Հայաստանում շատերի համար մեծ երազանք է հաղթահարել Արարատի բարձունքը, սակայն, բոլորը գիտակցում են, որ վերելքը դեպի հայոց բիբլիական լեռ այդքան էլ դյուրին չէ։ Ուժեղ կամքի տեր մարդիկ նախապատրաստվում են, քանի որ նրանց համար Արարատի գագաթ հասնելը դժվարություններով հանդերձ՝ իրական ուխտագնացություն է։
«Թռիչք» արշավական ակումբի ղեկավար, լեռնագնաց ծնունդով Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղից Աշոտ Թոփուզյանն արդեն 3 անգամ հասել է Արարատի գագաթ։ MediaHub-ի հետ զրույցում նա անկեղծացավ, որ ամեն անգամ բարձունքը հաղթահարելիս յուրովի, հակասական զգացողություններ ունի։
«Արարատն ալպինիստական լուրջ բարձրություն է՝ 5137 մետր։ Այնտեղ հասնելու համար նախ կամք է պետք։ Եթե առաջին անգամ Արարատի վերելքը, և ընդհանրապես Արևմտյան Հայաստան այցը հույզեր ու այդօրինակ զգացողություններ էր առաջացրել, ապա դրանից հետո՝ հաջորդ անգամներին, դրանք դրել եմ մի կողմ ու կենտրոնացել խմբի վրա, քանի որ ամբողջ պատասխանատվությունն իմ վրա էր»,- ասում է Աշոտ Թոփուզյանը։
Ավելի քան 5 տարի արկածային տուրիզմով զբաղվող երիտասարդի համար գլխավորն իր պատասխանատվության տիրույթում գտնվող տուրիստների անվտանգությունն է։
«Ոչ մեկ կես ճանապարհից հետ չի իջել, խմբի բոլոր մասնակիցները հաղթահարել են բարձունքը և ավանդույթի համաձայն այնտեղ հայկական ազգային ռազմապար ենք բռնել»։
Նախքան 5137 մետր բարձրանալը, Աշոտի անմիջական պատասխանատվությամբ արկածային տուրիզմի սիրահարները «Թռիչք» արշավական ակումբի նախաձեռնությամբ կլիմայավարժեցման փուլ են անցնում Արագածում։
«Դա տեխնիկական ամենակարևոր բաղկացուցիչ մասն է, քանի որ տուրիստների օրգանիզմը պետք է պատրաստել Արարատի գագաթի մթնոլորտային ճնշմանն ու բարձրության պայմաններին։ Արարատ հասնելու առաջին օրը բարձրանում ենք 3200 մետր, գիշերում ճամբարում, հաջորդ օրը հաղթահարում ևս 1000 մետր, ու այդպես շարունակ, մինչև կհասնենք գագաթ։ Ինձ համար ոգևորիչ է, որ խմբի բոլոր անդամներն անվնաս բարձրացել ու հետ ենք իջել»։
«Թռիչք» արշավական ակումբը հաջորդ վերելքին է պատրաստվում, որը նախատեսված է օգոստոսի սկզբին։ Այս անգամ խմբի անդամների քանակը մեծ է, պատասխանատվությունը՝ ավելի մեծ։ Նրանց մեջ նաև օտարերկրացիներ կան։