Կայացավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ փառատոնի լսումների երկրորդ փուլը

Կայացավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ փառատոնի լսումների երկրորդ փուլը

Այսօր` հուլիսի 27-ին, Ախալքալաքի մշակույթի տանը կայացավ Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնած «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ փառատոնի լսումների երկրորդ փուլը որտեղ ելույթ ունեցան 39 մասնակիցներ։

Մինչ երկրորդ փուլի մեկնարկը խոսքով հանդես եկան ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը և երգիչ Մավր Մկրտչյանը։ Սամվել Մկոյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն գործընկերներին, ովքեր աջակցել են երգի մրցույթ փառատոնի իրագործմանը և հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին։ Մավր Մկրտչյանն էլ շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, նշեց ժողովրդական և աշուղական երգարվեստի կարևորության մասին և արժեքավոր խորհուրդներով կիսվեց մասնակիցների հետ, որպեսզի կարողանան առավելագույնս ներկայանալ հանդիսատեսին և ժյուրիի անդամներին։

Ժյուրիի կազմում պրոֆեսիոնալներ էին։ ՋԱՀ-ը համախմբել էր իրենց ոլորտում առաջատար, պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր անցել են մասնագիտական երկար ճանապարհ և ունեն մեծ փորձ։ Ստորև ներկայացնում ենք «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ փառատոնի լսումների երկրորդ փուլի գնահատող հանձնաժողովի անդամներին.

  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ, գնահատող հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Թամազով։

  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, դաշնակահար, կոմպոզիտոր Կարեն Անանյան։

  • Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի դասախոս, դասական երգչուհի, Շուշանիկ Հովհաննիսյան։

  • Ջավախքցի սիրված երգիչ Արմեն Մկոյան։

  • ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյան։

  • «Just black» բռենդի հիմնադիր, դիզայներ, լրագրող Գայանե Մանուկյան։

Ավելացնենք, որ լսումների երկրորդ փուլի ծրագիրը վարում էր ռադիոհաղորդավար Արկադի Սիմոնյանը, ով իր սկզբնական խոսքում ասաց.

«Այս միջոցառումը բացառիկ է և իրականացվում է առաջին անգամ։ Ծրագրի շնորհիվ սկսնակ երաժիշտները հնարավորություն ունեն իրականացնելու իրենց երազանքները, կատարելագործելու երաժշտական ունակությունները, ցուցադրելու սեփական կարողությունները:

ՋԱՀ-ի նպատակն է նմանօրինակ բացառիկ միջոցառումների շնորհիվ պահպանել և էլ ավելի զարգացնել մշակութային ավանդույթները, ստեղծել հայ-վրացական մշակութային կամուրջներ։ Այս համաջավախքյան փառատոնը իր շուրջը համախմբեց Ջավախքի բոլոր բնակավայրերի երաժշտասերներին, բոլոր այն երիտասարդներին, ովքեր ունեն բնատուր ձայնային տվյալներ, և բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց տաղանդը բացահայտելու և դառնալու «Ջավախքի ձայների» վառ ներկայացուցիչներից մեկը»։

Մինչ առաջին «Ջավախքի ձայնին» բացահայտելը տեղի կունենա արդյունքների ամփոփում և քննարկումներ։ Մրցույթի արդյունքները հրապարակվելու են 1 շաբաթվա ընթացքում։ Մոտ մեկ շաբաթից հայտնի կդառնան մրցանակակիրների անունները, և որ ամենակարևորն է, ի վերջո պարզ կլինի թե ով՞ է լինելու առաջին «Ջավախքի ձայնը» տիտղոսակիրը։

Նշենք նաև, որ երկրորդ փուլի բոլոր մասնակիցների կատարումները տեսանկարահանվել են, և դրանք հրապարակվելու են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում։ Մեկ շաբաթից՝ ամփոփելով տեսանյութերի հավանումների քանակը, և ժյուրիի անդամների որոշման հիման վրա, մասնակիցներից մեկը կստանա նաև «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին և 13-ին իրականացվել է ծրագրի առաջին փուլը, որին մասնակցել էին շուրջ 150 կատարող Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի, Ասպինձայի և Ծալկայի շրջաններից։