Նինոծմինդայի համայնքային ռադիոկայանը ( այսուհետև NOR) իր գործունեությունը սկսել է 2006 թվականի սեպտեմբերից BBC World Service -ի, Irex Europe -ի և Studio Re ասոցիացիայի նախագծով, իսկ 2008 թվականի հունվարից այն գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն Ախալցիխե քաղաքի հարկային ծառայությունում։ Այն Վրաստանում ստեղծված առաջին համայնքային ռադիոն է։
NOR ռադիոկայանը ունի ինտերնետային հարթակ nor.ge, որը ստեղծվել է 2012 թվականին։ Ինտերնետ հարթակը մեծ տարածում ունի տարածաշրջանում որպես անկախ լրատվամիջոց։
2015 թվականի հունվարից Վրաստանում առաջին համայնքային ռադիոն կապի հանձնաժողովի կողմից ստացել է 100.1FM հաճախականությամբ հեռարձակման լիցենզիա։ Սա հնարավորություն է տվել ռադիոկայանին ավելի շատ ինտեգրվել հասարակությանը, օբյեկտիվ և փաստերի վրա հիմնված տեղեկատվություն տրամադրել բնակիչներին, օգնել համայնքին զարգանալ` լուսաբանելով շրջանի բնակիչների խնդիրները, ներկայացնել մարդկային պատմություններ և այլն: Համայնքային ռադիոն ունի 10 մշտական աշխատակից:
NOR -ը իր լսարանին տարբեր տարածաշրջանների մասին հավաստի տեղեկություն տրամադրելու համար համագործակցում է Jnews.ge, Sknews.ge, Aliq.ge, Netgazeti.ge և այլ մեդիա հարթակների հետ։
NOR ռադիոկայանը երբևէ կապ չի ունեցել քաղաքական կառույցների և կուսակցությունների հետ, չի ստացել պետությունից ֆինանսական սուբսիդիաներ` նույնիսկ գովազդի տեսքով։ NOR -ը տարածաշրջանում լիովին անկախ լրատվամիջոց է, որը ֆինանսավորվում է արտասահմանյան դրամաշնորհների միջոցով:
2023-2024 թվականների տվյալներով NOR ռադիոկայանը ֆինանսավորում ստացել է EED, IREX, IMS, Internews կազմակաերպությունների կողմից, ինչպես նաև որոշակի եկամուտ ստացել է տեղական գովազդի միջոցով։ Գումարը ծախսվել է աշխատակիցների աշխատավարձերի վրա, որոնք իրենց հերթին լուսաբանել են համայնքի խնդիրները, պայքարել են դեզինֆորմացիայի դեմ` հանրությանը տրամադրելով հավաստի տեղեկատվություն և ներկայացրել աշխարհում կատարվող իրադարձությունների մասին։ NOR -ն իր թիմի կատարած աշխատանքի շնորհիվ արժանացել է համայնքի վստահությանը, ձեռք բերել բազմահազարանոց լսարան։ Գումարը ծախսվել է նաև տրանսպորտի և այլ օֆիսային ծախսերի համար։
Նշենք, որ ապրիլի 4 -ից Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույցեր էին ընթանում կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի շուրջ, այնուամենայնիվ մայիսի 14 -ին երրորդ և վերջնական ընթերցմամբ խորհրդարանում պաշտպանել են «Ռուսական օրենքը»։ Վերոնշյալ օրենքի պատճառով յուրաքանչյուր անկախ լրատվամիջոց, կամ հասարակական կազմակերպություն հնարավոր է կանգնեն տարբեր դժավարությունների առաջ և այդ թվում է նաև NOR ռադիոկայանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» վերագրանցել է «Օտարերկրյա պետությունների շահերը հետապնդող կազմակերպությունների մասին» փոքր-ինչ փոփոխված անվանմամբ օրինագիծը Վրաստանի խորհրդարանում: Միացյալ Նահանգները և Եվրամիությունը դեմ են օրենքին՝ նշելով, որ այն հակասում է ԵՄ սկզբունքներին:
Չնայած հազարավոր քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հակազդեցությանը` Վրաստանի խորհրդարանը, այնուամենայնիվ, մայիսի 14-ին ընդունեց այսպես կոչված «ռուսական օրենքը», իսկ մայիսի 28-ին այն հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։
Օրենքի համաձայն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություններ», այլապես կտուգանվեն։ Գրանցումից կամ ֆինանսական հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը պատժվում է տուգանքով՝ 25000 լարիի չափով։ Սուբյեկտը պարտավոր է համապատասխան ինտերնետային էջ մուտք գործելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտը լրացնել էլեկտրոնային եղանակով` Վրաստանի Արդարադատության նախարարի կողմից սահմանված ձևին համապատասխան և ներկայացնել գործակալություն: Հայտը լրացնելու և ներկայացնելու պարտավորությունը չկատարելու դեպքում կտուգանվի 10000 լարիով:
Նույն արարքը կատարելու համար վերջին անգամ նշանակված վարչական տույժի կիրառումից հետո մեկամսյա ժամկետում արարքի կատարումը շարունակելը առաջացնում է տուգանք՝ 20000 լարիի չափով։
Այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման կապակցությամբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել պետական պաշտոնյաների դեմ։ Հունիսին հանրությանը հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի փաստաթուղթը, ըստ որի, եթե երկրում իրավիճակը չբարելավվի, Եվրոպան պատժամիջոցներ կկիրառի անձնակազմի նկատմամբ, կդադարեցնի ֆինանսական օգնությունը և, որպես վերջին միջոց, ժամանակավորապես կդադարեցնի առանց վիզա անվճար ճանապարհորդությունների արտոնությունը։
Կարդացեք նաև՝