Սպանության մեղադրանքով ոստիկանությունը բերման է ենթարկել Լանչխութիի մունիցիպալիտետի 38-ամյա մի բնակչի։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նրանց տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին «փոխադարձ վեճի հիման վրա»։ Մեղադրյալը 66-ամյա տղամարդուն «մարմնական վնասվածքներ» է հասցրել, որի հետևանքով նա մահացել է։
«Tabula» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ նրա «ոսկորները կոտրված են եղել», և նա մահացել է կտտանքներից։ Մահացածի հարազատները պատմել են, որ մեղադրյալը բռնությունը նկարահանել է սմարթֆոնով։
Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել «տաք՝ օպերատիվ միջոցառումների արդյունքում»։
Tabula-ն սպանությունը կապում է հողամասի շուրջ վեճի հետ։ Ըստ չհաստատված տեղեկությունների՝ ձերբակալվածը նախկին զինվորական է։ Ընտանիքը պատմում է, որ սպանության օրը տուժողը նրան հյուր է ընդունել իր ֆերմայում ու հյուրասիրություն արել։
Հետաքննություն է սկսվել դիտավորյալ սպանության դեպքի առթիվ (Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդված)։ Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով։