«Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետի աշխատանքը մի քանի ժամով կդադարեցվի

«Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետի աշխատանքը մի քանի ժամով կդադարեցվի

Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության ցամաքային սահմանին «Կազբեգի-Վերին Լարս» միակ մաքսակետի աշխատանքը տեխնիկական աշխատանքների պատճառով մի քանի ժամով կդադարեցվի։ Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Սահմանափակումներ կգործեն օգոստոսի 6-ին՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 05:00-ից մինչև 10:00-ն։

Գործակալությունը հայտնում է, որ կթարմացվի պահեստային էներգիայի բաշխման ավտոմատացված ցանցը։ Այդ նպատակով կկասեցվեն հետևյալը.

  • մաքսային հսկողություն
  • ապրանքների ներմուծման և արտահանման գործընթաց
  • ուղևորների շարժը երկու ուղղություններով։

«Աշխատանքների ավարտից հետո Կազբեգիի մաքսակետը կվերսկսի իր աշխատանքը սովորական ռեժիմով, 24/7, ամբողջ հզորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիա-Ալանիայի գծով նախարարությունն իր հերթին տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ի ժամը 01:00-ից սահմանը փակ է լինելու «մինչև հետագա ծանուցում»։