Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն

Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն

Երևանի համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Սա առաջին հերթին արվում է երեխաների պաշտպանության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով:

«Ցավոք սրտի, վերջին իրադարձություններն ապացուցում են, որ դրա անհրաժեշտությունը կա: Առաջին խմբաքանակով 50 մանկապարտեզում դրանք կտեղադրվեն՝ հետագայում նպատակ ունենալով բոլոր՝ 162 մանկապարտեզներում ունենալ: Գնման գործընթացը կմեկնարկի բացառիորեն առաջիկա օրերին»,- նշում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը: 

50 նախակրթարանում շուրջ 2000 տեսախցիկ է տեղադրելու: Առաջնահերթորեն ընտրվել են արդեն իսկ վերանորոգվածները: Երեխաների առօրյան առցանց հասանելի կլինի միայն պատասխանատուներին: Ծնողները ամենօրյա ռեժիմով դրանք դիտելու հնարավորություն չեն ունենա: 

«Տեսահսկումը տեղի կունենա, այսպես ասած, կենտրոնացված եղանակով: Դիտելու հնարավորություն ունենալու ենք մենք, նաև՝ մանկապարտեզի տնօրենը, քանի որ առաջնային վերահսկողական օղակը, բնականաբար, տվյալ կազմակերպության ղեկավարն է՝ ապահովելով, հասկանալի է, անձնական տվյալների գաղտնիությունը»,- ասում է Մարգարիտ Խաչատրյանը:  

Տեսախցիկների ձայնագրությունները կունենան որոշակի ժամկետով պահպանելու հնարավորություն՝ վիճարկելի դեպքերում դիտելու և իրավիճակը պարզաբանելու նկատառումով: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ տեսահսկման համակարգը չի կարող խաթարել ուսումնական գործընթացը:

«Տեսախցիկները կամ վերահսկողական որևէ գործիք չի կարող խանգարել մանկավարժի գործունեությունը:  Հույս ունենք, որ դա կծառայի նաև դրական փորձը մեր մանապարտեզներում ուսումնասիրելու գործին, բայց, իհարկե, նաև արագորեն արձագանքելու հնարավորություն է անցանկալի երևույթներին»,- ասում է Խաչատրյանը:

Տեսահսկման համակարգը կսկսի աշխատել արդեն նոր ուսումնական տարում. նախատեսվում է գործարկել հոկտեմբերին»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում դայակը հարվածում երեխային։ Հուլիսի 26-ին մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը ձերբակալվել էր, այսօր նա ազատ է արձակվել։

Hetq.am