Տավուշի մարզում օգոստոսի 5-ին, Աղտսեւ գետում խեղդված երիտասարդ տղամարդու ընկերներից մեկը, որը նույնպես եղել է դեպքի վայրում, վատ ինքնազգացողությամբ տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ ականատես է եղել, թե ինչպես են խեղդվում երկու ընկերները։
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը դեպքից մանրամասներ է հայտնել ֆեյսբուքյան գրառմամբ։ Նա գրել է, որ Իջևան քաղաքից 3 երիտասարդ ընկերներ լողացել են Ազատամուտ գյուղի մոտ գտնվող ջրամբարում։
«Այդ ջրամբարն առկա է ոռոգման նպատակներով վաղուց կառուցված պատվարի մոտ։ Պատվարի մոտ լողանալը վտանգավոր է, քանզի ջրամբարում առկա են մեծ հենասալեր, մեծ քարեր, ջրապտույտ է։ Երիտասարդներից մեկը, տեսնելով, որ ընկերը խեղդվում է, օգնության է նետվել, ինքն էլ է խեղդվել; Խեղդված երիտասարդներից մեկի՝ մոտ 35 տարեկան տղամարդու մարմինը գետից դուրս է բերվել, մյուսին որոնում են Սևանից եկած ջրասուզակները»,– գրել է Ոսկան Սարգսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 15։15-ի շրջանում։