Մառնեուլիում որսորդական հրացանից գլխից վիրավորվել է չորս տարեկան երեխա

Մառնեուլիում որսորդական հրացանից գլխից վիրավորվել է չորս տարեկան երեխա

Մառնեուլիում որսորդական հրացանից գլխից վիրավորվել է չորս տարեկան երեխան. Այս մասին հայտնում է Ռադիո Մառնեուլին։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին։ Ծնողները անգիտակից վիճակում երեխային տեղափոխել են Մառնեուլիի Geo Hospitals կլինիկա։ Բժիշկներին պատմել են, որ անչափահասը եղբոր հետ խաղալիս ընկել է խիճի վրա։

Վիճակը կայունացնելուն պես նրան շտապ տեղափոխել են Թբիլիսի։

Ինգորոկվայի բարձր բժշկական տեխնոլոգիաների համալսարանական կլինիկայում հետազոտություններից հետո երեխայի ուղեղում փամփուշտ է հայտնաբերվել։ Բժիշկներն ասում են, որ դեպքը շատ լուրջ է և ձեռնպահ են մնում կանխատեսումներ անելուց։

«Փամփուշտը մտել է գլխի հետևից և վնասել ուղեղի միջին կառուցվածքները… Հեռացնելը գրեթե անհնար է։ Այս փուլում երեխան շարունակում է շնչել վերահսկվող շնչառությամբ: Սա շատ բարդ է թե՛ կանխատեսման, թե՛ ներկայումս բուժման համար»,- լրագրողներին ասել է կլինիկայի մանկաբուժական բաժանմունքի վարիչ Գիա Բիբիլեիշվիլին։

Միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ն սկսել է անզգուշությամբ առողջությանը նվազ լուրջ կամ ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ (Վրաստանի Քրեական օրենսգրքի 124-րդ հոդված) հետաքննությունը: Գերատեսչության մամուլի ծառայությունից Տաբուլային հայտնել են, որ երեխայի վրա կրակել է երիտասարդ եղբայրը։