Գաղտնիք չէ, որ արևմտյան երկրներում կրթություն ստանալու կարևորագույն առավելությունը բարձրորակ կրթական համակարգերի հասանելիությունն է, որը ճանաչված է համաշխարհային մակարդակով: Արևմտյան երկրների շատ կրթական հաստատություններ բարձր վարկանիշ ունեն և առաջարկում են կրթական ծրագրերի լայն շրջանակ և հետազոտական հնարավորություններ, որոնք կարող են ուսանողներին տալ գերազանց կրթություն և օգնել նրանց զարգացնել արժեքավոր հմտություններ և գիտելիքներ:
Ավելին, արևմտյան երկրներում կրթություն ստացած անձինք շատ հաճախ հնարավորություն ունեն ավելի լավ աշխատանք ունենալու և ավելի բարձր աշխատավարձ ստանալու իրենց ստացած որակյալ կրթության, ձեռք բերած հմտությունների և ուսման ընթացքում ստեղծած ցանցերի շնորհիվ: Սա երկարաժամկետ հեռանկարում կարող է բերել ավելի մեծ տնտեսական կայունության և կարիերայի հաջողության:
Կրթական փոխանակման ծրագրերը շատ կարևոր են ԵՄ-ի և Վրաստանի միջև մի քանի ոլորտներում։ Այս ծրագրերն ունեն տարբեր դրական ազդեցություններ, որոնք վերաբերում են թե՛ կրթական ոլորտին, թե՛ սոցիալական ու տնտեսական զարգացմանը:
Այսպիսով, կրթական փոխանակման ծրագրերը ոչ միայն նպաստում են մասնագիտական և կրթական աճին, այլ նաև մեծացնում են սոցիալական կապերը, բարելավում են մշակութային հասկացման մակարդակը և աջակցում են միջազգային համագործակցությանը:
ԵՄ-ում կրթություն ստանալու կարևորության և առավելությունների մասին զրուցել ենք Անի Էլոյանի հետ:
Անի Էլոյանը ծնվել է Նինոծմինդայում, հաճախել տեղի թիվ մեկ հանրային դպրոցը, դպրոցական տարիներին մտածել է կրթությունը շարունակել Երևանում երգարվեստի ասպարեզում, այնուհետև վերջին տարիներին Անին հստակ որոշում է կայացնում ուսումը շարունակել Թբիլիսիում 1+4 ծրագրով և ընդունվում Իլիայի պետական համալսարան, բիզնեսի դպրոց ՝ բիզնեսի կառավարման և տուրիզմի մենեջմենթի ֆակուլտետ։
Անին մեզ հետ զրույցում նշեց, որ տարիներ են անցել, սակայն իր մասնագիտության ընտրության համար երբեք չի զղջում, քանի որ ժամանակի ընթացքում իսկապես համոզվել է որ տուրիզմը, մարդկային կապերն ու հաղորդակցությունը այն է, ինչով միշտ ուզեցել է ու այսօր էլ ուզում է զբաղվել։
« Էրազմուս+» ծրագրի մասին տեղեկացել է ուսանողական տարիներին, որովհետև միշտ ակտիվ հետևել է համալսարանական էջի նորություններին և տեղեկացել այն հնարավորություններից, որոնք տալիս են կրթական փոխանակման ծրագրերը։ « Էրազմուս+» -ը հենց այդ հնարավորություններից մեկն էր, սակայն եղել են պահանջներ, որոնց պիտի համապատասխաներ ուսանողի հնարավորությունը, որպեսզի կարողանար դիմել այդ ծրագրին, դրանցից Անին առանձնացրեց ուսանողի առաջադիմությունը, անգլերենի իմացությունը և որ ամենակարևորն է մոտիվացիան` ինչու ես ուզում գնալ, ինչի ես ուզում հասնել և ինչ ես պլանավորում անել ծրագիրն ավարտելուց հետո։
Անին ծրագրին դիմել է երրորդ կուրսի առաջին կիսամյակում, երբ արդեն իր ուժերի վրա լիարժեք վստահ է եղել և գիտակցել, թե որպես ուսանող, իր պետությունից դուրս, օտար երկրում ինչ մարտահրավերներ պիտի հաղթահարեր։
Ծրագիրը երեք փուլից է բաղկացած։ Բոլոր երեք փուլերն էլ բարեհաջող ավարտելուց հետո Անի Էլոյանը 2019 թվականին հինգ ամիս ժամկետով ուսումը շարունակել է Իսպանիայի Ալբասետե քաղաքի Կաստիլյա-Լա-Մանչա ինստիտուտում՝ տնտեսագիտության և բիզնեսի բաժնում:
Նմանատիպ ծրագրերի կրթական առավելությունների մասին խոսելուց Անին կարևորեց այն փաստը, որ ուսանողներին հնարավորություն են տալիս ինքնահաստատվել և ձևավորվել ավելի լավ մարդ՝ բաց աշխարհահայացքով, մարդ, ով պատրաստ կլինի նորը ընդունել, նորը սովորել, բարելավել իր դրսևորումը տարբեր մարդկանց շրջանակներում։
Այս ծրագրի ընթացքում, ուսանողը բացի դասախոսների տված գիտելիքներից, կիսում է այլ երկրներից եկած ուսանողների փորձը, փորձում է սովորել նոր և ավելի լավ բաներ, հաղորդակցվում է, լեզվի իմացությունն է բարելավվում։ Ըստ Անիի, շատ մեծ առավելություն է այն, որ ձեռք բերված գիտելիքն ու հմտությունը բերում ես քո երկիր և ներդնում ինչ-որ բանի մեջ և փորձում ես տանել դեպի լավը, այն փորձի հիման վրա, որը ստացել ես Եվրոպայում ։
Անին ասում է, որ ուսումնառության ընթացքում ոչ մի լուրջ խնդրի չի բախվել: Չնայած Վրաստանում չկա դեսպանատուն ուսանողական վիզա ստանալու համար, նա ստիպված է եղել հասնել Ստամբուլ, կարգավորել բոլոր պահանջվող փաստաթղթերը և հաղթահարել է այդ մարտահրավերը ևս:
Անին նշում է, որ ստացած փորձով կիսվել է Վրաստանի իր ընկերների և կուրսեցիների հետ: Նա խորհուրդ է տալիս ուսանողներին մասնակցել նմանատիպ կրթական ծրագրերի:
Եվրոպական Միության և Վրաստանի միջև գոյություն ունեն մի քանի կրթական փոխանակման ծրագրեր, որոնք նպաստում են երկկողմանի համագործակցությանը և աջակցում են ուսանողների, հետազոտողների և կրթական հաստատությունների միջև փոխանակմանը։ Ահա մի քանի կարևոր ծրագրեր և նախաձեռնություններ:
Այս ծրագրերը կարևոր դեր ունեն ինչպես Վրաստանի, այնպես էլ ԵՄ երկրների կրթական համակարգերի զարգացման համար՝ նպաստելով միջազգային փորձի փոխանակմանը, կրթության որակի բարձրացմանը և մշակութային կապերի ամրապնդմանը։
Վերջին տասնամյակում առավելապես մայրաքաղաք Թբիլիսիում, որոշակիորեն նաև Նինոծմինդայում երիտասարդների շրջանում աճել է արտասահմանում կրթություն ստանալու ձգտումը։ Արևմտյան երկրներում սովորելը ուսանողներին գրավում է տարբեր մշակույթների հետ ծանոթանալու տեսանկյունից ևս, ինչը կարող է ընդլայնել նրանց մտահորիզոնը և բարձրացնել նրանց պատկերացումները աշխարհի մասին: Սա կարող է բարձրացնել մշակութային իրազեկվածության, հանդուրժողականության մակարդակը և բազմազանության նկատմամբ հարգանքը, որոնք կարևոր հմտություններ են այսօրվա գլոբալացված աշխարհում: