«Օտարերկրյա ազդեցության մասին օրենքը» պահանջում է, որ Վրաստանում գործող ՀԿ-ները և լրատվամիջոցները գրանցվեն որպես օտարերկրյա ազդեցության գործակալներ և ներկայացնեն ֆինանսական հայտարարագրեր:
Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնը նույնպես հասարակական կազմակերպություն է, որը օրենքով պարտավոր է գրանցվել որպես օտարերկրյա գործակալ:
Ի՞նչ գործունեություն է ծավալում Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնը.
Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնը հասարակական կազմակերպություն է, որը 2004 թվականից Նինոծմինդայի երիտասարդությանը հնարավորություն է ընձեռում զարգանալու և ընտրելու իրենց կյանքի ուղին:
Երիտասարդական կենտրոնի ծրագրերն ու նախագծերն օգնում են տեղի երիտասարդներին և կանանց հասնել իրենց նպատակներին, ինտեգրվել հասարակությանը և զարգացնել իրենց հմտությունները: Այստեղ երիտասարդները հաճախում են տարբեր թրեյնինգների, սովորում անգլերեն, բիզնես դասընթացներ տարբեր ծրագրերի շրջանակներում, սովորում են նախագծեր գրել, մասնակցել դրամաշնորհային մրցույթների և հնարավորություն են ստանում բացել սեփական փոքր բիզնեսը, զարգացնել այն առանց իրենց հայրենի քաղաքը լքելու և օգուտ բերել տեղական համայնքին։ Նշենք, որ 2022 թվականի հոկտեմբերին երիտասարդական կենտրոնում մեկնարկել է «Միասնություն բազմազանության մեջ» նոր 5-ամյա ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Վրաստանի ասոցիացիայի կողմից։
«Մեր «Միասնություն բազմազանության մեջ» ծրագիրը ներառում է մասնագիտական զարգացման միջոցառումներ: Մենք գիտելիքներ ենք փոխանցում երիտասարդներին տարբեր ոլորտների մասին և օգնում ձևավորել ապագա մասնագիտության ընտրության գործընթացը: Ծրագրի շրջանակներում երիտասարդները մասնակցում են բազմաթիվ միջոցառումների: Նրանք արդեն տեղում են յուրացնում նոր ուղիներ ու որոշում իրենց ապագա մասնագիտությունը»,- նշում է Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնի գործադիր տնօրեն Իրինա Ղարսլյանը։
Երիտասարդական կենտրոնի գործադիր տնօրեն Իրինա Ղարսլյանիի խոսքով, երիտասարդների ամենամեծ ձեռքբերումներից են ստացած դրամաշնորհները, որոնք օգնել են բացել և զարգացնել սեփական բիզնեսը։
Նշենք, որ երկար տարիների աշխատանքի արդյունքում երիտասարդական կենտրոնն ունի բազմաթիվ շահառուներ։ Կենտրոնի տնօրեն Իրինա Ղարսլյանի խոսքով՝ վերջին 7 տարիների ընթացքում երիտասարդական կենտրոնն իրականացրել է 4 ծրագիր, որոնցում ընդհանուր առմամբ ներգրավվել է շուրջ 1700 երիտասարդ և 800 կին։
«Եթե թափանցիկության օրենքի համաձայն անհրաժեշտ լինի գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, երիտասարդական կենտրոնը չի գրանցվի, և մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները առաջիկայում»,- նշում է Ղարսլյանը։
Ի՞նչ օգուտ են ստանում Երիտասարդական կենտրոնի շահառուները:
Երիտասարդական կենտրոնի շահառուներից է Անգելինա Ղարսլյանը։ Նա 16 տարեկան է, կենտրոն է հաճախում արդեն 3 տարի։ Անգելինայի խոսքով՝ երիտասարդական կենտրոնն իրականացրել է իր երազանքը, և փոքր դրամաշնորհի շնորհիվ նա կարողացել է բացել սեփական բիզնեսը։ Անգելինան ձեռագործ զարդեր է պատրաստում և վաճառում առցանց։ Նա իր բիզնեսն անվանել է «JOJO աքսեսուարներ» (JOJO Accessories):
JOJO Accessories. Լուսանկարը վերցված է «JOJO աքսեսուարների» ինստագրամյան էջից
Մեզ հետ զրույցում Անգելինան նշեց, որ իր համար կարեւոր են բոլոր փոքր հաջողությունները։ Երիտասարդական կենտրոնի օգնությամբ նա զարգացրել է սեփական բիզնեսի կառավարման հմտությունները։ Նա նաև նշում է, որ Թբիլիսիում մասնակցել է բազմաթիվ դասընթացների, որտեղ հանդիպել է և շարունակում է հանդիպել այնպիսի մարդկանց, ում հետ կարող է պարզեցնել հասարակությանը ինտեգրվելու գործընթացը։
«Երիտասարդական կենտրոնը ինձ զարգանալու հիանալի հնարավորություն տվեց, ես կարողացա ձևավորել իմ հետաքրքրությունները և առաջ շարժվելու մոտիվացիա ստացա։ Կենտրոնում անցկացվող թրեյնինգները շատ կարևոր են Նինոծմինդայի բոլոր երիտասարդների համար, քանի որ օգնում են մեզ հասկանալ մեր ցանկությունները և ընտրել կյանքի ապագա ուղին»,- եզրափակում է իր խոսքը Անգելինան։
Նոր կենտրոնի մեկ այլ շահառու է Մզիսա Խմալաձեն։ Նա Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանի ուսանողուհի է։
2019 թվականին Խմալաձեն երիտասարդական կենտրոնում հանդիպել է CENN հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են սոցիալական ձեռներեցությանն առնչվող ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը։ Սա EU4Youth «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) հանուն սահմանամերձ շրջաններում կանաչ աճի համար» համատեղ նախագիծն էր, որը մեկնարկել է CENN Green Lane ՀԿ-ի (Հայաստան) և KRDF (Վրաստան) գործընկեր կազմակերպությունների հետ 2019 թվականի դեկտեմբերին, իսկ 2021-ին Մզիսան արդեն մասնակցության հայտ է ներկայացրել նախագծին։
Մզիսան աշխատելիս
Մզիսայի նախագիծը կոչվում էր «Ռունդ թեյ» (անվանումը գալիս է ջավախքյան «Ըռունդ, ռունդ»- «գեղեցիկ» բառից), և նա ընտրեց Ջավախքում առկա ռեսուրսները՝ որպես իր սեփական ծրագրի հիմնական բնապահպանական թիրախ, այն է՝ Ջավախքի ալպյան գոտու խոտածածկ տարածքները, որտեղից Մզիսան սկսեց թեյ արտադրել: Rund Tea-ն ունի իր սեփական արտադրամասը, որտեղ սարերից հավաքված խոտաբույսերը չորացվում են, այնուհետև փաթեթավորվում և պատրաստվում հաճախորդին առաքելու համար: Մզիսան թեյն իրացնում է ինչպես առցանց, այնպես էլ տեղում՝ անմիջապես գործարանից, այն նաև հասանելի է Նինոծմինդա քաղաքի որոշ մթերային խանութներում:
Rund Tea. Լուսանկարը վերցված է «Ռունդ թեյ»-ի ֆեյսբուքյան էջից
Ո՞րն «Թափանցիկության օրենքի» վտանգը.
2023 թվականին Վրաստանի խորհրդարանը նախատեսում էր ընդունել «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենք։ Այս օրինագիծը նշանակում էր օտարերկրյա պետություններից միջոցներ ստացող ոչ կառավարական կազմակերպություններին և անկախ լրատվամիջոցներին թշնամական ուժեր ճանաչելը։ Օրինագիծը քննադատության է ենթարկվել ինչպես Վրաստանի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով։ Վրաստանի արևմտյան գործընկերները, այդ թվում՝ ամերիկացի սենատորներ և եվրոպացի պատգամավորներ, մտահոգություն են հայտնել այս նախաձեռնության առնչությամբ։ 2023 թվականի փետրվարի 24-ին ամերիկացի դեսպանն այս օրինագիծն անվանեց «ռուսական»։
2024 թվականի ապրիլի 4-ին Վրաստանի խորհրդարանը վերահաստատեց նշված օրինագիծը՝ հանելով «գործակալ» բառը և փոխարինելով «օտար տերության շահերը կրող» բառով։ Նշենք, որ օրինագծի առնչությամբ ապրիլի 4-ից ցույցեր էին տեղի ունենում Վրաստանի խորհրդարանի դիմաց, սակայն մայիսի 14-ին խորհրդարանը երրորդ՝ վերջին ընթերցմամբ պաշտպանեց օրենքը։ Օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած օրենքը պահանջում է, որ շահույթ չհետապնդող կազմակերպությունները (ՀԿ-ները) և անկախ լրատվամիջոցները գրանցվեն որպես օտարերկրյա պետական կազմակերպություններ, եթե նրանց եկամտի ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից։ Որպես այս գրանցման մաս՝ 2023 թվականին ստացված ցանկացած դրամական միջոցների և գույքի աղբյուրը, գումարը և նպատակը պետք է բացահայտվեն:
Օրենքը շատ բանավեճեր և քննադատություններ է առաջացրել, քանի որ այն կարող է էապես ազդել արտերկրից ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործունեության վրա: Այս միջոցառումները նպատակ ունեն բարձրացնելու ֆինանսավորման թափանցիկությունը, բայց նաև մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության և կազմակերպությունների անկախության սահմանափակումների վերաբերյալ:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն IMEDI հեռուստաալիքի եթերում ասել է, որ «ռուս» բառը դարի խարդախություն կոչվող բրենդ է։
«Այն օրենքները, որոնք գործում են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, նախաձեռնվել են Եվրամիությունում և եվրոպական դիրեկտիվ են, շատ ավելի խիստ դրույթներով Ֆրանսիայում և այլ երկրներում. սա կոչվում է ռուսական օրենսդրությո՞ւն: Հունվար ամսին նախորդ տարվա ֆինանսական հայտարարագիր պետք է լրացնեն միայն 20%-ից ավելի միջոցներ ստացող հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները, ուրիշ ոչինչ։ Ինչու՞ է օրենքը ռուսական: Այդ դեպքում ստացվում է, որ բոլորս մեզ ռուսի նման ենք պահում, երբ տարեկան հայտարարագիրը լրացնում ենք ու ամեն ինչ կոպեկների տեսքով ներկայացնում»։
Նշենք, որ «Թափանցիկության մասին օրենքի» ընդունմանը հետևեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի արձագանքը. ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ մտցրեց Վրաստանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների համար և, օրինակ, հուլիսի 31-ին արգելափակեց 95 միլիոն դոլարի օգնությունը Վրաստանի կառավարությանը, ինչպես նաև, որպես վերջին միջոց ԵՄ-ն նախատեսում է կասեցնել առանց վիզայի ռեժիմը։
«Աղմաշենեբելիի ռազմավարության» առաջնորդ Գիորգի Վաշաձեն էլ ասել է, որ «Թափանցիկության օրենքի» հիմնական նպատակը արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների փչացումն է։ ԱՄՆ-ի հայտարարության մեջ ասվում է. «Եթե օրինագիծն ընդունվի, մենք ստիպված կլինենք նպաստել Վրաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխությանը»:
Գիորգի Վաշաձեի խոսքով, «Վրացական երազանքի» նպատակն է սադրել քայլեր, որոնք քննարկվում են ԵՄ-ում և ԱՄՆ-ում Վրաստանի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է 1TV-ն, Վաշաձեն ասել է․
«Իմ ձեռքում երկու փաստաթուղթ կա. Դրանցից մեկը ԱՄՆ 14 սենատորների ստորագրած նամակն է, որտեղ բացահայտորեն խոսվում է հակավրացական գործերով զբաղվողների դեմ պատժամիջոցների մասին, իսկ մյուսը՝ Եվրախորհրդարանի բանաձեւը, որտեղ խոսվում է եվրաինտեգրման գործընթացի և առանց վիզայի ռեժիմի կասեցման և վերացման մասին։ Եթե այս երկու գործոնները գործարկվեն միաժամանակ, ապա Վրաստանը պարզապես կկանգնի տնտեսական կործանման առջեւ, իսկ «Վրացական երազանքը» տանում է սրան։ Ռուսական օրենքի նպատակը հենց դա է»։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 4-ին խորհրդարանում նախաձեռնվել է «Թափանցիկության մասին» ակցիան, որին հետևել են վրացական հասարակության բազմաթիվ բողոքի ակցիաներ ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում։ ԱՄՆ-ը և Եվրամիությունը Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների և հարաբերությունների թուլացման քաղաքականություն են վարում, ինչը, ի վերջո, խոչընդոտում է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։
Օգոստոսի 1-ի դրությամբ բոլոր այն հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնք իրենց տարեկան դրամական միջոցների 20%-ից ավելին ստանում են արտերկրից, պարտավոր են գրանցվել որպես օտարերկրյա կազմակերպություն և լրացնել ֆինանսական հայտարարագիր, հակառակ դեպքում՝ կենթարկվեն տուգանքների և. ծայրահեղ դեպքերում, գույքի բռնագրավման և կազմակերպության լուծարման։