Լինելով էթնիկ փոքրամասնություններով բնակեցված բնակավայր՝ Թորիան ունի և՛ վրացական, և՛ հայկական եկեղեցիներ։ Այն Նինոծմինդայի շրջանի հայաբնակ գյուղ է, որը գտնվում է Նինոծմինդայից 12 կմ հյուսիս՝ Աբուլ լեռան արևմտյան կողմում։
Թորիան երեք կողմից շրջապատված է լեռներով, որոնցից մեկի լանջին փռված է գյուղը։ Այդ լեռը գյուղացիները անվանում են Քարոտ սար՝ վայրի քարերի առատության պատճառով, իսկ գյուղի դիմաց գտնվող լեռը իր փոքրության պատճառով կոչվում է Բլրիկ։
Քարոտ սարի վրա է գտնվում Կիկլոպյան ամրոցի փլատակները, իսկ սարի ստորոտին և գագաթին՝ Սուրբ Դոմինիկոս և Սուրբ Հովհաննես մատուռները։ Գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Աստվածամայր եկեղեցին, որը վերջնական վերակառուցվել է 2022 թվականին: Եկեղեցու կողքին է գտնվում հին գերեզմանատունը, որը նույնպես պահպանվել է գյուղացիների շնորհիվ։
Գյուղի մեջ է գտնվում Հայրենական մեծ պատերազմում զոհված 73 գյուղացիների հիշատակին կանգնեցված հուշարձանը, մեկ այլ պատմամշակութային հուշարձան էլ կա գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրի մոտ։ Ներկայիս գործող եկեղեցում տեղադրել են Հիսուս Քրիստոսի և Սուրբ Մարիամի արձանները։
Գյուղը հայտնի է նաև կավագործությամբ։ Սոնյա Մալխասյանը պատմում է, որ ունի իր ձեռքերով կավից պատրաստած աշխատանքներ՝ թոնիր, կաթսաներ, որը սերնդեսերունդ փոխանցվել է իրեն և հույս ունի, որ չի մոռացվի իր երեխաների և թոռների կողմից, և նրանք նույնպես կշարունակեն իր գործը։ Նա կարծում է, որ այս աշխատանքները իրենցից պատմամշակութային արժեքներ են ներկայացնում:
Բնակիչները ասում են, որ իրենց համար սովորական է եղել դրսում ապրող համագյուղացիների այցը հարազատ գյուղ, սակայն մեր այն հարցին, թե գյուղում նկատվում է զբոսաշրջիկների այց, բնակիչները պատմեցին, որ մի քանի տարվա ընթացքում բավականին աճել է զբոսաշրջությունը։
«Մոտոցիկլետներով գալիս լուսանկարվում և լուսանկարում այն ամենը ինչը մեր աչքի համար սովորական է թվում հիանում են թե՛ բնությամբ, թե՛ պատմամշակութային վայրերով»,- նշեց Թորիայի բնակիչ և պատմաբան Մկրտիչ Լոքյանը։ Նա նաև նշեց, որ անգլերեն լեզվի չիմացությունը խանգարում է ավելի լավ շփվել զբոսաշրջիկների հետ և իմանալ նրանց տպավորությունների մասին, նա կարծում է որ գյուղի զարգացման համար պետությունը պետք է ստեղծի հատուկ պայմաններ և նախադրյալներ, որ կարողանանք ավելի զարգացնել տուրիզմը և ինչու չէ նաև զարգանա մեր երիտասարդությունը։
Սեդա Նիկողոսյանը ևս խոսեց NOR ռադիոկայանի հետ. «Տեղաբնիկների համար սովորական է եղել դրսում ապրող համագյուղացիների այցը հարազատ գյուղ, բայց որ մի քանի տարվա ընթացքում բավականին աճել են եվրոպացիների այցերը, դա նկատելի է, և հույս ունեմ, որ եվրոպացի զբոսաշրջիկների այցը մեր տարածաշրջան, նրանց հետ կապը դրական արդյունք կունենա ի օգուտ պատմամշակութային վայրերի վերականգմանը: Գալիս նկարվում են, նկարում են բնությունը, նկարում են այն ամենը, ինչը մեր համար սովորական է թվում»։
Այն հարցին, թե արդյո ք պահպանվում են պատմամշակութային վայրերը և ինչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, նա պատասխանեց, որ այն ինչը պահպանվում է, դա միայն արվում է գյուղացիների ջանքերով և դրսից ոչ մի ֆինանսական օգնություն չեն ստացել։
Առավել մանրամասն աուդիոձայնագրությունում․
Գյուղից դուրս է գտնվում այսպես կոչված Խոչ քարը
Քարոտ սարի վրա են գտնվում Կիկլոպյան ամրոցի փլատակները, իսկ սարի ստորոտին և գագաթին Սուրբ Դոմինիկոս և Սուրբ Հովհաննես մատուռները
Եկեղեցու կողքին է գտնվում հին գերեզմանատունը