորձը ուղիներ է բացում տեղական լսարանի ներգրավման համար եւ կապված է կլիմայի միգրացիայի եւ կլիմայի փոփոխության ավելի լայն հիմնախնդիրների հետ»:
Մեկ այլ նախագծով աջակցություն կցուցաբերվի «Ալյասկա. երջանկության որոնում եւ դաժան աշխարհ» ներկայացմանը, որը վերջիններից է Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում ներկայացվածների շարքում: Այն գրվել է ռուսական ներխուժումից չորս ամիս առաջ։ Այս ստեղծագործությունը ձայն է տալիս քաղաքի երիտասարդությանը նրանց թատրոնի հիմնահատակ քանդվելուց հետո։ Ներկայացումը հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանում, Հունգարիայում եւ Բոսնիայում, որտեղ կհանդիպի տեղի երիտասարդ դերասանների, ինչպես նաեւ այդ երկրներում ապրող ուկրաինացիների հետ:
Երիտասարդների հմտությունների համաշխարհային օրվա կապակցությամբ ԵՄ կողմից ֆինանսավորվող Skills4Jobs ծրագիրը ներկայացրել է Վրաստանում իր գործունեության արդյունքները։
2019 թվականին Վրաստանում երկրորդ փուլով մեկնարկած այս ծրագիրը ֆինանսավորել է ընդհանուր 7 միլիոն բյուջեով եվրոյով ինը նախագիծ: Այդ նախագծերի նպատակն է օգնել Վրաստանի հազարավոր քաղաքացիներին աշխատանք գտնել՝ համապատասխանեցնելով իրենց հմտություններն աշխատաշուկայի պահանջներին եւ դրանով իսկ նպաստելով Վրաստանի մրցունակությանը եւ տնտեսական աճին:
Մինչ օրս աշխատանքի է տեղավորվել 1741 աշխատանք փնտրող, 6505-ը վերապատրաստվել են հիմնական հմտությունների, ձեռներեցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, 9236-ը՝ ստացել անհատական օգնություն, 1108-ը՝ պրակտիկայի հնարավորություն, ինչպես նաեւ գործարկվել են մասնագիտական ուսուցման 26 նոր ծրագրեր։ Բացի այդ, 90 հանրակրթական դպրոցներում եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման 10 հաստատություններում ստեղծվել են ծրագրավորման եւ տեխնոլոգիական ձեռներեցության երիտասարդական ակումբներ:
Մեկամյա փորձնակության հնարավորություն Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամում
Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամը (EED), որը Բրյուսելում տեղակայված դրամաշնորհ տրամադրող կազմակերպություն է, փնտրում է փորձնակ՝ 2024թ. աշնանը մեկնարկող դրամաշնորհային աջակցության (Արեւելյան գործընկերության տարածաշրջան) տասներկուամսյա փորձնակության ծրագրին մասնակցելու համար։
Փորձնակը կօժանդակի ստանդարտացված պայմանագրային փաստաթղթերի պատրաստմանը, ֆինանսական հաշվետվությունների (հիմնականում ռուսերեն եւ անգլերեն լեզուներով) ստուգմանը եւ այլ վարչական առաջադրանքների կատարմանը, ռուսերենից անգլերեն եւ հակառակը կարճ տեքստերի թարգմանությանը, տվյալների բազայի թարմացմանը եւ արխիվի պահպանմանը:
Մրցույթը բաց է նաեւ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար, ովքեր համալսարանն ավարտել են ոչ վաղ, քան 24 ամիս առաջ կամ ովքեր ներկայումս սովորում են երրորդ (ոչ ԵՄ անդամ) երկրում կամ Բելգիայում գտնվող համալսարանում եւ ունեն Հավելված 15 կամ A դասի ռեզիդենտի քարտ, որը նրանց թույլ է տալիս առանց որեւէ սահմանափակման մուտք գործել բելգիական աշխատաշուկա:
Թեկնածուն պետք է տեղյակ լինի դրամաշնորհների տրամադրման գործընթացի մասին եւ տիրապետի անգլերեն եւ ռուսերեն լեզուներին (ուկրաիներեն եւ/կամ վրացերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):
Ամսական զուտ վարձատրության չափը կազմում է մոտ 1,900 եվրո։ Դրանից բացի փորձնակը կստանա սննդի վաուչերներ եւ Բրյուսելի հասարակական տրանսպորտի ամսական բաժանորդագրության փոխհատուցում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 18-ը։
Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամը (EED) անկախ, դրամաշնորհ տրամադրող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2013 թվականին Եվրոպական միության (ԵՄ) եւ ԵՄ անդամ երկրների կողմից որպես ինքնավար միջազգային տրաստային հիմնադրամ՝ խթանելու ժողովրդավարությունը Եվրոպական հարեւանությունում (Արեւելյան գործընկերություն եւ Մերձավոր Արեւելք ու Հյուսիսային Աֆրիկա), Արեւմտյան Բալկաններում, Թուրքիայում եւ դրանցից դուրս:
Blue Book. հայտերի ընդունում Եվրոպական հանձնաժողովում հնգամսյա վճարվող փորձնակության համար
Ընդունվում են հայտեր Եվրոպական հանձնաժողովում 2025 թվականի մարտին մեկնարկող հնգամսյա վճարվող փորձնակության համար:
Հետաքրքրված անձինք կարող են դիմել շուրջ 1,000 պաշտոնների Հանձնաժողովի բազմաթիվ ստորաբաժանումներում, ծառայություններում եւ գործակալություններում, որոնք տեղաբաշխված են Բրյուսելի, Լյուքսեմբուրգի եւ ԵՄ անդամ 27 երկրների ազգային բյուրոների միջեւ:
Դիմելու իրավասություն ունեն ԵՄ անդամ բոլոր երկրների քաղաքացիները։ Սահմանափակ թվով տեղեր են նախատեսված ԵՄ անդամ չհանդիսացող երկրների, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիների համար։
Փորձնակության ծրագրերը բաժանվում են երկու տեսակի՝ վարչական եւ թարգմանչական․ վերջինս նախատեսված է հատուկ Թարգմանությունների գլխավոր տնօրինության (DGT) համար: Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնում էլ գիտական փորձնակության հնարավորություն կա։
Հեռանկարային դիմորդները պետք է ունենան բակալավրի կամ համարժեք աստիճան, չունենան վեց շաբաթը գերազանցող աշխատանքային փորձ ԵՄ հաստատություններում եւ վարժ տիրապետեն ԵՄ առնվազն երկու լեզուների, որոնցից մեկը՝ անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն:
Ակնկալվում է, որ փորձնակները կունենան Եվրոպային առնչվող հիմնահարցերի վերաբերյալ անաչառ մոտեցում, Հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն, ինչպես նաեւ նախաձեռնողականություն եւ բազմամշակութային միջավայրում աշխատելու պատրաստակամություն:
Ընտրված փորձնակները կստանան 1,376.89 եվրո դրամաշնորհ՝ իրենց կեցության ծախսերը հոգալու համար, բայց կացարանի ապահովության հարցով պետք է զբաղվեն սեփական նախաձեռնությամբ։
Փորձնակի ամենօրյա աշխատանքը ենթադրում է տարբեր առաջադրանքների կատարում, ներառյալ հանդիպումների, աշխատանքային խմբերի եւ հանրային լսումների մասնակցությունն ու կազմակերպումը, փաստաթղթերի ուսումնասիրությունը, քաղաքացիների հարցումներին պատասխանելը եւ նախագծերի կառավարմանն աջակցելը:
Հայտերի ընդունումը կատարվում է Եվրոպական հանձնաժողովի վավերացման ծառայության (EU Login) միջոցով, որտեղ դիմորդները պարտավոր են գրանցվել:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի օգոստոսի 30-ը:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք