Ապրիլի 4-ից Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ակցիաներ էին անցկացվում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ։ Չնայած հասարակության ջանքերին՝ խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ պաշտպանեց «ռուսական օրենքը»։ «Ռուսական օրենքը» առաջին հերթին սահմանափակում է ազատ, անկախ լրատվամիջոցների աշխատանքը, ինչը ուղղակիորեն մի շարք խնդիրներ է ստեղծում Վրաստանի քաղաքացիների համար։
Ինգա Իրիցյանը TOK-TV-ի լրագրող է։ NOR ռադիոկայանի հետ զրույցում նա նշում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը թափանցիկության հետ կապ չունի, օրենքը «ռուսական» է, և մինչ օրս այն հաստատվում է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։
«Երբ այս օրենքը գործարկվի, քննադատական և անկախ լրատվամիջոցները կդադարեն գործել, իսկ շրջանների բնակչությունը չի կարողանա լսել քարոզչությունից զուրկ տեղեկատվություն։ Խնդիրները, որոնց առերեսվում են շրջաններում ապրող մարդիկ, կմնան առանց լուսաբանման․ հատկապես այն այն մարդիկ, ովքեր հույսը դնում են լրատվամիջոցների վրա և հաճախ դիմում մեզ այս կամ այն խնդրի լուծման համար, առանց մեր օգնության կմնան, և մենք չենք կարողանա բարձրաձայնել նրանց խնդիրները»,- նշում է Իրիցյանը։
Հարկ է նշել, որ անկախ լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելով՝ գյուղաբնակների խնդիրները կմնան չլուսաբանված ու հանրության լայն շրջանակների ուշադրությունից դուրս կմնան։ Ինգան նշում է, որ մեր տարածաշրջանը՝ Սամցխե-Ջավախեթին, առանձնանում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների առկայությամբ, որոնք հաճախ դառնում են ապատեղեկատվության թիրախ, և այս պահին լրատվամիջոցների աշխատանքը շատ կարևոր է բնակչությանը ճիշտ և ստուգված տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից։ Այս օրենքը ԶԼՄ-ներին կզրկի արևմտյան ֆինանսավորումից, փոխանակման ծրագրերից և կխոչընդոտի ԵՄ անդամակցության հեռանկարին։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» վերագրանցել է «Օտարերկրյա պետությունների շահերը հետապնդող կազմակերպությունների մասին» փոքր-ինչ փոփոխված անվանմամբ օրինագիծը Վրաստանի խորհրդարանում: Միացյալ Նահանգները և Եվրամիությունը դեմ են օրենքին՝ նշելով, որ այն հակասում է ԵՄ սկզբունքներին:
Չնայած հազարավոր քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հակազդեցությանը` Վրաստանի խորհրդարանը, այնուամենայնիվ, մայիսի 14-ին ընդունեց այսպես կոչված «ռուսական օրենքը», իսկ մայիսի 28-ին այն հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։
Օրենքի համաձայն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություններ», այլապես կտուգանվեն։ Գրանցումից կամ ֆինանսական հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը պատժվում է տուգանքով՝ 25000 լարիի չափով։ Սուբյեկտը պարտավոր է համապատասխան ինտերնետային էջ մուտք գործելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտը լրացնել էլեկտրոնային եղանակով` Վրաստանի Արդարադատության նախարարի կողմից սահմանված ձևին համապատասխան և ներկայացնել գործակալություն: Հայտը լրացնելու և ներկայացնելու պարտավորությունը չկատարելու դեպքում կտուգանվի 10000 լարիով:
Նույն արարքը կատարելու համար վերջին անգամ նշանակված վարչական տույժի կիրառումից հետո մեկամսյա ժամկետում արարքի կատարումը շարունակելը առաջացնում է տուգանք՝ 20000 լարիի չափով։
Այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման կապակցությամբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել պետական պաշտոնյաների դեմ։ Հունիսին հանրությանը հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի փաստաթուղթը, ըստ որի, եթե երկրում իրավիճակը չբարելավվի, Եվրոպան պատժամիջոցներ կկիրառի անձնակազմի նկատմամբ, կդադարեցնի ֆինանսական օգնությունը և, որպես վերջին միջոց, ժամանակավորապես կդադարեցնի առանց վիզա անվճար ճանապարհորդությունների արտոնությունը։