Մեր նյութի հերոս՝ Վիկտոր Հովսեփյանը, ծնվել և մեծացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում։ Վիկտորը ավարտելով Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցը ընդունվել է Երևանի «Մխիթար Հերացու անվան» պետական բժշկական համալսարանը։ Հիմա բնակվում է Երևանում և նույն համալսարանի անունը կրող հիվանդանոցում աշխատում է որպես նյարդավիրաբուժության օրդինատոր։
Բժշկության հետ մեկտեղ Վիկտոր Հովսեփյանը փորձում է իր մտքերը հանձնել թղթին, քանի որ ինչպես ինքն է ասում` «Եթե մարդը իսկապես ուզենա ինչ-որ բան անել, ապա նրան ոչինչ չի կարող խանգարել և նա դրա համար հաստատ ժամանակ կգտնի»։
Վիկտոր Հովսեփյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում պատմեց՝ թե ինչպես է սկսել գրել և տպագրել իր առաջին գիրքը, համատեղելով բժշկի պատասխանատու աշխատանքի հետ։
«Իմ գիրքը՝ որը սկսել եմ գրել 2 տարի առաջ հիմնականում պատկանում է գիտաֆանտաստիկ ժանրի։ Գիրքը՝ “Хроники квантовой конвергенций” գրված է ռուսերեն լեզվով քանի որ բառեր կան որոնք շատ դժվար է թարգմանել հայերեն։ Եթե ես գրեի գեղարվեստական գիրք այդ դեպքում ինձ շատ հեշտ կլիներ գիրքը կազմել հայերեն լեզվով։ Գրքի կողին պատկերված լուսանկարը վերցված է գրքի վերնագրին համապատասխան ու արհեստական բանականության օգնությամբ։ Գիրքը հիմնականում տիեզերքի և մեր ապագայի մասին է։ Գրքի տպագրումը ստացվեց բարեկամների խորհուրդով, սկզբնական դեռևս 50 օրինակով։ Եթե ճիշտը խոսենք գրքի բովանդակությունը բարդ է և ես հասկանում եմ, որ ամեն մարդ չի ուզենա ընթերցել և ոչ բոլորը կարող են հասկանալ այն»:
Վիկտոր Հովսեփյանը չի պատրաստվում «Քվանտային կոնվերգենցիայի քրոնիկները» գրքի միջոցով գումար աշխատել՝ նա նշում է, որ կարևորը այն է որպեսզի կարդան իր գիրքը և ամեն մարդ իր համար յուրովի դասեր քաղի այս գրքից։ Նա չի պատրաստվում սահմանափակվել այս գրքով և հետագայում պլանավորում է հրատարակել իր հաջորդ գիրքը, որը լինելու է դարձյալ նույն ոճի և ավելի ծավալուն։
Բացի բժշկությունից ու գրելուց, Վիկտորը ազատ ժամանակ սիրում է ֆուտբոլ դիտել և համակարգչային խաղեր խաղալ։ Ամբողջ զրույցի ընթացքում նա խոսում էր հավատքի կարևոր և անհրաժեշտ լինելու մասին, ինչը ավելի է ամրապնդվել բժշկի մասնագիտությամբ աշխատելու ընթացքում տեղի ունեցած հրաշքներից հետո։
Ընթերցեք նաև՝