Ապրիլի 4-ից Վրաստանի խորհրդարանի դիմաց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի առնչությամբ ցույցեր էին տեղի ունենում, սակայն մայիսի 14-ին խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ պաշտպանեց «ռուսական օրենքը»։ Այսօր՝ օգոստոսի 1-ին, ուժի մեջ է մտել օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին «Ռուսաստանի օրենքը», որը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել որպես օտարերկրյա շահեր կրող կազմակերպություններ։
Նշենք, որ ռեեստրում գրանցումը պարտադիր է դառնում բոլոր այն կազմակերպությունների համար, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը գալիս է արտերկրից։ Օրենքի համաձայն՝ գրանցման ժամանակ անհրաժեշտ է արտացոլել նախորդ տարում ստացված գույքի ցանկացած քանակի և արժեքի աղբյուրի, չափի և նպատակային նշանակության մասին տեղեկությունները։ Նաև երեկ՝ հուլիսի 31-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգները կասեցրել է վրացական կառավարությանը ավելի քան 95 միլիոն դոլարի չափով օգնությունը։
Ռադիո NOR-ը թեմայի վերաբերյալ հարցում է անցկացրել Նինոծմինդայի բնակիչների հետ․
Հարցվածների կարծիքով՝ ոմանք վտանգ են տեսնում Վրաստանի համար և ասում են, որ Վրաստանը կրկին կարող է դառնալ Ռուսաստանի «զոհը», իսկ ԱՄՆ-ի և Եվրամիության օգնությունը շատ կարևոր է Վրաստանի համար, բայց նաև կարծիք է հնչել, որ վաստակած գումարները և Ռուսաստանում ստացվածն ավելի կարևոր է Նինոծմինդայում բնակվող հասարակ քաղաքացիների համար, և մենք պետք է հավատարիմ մնանք Ռուսաստանի շահերին։
«Չգիտեմ, ես սովորական գյուղի բնակիչ եմ ու չեմ հասկանում։ Այս մասին պետք է հարցնել քաղաքական գործիչներին: Կամ գուցե դա ավելի լա՞վ է», – ասում է Դիլիֆ գյուղի բնակիչներից մեկը։
«Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասեմ, կարծում եմ, Վրաստանը պետք է ունենա իր շահերը և պետք է պաշտպանի դրանք, այլ ոչ թե ստիպի ԱՄՆ-ին և Եվրամիությանը սահմանափակել Վրաստանին հատկացվող օգնությունը, հատկապես՝ դրամական օգնությունը»,- կարծիք է հայտնում Նինոծմինդայի բնակիչը։
«Օրենքն ուժի մեջ մտնելու դեպքում քանի՞ մարդ կկորցնի աշխատանքը։ Քանի՞ մարդ է աշխատում հասարակական կազմակերպություններում։ Բոլորը կմնան առանց աշխատանքի։ Մենք պետք է հեռու մնանք Ռուսաստանից, նույնիսկ խորհրդային տարիներին Ռուսաստանից լավ բան չենք տեսել»,- ասում է Նինոծմինդայի մեկ այլ բնակիչ։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» վերագրանցել էր «Օտարերկրյա պետությունների շահերը հետապնդող կազմակերպությունների մասին» փոքր-ինչ փոփոխված անվանմամբ օրինագիծը Վրաստանի խորհրդարանում: Միացյալ Նահանգները և Եվրամիությունը դեմ են օրենքին՝ նշելով, որ այն հակասում է ԵՄ սկզբունքներին:
Չնայած հազարավոր քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հակազդեցությանը, Վրաստանի խորհրդարանը, այնուամենայնիվ, մայիսի 14-ին ընդունեց այսպես կոչված «ռուսական օրենքը», իսկ մայիսի 28-ին այն հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։
Օրենքի համաձայն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, որոնք ստանում են իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա շահեր կրող կազմակերպություն», հակառակ դեպքում՝ կտուգանվեն: Գրանցումից կամ ֆինանսական հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը պատժվում է տուգանքով՝ 25000 լարիի չափով։ Սուբյեկտը պարտավոր է համապատասխան ինտերնետային էջ մուտք գործելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտը լրացնել էլեկտրոնային եղանակով` Վրաստանի արդարադատության նախարարի կողմից սահմանված ձևին համապատասխան և ներկայացնել գործակալություն: Դիմումի լրացման և ներկայացման պարտավորությունը չկատարելու դեպքում կտուգանվի 10000 լարիով: Նույն արարքը կատարելու համար վերջին անգամ նշանակված վարչական տույժի կիրառումից հետո մեկամսյա ժամկետում արարքի կատարումը շարունակելը առաջացնում է տուգանք՝ արդեն 20000 լարիի չափով։
Այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման կապակցությամբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել պետական պաշտոնյաների դեմ։ Հունիսին հանրությանը հայտնի դարձավ Եվրահանձնաժողովի փաստաթուղթը, ըստ որի, եթե երկրում իրավիճակը չբարելավվի, Եվրոպան պատժամիջոցներ կկիրառի անձնակազմի նկատմամբ, կդադարեցնի ֆինանսական օգնությունը և, որպես վերջին միջոց, ժամանակավորապես կդադարեցնի առանց վիզայի ռեժիմը։