Ապրիլի 4-ից Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ակցիաներ էին անցկացվում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ։ Չնայած հասարակության ջանքերին՝ խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ պաշտպանեց «ռուսական օրենքը»։ Բողոքի ակցիաներին մասնակցում էին նաև Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, որոնք միասնաբար բողոքում էին այս օրենքի ընդունման դեմ։
Այս օրենքի մասին իր կարծիքն է հայտնում Աննա Արզումանյանը, ով Աննա Արզումանյանը աշխատում է Բրիտանական հյուպատոսությունում, նաև դասավանդում է անգլերեն։ Թբիլիսիի պետական համալսարանում սովորելու ընթացքում նա մեկ անգամ չէ, որ մասնակցել է կրթական փոխանակման ծրագրերի։ Այս ծրագրերը հնարավորություն են տալիս Վրաստանից ժամանած ուսանողներին ուսումը շարունակել եվրոպական առաջատար բուհերում։ Ուսանելով Եվրոպայում փոխանակման ծրագրերով` ուսանողները ձեռք են բերում նոր փորձ և գիտելիքներ, որոնք հետագայում կարող են օգտագործել ի նպաստ Վրաստանի զարգացման:
Աննան նշում է, որ այս օրենքը կարող է սահմանափակել մուտքը եվրոպական համալսարաններ և փոխանակման ծրագրեր՝ քաղաքական լարվածության պատճառով, նվազեցնելով կրթական բազմազանությունը և վրաստանյան ուսանողների համար հնարավորությունները:
Կրթական փոխանակման ծրագրերը նպաստում են երիտասարդ ուսանողներին՝ խթանելով մշակութային ըմբռնումը, բարելավելով լեզվական հմտությունները և համաշխարհային իրազեկությունը և ապահովելով հեղինակավոր կրթական հաստատություններ մուտքի հնարավորություն: Որպես Էրազմուս+ ծրագրին մասնակցած ուսանող, կարող եմ վստահորեն ասել, որ փոխանակման ծրագրի շնորհիվ ես ոչ միայն կատարելագործեցի օտար լեզվի իմ հմտությունները, այլև ստացա անգնահատելի գիտելիքներ, որոնք նպաստում են իմ կարիերայի աճին։ Ես ավելի բաց դարձա նոր գաղափարների համար, հաղթահարեցի մշակութային խոչընդոտները և կարողացա ինտեգրվել մի հասարակության, որտեղ գերիշխում է մտքի ազատությունը:
«Արևմուտքի կողմից ֆինանսավորվող փոխանակման ծրագրերն ապագայում կարող են խնդիրներ ունենալ՝ կախված այն հանգամանքից, թե որքան խիստ կգործի օրենքը։ Երիտասարդները բացասաբար են վերաբերվում օրենքին. այն սահմանափակում է նրանց կրթական և մշակութային հորիզոնները, ինչը կարող է հանգեցնել հիասթափության և մեկուսացման»,- իր կարծիքն է հայտնում Աննան։
Օրենքն արդեն ընդունված է, և հասարակությունը շարունակում է հուսալ, որ այն կվերանայվի հանուն Վրաստանի եվրոպական ապագայի։